ԱԺ հերթական նիստի օրակարգում այս անգամ 37 հարցեր են, որոնցից իսկի 7-ն էլ այս անգամ լուծում չեն ստանա։ Երեկ հազիվ 3-ի քննարկումը տեղի ունեցավ։ Այսօր արդեն միայն կառավարության գործունեության ծրագիրն է լսվելու։ Իսկ չորեքշաբթին նախասահմանված է ընտրական օրենսգրքի քննարկումների համար։ Երեկ քննարկված օրինագծերից մեկն Արմեն Եղիազարյանն «այս տարվա սկզբից 1 ամենակարեւորն» անվանեց։ Սակայն «Պետական սեփականություն համարվող հողերի օտարման մասին» օրենքի վերաբերյալ երեկ բոլոր ելույթ ունեցողներն օրենքին դեմ էին խոսում՝ առաջարկելով այն հետ վերադարձնել կառավարությանը։ Այս խնդիրն այսօր լուծում կստանա, իսկ առայժմ…
Երեկ տեղի ունեցան գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրություններ։ Ընդսմին նաեւ բավական ենթադրությունների տեղիք տվեց Ջեմմա Անանյանը, որը մանրամասն, դեռ սահմանված ժամանակից ավելին էլ օգտագործելով, իր ծրագիրը եւ ապագա անելիքները ներկայացրեց։ Արդեն իսկ վստահ էինք, թե հակառակ իր խմբի ղեկավարի հայտարարության, երկրապահուհի Ջեմմա Անանյանն ինքնաբացարկ չի հայտարարի, երբ նա վկայակոչելով մամուլի հրապարակումները, ըստ որոնց «Երկրապահն» ու «Հանրապետությունը» պաշտպանում էին Գայանե Սարուխանյանին, ասաց. «Հանրապետության» վերաբերմունքը հասկանալի է. իրենց «Շամիրամն» է, պիտի պաշտպանեն։ Անհասկանալի է մնում «Երկրապահի» դիրքորոշումը։ Ուզում եմ հավատացած լինել, որ ոչ թե «Շամիրամն» է արդեն նվաճել հայոց արա գեղեցիկներին, այլ նորընտիր նախագահի ազգային միասնության կոչը թափանցում է նաեւ Ազգային ժողով։ Ուստիեւ, ընդառաջ գնալով խորհրդարանի առողջացման այս ընթացքին, հանում եմ իմ թեկնածությունը»։ Ջեմմա Անանյանը սխալվեց։
Պատգամավոր արա գեղեցիկներից 25-ը դեմ քվեարկեցին «Շամիրամի» համանախագահին, «կողմ» քվեարկած ընդամենը 42-ին կարելի է նվաճված համարել։ Եվ այստեղ բոլորովին գործոն չէր ազգային միասնությունը։ Անգամ այն, որ «Երկրապահ» խմբի ղեկավար Սմբատ Այվազյանը հայտարարել էր Գայանե Սարուխանյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, դարձյալ էական գործոն չէր։ Ոչ որակյալ խորհրդարանական մեծամասնության անկառավարելիության մասին պնդումները մի հիմնավորում էլ ունեցան ի դեմս այս ընտրության։ «Երկրապահի» անդամ պատգամավորներից մեկն էլ արդյունքների հրապարակումից հետո սեփական եզրակացությունը բարձրաձայնեց. «Եվս մի ապտակ»։ 73 «կողմ» եւ 66 «դեմ» ձայներ ստանալով՝ հանձնաժողովի նախագահ ընտրվեց նախկինում «Հանրապետություն» խմբակցության քարտուղար, ՔԴՄ անդամ, 33-ամյա Արամ Մկրտչյանը։ Նրան ամենաջերմը հենց «Շամիրամի» անդամներն էին շնորհավորում՝ մշուշոտ ենթադրությունների տեղիք տալով, որ Արամ Մկրտչյանն ընտրվել է ոչ այնքան «հանուն», որքան «ընդդեմ» սկզբունքների շնորհիվ։
