Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈԼՈՐԱԿԻ-ի առջեւ չոքած ուղտը

Մայիս 09,1998 00:00
haykaz gkahriyan

Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Հայկազն Ղահրիյանը, որի խմբագրած «Մոլորակ» օրաթերթն արդեն մոտ երկու ամիս է, ինչ լույս չի տեսնում։ Իհարկե, կարելի է ժամերով խոսել Հայաստանում ազատ մամուլի կայացման անհրաժեշտության եւ նույնիսկ հրամայականի մասին, բարձրագոչ արտահայտություններով դա դիտարկել որպես ժողովրդավարական հասարակարգի կարեւորագույն հենասյուն, բայց փաստն այն է, որ ինչպես նկատեց պրն Ղահրիյանը, օրաթերթի փակվելուց հետո միայն երկու ամիս անց ուշադրություն դարձվեց այդ խնդրին։ Եվ հանդիպումն էլ, մեր մեջ ասած, շատ նման էր լրատվամիջոցների կողմից իրականացվող բոյկոտի (ցանկացած նախարարության ցանկացած միջին պաշտոնյայի ասուլիս, անկասկած, եռապատիկ ավելի շատ լրագրող կհավաքեր)։ Ինչո՞ւ է դադարեցվել օրաթերթի տպագրությունը։

Պատճառները (կամ պատճառաբանությունները) զուտ տնտեսական են։ Ըստ պրն Ղահրիյանի, օրաթերթի գոյության չորս տարիների ընթացքում տպագրությունը տարեկան երկու անգամ նույն պատճառաբանությամբ դադարեցվում էր։ Որպես կանոն, դա տեղի էր ունենում հետեւյալ սցենարով. տպարանին պարտքեր ունենալու պատճառով մի քանի թերթեր փակվում էին, բայց հետո բոլորը վերաբացվում էին՝ բացի «Մոլորակից»։ Այս անգամ խմբագիրը նպատակահարմար չէր գտել աղմուկ բարձրացնել ընտրական շրջանում՝ ըստ երեւույթին այն պարզ գիտակցությամբ, որ դա կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։ Իսկ այն հարցին, թե շատ թերթեր պարտքեր ունեն տպարանին, ինչո՞ւ է փակվել միայն «Մոլորակը», խմբագիրը պատասխանեց. «Լավ չի՞, որ միայն մերն է փակվել»։

Ինչ վերաբերում է ընդհանրապես մամուլի ազատության խնդիրներին, ապա, պրն Ղահրիյանի կարծիքով, մամուլը Հայաստանում ավելի ազատ է, քան, ասենք, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, իսկ որպես չորրորդ իշխանություն, այն Հայաստանում թերեւս ավելի լավ է ձեւավորված, քան մյուս իշխանությունները։ Ըստ նրա, Հայաստանում հնարավոր է տպագրել անկախ թերթ (ճիշտ է՝ միայն տեսականորեն)։ Չարաբաստիկ 1,8 մլն դոլարի մասին, որն իբր տրամադրվել է միջազգային կազմակերպությունների կողմից որպես գրանտ՝ Հայաստանում ազատ մամուլին աջակցելու նպատակով, «Մոլորակի» խմբագիրը լսել էր միայն թերթերի հրապարակումներից, ճիշտ այնպես, ինչպես լսել էր նաեւ, թե ժամանակին (1994թ.) պետնախարար Արմենակ Ղազարյանը պետք է պետական ֆոնդերից միջոցներ հատկացներ ԶԼՄ-ներին, բայց այդ գումարները կորել էին։ Եղե՞լ են արդյոք կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, որոնք ցանկություն են հայտնել հովանավորել «Մոլորակ» օրաթերթը։ Պրն Ղահրիյանը առանց կոնկրետ անուններ տալու նշեց, որ նման բանակցություններ միշտ էլ եղել են, եւ դա նորմալ է, բայց կոնկրետ ՀՅԴ-ի դեպքում (ժամանակին նման լուրեր էին շրջում) բանակցություններ չեն ընթացել։ Որպես կանոն, թերթն ինքնուրույն է հաղթահարել դժվարությունները եւ այս անգամ էլ հույս ունի դուրս գալ ծանր վիճակից։ Չնայած տեւական դժվարություններին, աշխատակազմի կորիզը պահպանվում է։

Ի՞նչ է կատարվում իրականում։ Խմբագրի կարծիքով, իշխանությունների փոփոխություններից հետո, փաստորեն, բոլոր կառույցներն ու մեխանիզմները պահպանվել են, եւ այսօր գործում է այն նույն համակարգը, որը ստեղծվել է դեռեւս նախորդ իշխանությունների օրոք։ Նոր իշխանությունները դեռ պետք է ապացուցեն, որ իրենք մտադիր են փոխել համակարգը։ Առայժմ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, հետեւաբար դեռեւս չի կարելի խոսել իշխանական համակարգի մասին։ Ի դեպ, ժամանակին բազմաթիվ թերթեր (այդ թվում՝ «Մոլորակը») հաճույքով իրենց էջերը տրամադրում էին փակված թերթերին։ «Մոլորակին» առայժմ նման առաջարկ չի արվել, մինչդեռ դա կարող էր լուծել գոնե աշխատակազմը պահպանելու խնդիրը՝ մինչեւ ավելի լավ ժամանակներ։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031