Հավելենք, որ մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ Արամ Մկրտչյանին իր ծրագիրը ներկայացնելիս եւ ոչ ոք ոչ մի հարց չտվեց։ Սակայն միակ ելույթը նրա օգտին էր։ «Թողեք մենք աշխատենք»,- ասաց հենց այդ հանձնաժողովի անդամ Գալուստ Սահակյանը, որը նաեւ դժգոհեց. «Կարծես թե ոչ մեկի համար կարեւորություն չունի այս հանձնաժողովը։ Սա միակ հանձնաժողովն է, որտեղ ի սկզբանե ոչ ոք չէր ուզում ոտնամուտ ունենալ, ըստ երեւույթին գիտակցելով, որ այստեղ հնարավոր չէ ավելի «հնչեղ» ու «վարկանիշային» դառնալ։ Եվ միակ հանձնաժողովն է, որտեղ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնություններ գրեթե չեն լինում»։ Ի դեպ, նոր իշխանությունների՝ մշակույթի հանդեպ վերաբերմունքի եւս մի ապացույցը կառավարության ծրագիրն է, որտեղ այս բաժնին ամենափոքր տեղն է հատկացված։ Հազիվ 10 այս տողերի (ինչպես եւ ամբողջ ծրագրի համար) բնութագրական է խորհրդային շրջանից ծանոթ զեկուցումների ոճը. « Առողջացման գործում չափազանց կարեւոր է ամրապնդման դերը։ Առանձնապես կարեւորվում է պետական երաշխիքների միջոցով հնարավորության սահմաններում մասնակցության ապահովումը։ Կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնելու առաջնային համարելով առավել արդյունավետ մեխանիզմների կիրառումը»։ Ինչեւէ։
Կարդացեք նաև
Հետաքրքիր իրավիճակ է առաջացել նաեւ Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունում։ Մեկ առանձին վերցրած այս կառույցում կոալիցիոն կառավարություն է ստեղծվել՝ իր դաշնակցական նախարարով եւ ՀՀՇ-ական փոխնախարարով։ Վերջին տարիների համար աննախադեպ այս դասավորությունը միակ կանխատեսման նյութ կարող է տալ, թե՝ վաղ թե ուշ ԱԺ պատգամավոր եւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ստիպված է լինելու հեռանալ։ Վերջինս բացասաբար պատասխանեց իր մոտալուտ հրաժարականի վերաբերյալ «Առավոտի» հարցին։ «Ուրեմն, կմնաք այնքան, մինչեւ Ձեզ հեռացնե՞ն»,- մեր հարցին ի պատասխան էլ ասաց. «Վարչապետը հատուկ ասաց, թե ես պիտի մնամ ու աշխատեմ, նաեւ կարեւորելով մեր համագործակցությունն իբրեւ ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավար մարմինների անդամների։ Իմ մնալով փաստորեն ոչ միայն ժառանգականության սկզբունքն է պահպանվում, այլեւ միգուցե մեր ոչ այնքան մեծ առաքելությունն է, որ կարողանանք այս երկու կուսակցությունների միջեւ համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել։ Կարծում եմ, որ հնարավոր է նման խնդիր իրականացնել, մանավանդ որ մշակույթն այդչափ քաղաքականացված չէ։ Ասենք, 6-րդ ամիսն է, ինչ ես փոխնախարար եմ եւ երբեք պարտադրված չեմ եղել կադրային կամ ծրագրային խնդիրների լուծման համար կուսակցական մոտեցումներ ցուցաբերել։ Կարծում եմ, որ պրն Շառոյանի համար էլ է աշխատանքն այդ զզվելի բառի արհեստավարժության հիման վրա ընթանալու, այլ ոչ՝ կուսակցական նկատառումների»։
Այսպիսով, իշխանական բուրգում այժմ կան կուսակցականներ ու արհեստավարժներ (առանձնապես հաճելի կլինի ապագայում համոզվել, որ այդ երկու սկզբունքներն իրոք համատեղվել են)։ Բայց ԱԺ այս վերջին թափուր աթոռի զբաղեցնելուց հետո կարելի է վստահությամբ ասել. այլեւս չարժե կին ղեկավարներ փնտրել իշխանական միջանցքներում։ Մեր տղամարդկանց քիմքին, իրոք, միայն Հրանուշ Հակոբյանն էր հարմար գալիս։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