Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մայիս 08,1998 00:00
Alvard Barxudaryan

Գրեթե մեկ տարի առաջ «Առավոտի» «Հարկ՝ հայրենիքը լքելու համար» հրապարակումը ՊՆ-ի բարձր ուշադրությանն արժանացավ, որից հետո լրագրողների ու նախարարության միջեւ ոչ ավանդական համագործակցության քայլեր արվեցին: Ցավոք, այսքանով բավարարվեցինք թե մենք, թե բարձր «զինուժը»: Ինչեւէ: Սարդարապատի տարելիցի առիթով օրերս եղանք Ապարանում: Այստեղ Բաշ-Ապարանի ճակատամարտը հավերժացնող հուշարձանի մոտ զայրացկոտ մի տղամարդ մոտեցավ ինձ, բողոքելով, թե իրեն՝ 47- ամյա Վլադիմիր Ասատրյանին, «ուչյոտից» չեն հանում ու պատմեց իր պատմությունը:

Հինգ տարի առաջ հեռացել է Հայաստանից, Գորկիում, Վորոնեժում, ռուսաստանյան էլի ինչ-որ քաղաքներում «Չիբիս» ձեռնարկություն անվանմամբ «գործ ա դրել»: Թե ինչ է «դրել»՝ չիմացա, բայց Ասատրյանն ասաց, որ մոտ 300 հայ /դարձյալ Հայաստանից/ այդ «Չիբիս»-ում են աշխատում: Ինքը՝ Վլադիմիրը, լավ տներ է առել Ռուսաստանում ու լավ էլ փող է աշխատում, սակայն տեղի իշխանությունները պահանջում են, որ Ապարանում գրանցումից դուրս գա ու գրանցվի ներկայիս բնակության վայրում: Իսկ դրա համար նա պետք է նախեւառաջ զինվորական հաշվառումից դուրս գա: Բողոքող Ասատրյանի վկայությամբ՝ Ապարանի զինկոմը, որեւէ հիմք չունենալով, այնուամենայնիվ, հաշվառումից նրան հանել չի ուզում: Մեր զրույցի ժամանակ թեթեւակի ակնարկվեց նաեւ հաշվառումից դուրս գալու դիմաց «կաշառք ուզելու» հարցը: Բայց հանգամանքը հստակեցնելու մեր խնդրանքին Ասատրյանը չարձագանքեց, ինչից եզրակացրինք, որ կաշառքի առաջարկը կարող է բոլորովին էլ տեղի չի ունեցել:

«Ես Հայաստանում ապրողը չեմ, ինձ որ «լոկատորով» էլ ման գան, մեկ ա, չեն պահի Հայաստանում: Ես հարյուր դոլարով էստեղ չեմ աշխատելու»,- վերջում, որպես սպառնալիք, ասաց տակավին Հայաստանի քաղաքացի ու նախկին ապարանցի Վլադիմիր Ասատրյանը: «Բա մեզ այսպիսի քաղաքացիներ պե՞տք են»,- մտածեցի ես, ակամա հիշելով անցյալ տարվա «Առավոտում» մեր հրապարակումը, որը գրեթե նույն առիթով էր գրված եւ որը ՊՆ-ի բարձր ուշադրությանն էր արժանացել: Ապարանում՝ տոներից առաջ Սարդարապատի հերոսամարտի 80- ամյակը տոնելու օրացույցը հետեւյալն է՝ մայիսի 24-ին Ապարանում, 26-ին՝ Ղարաքիլիսայում, 28-ին` Սարդարապատում: Քանի որ կառավարական հանձնաժողովի նախագահը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ «այս գործն անպայման գլուխ կգա»:

Ինչ գնով էլ լինի

Մայիսի 3-ին Ապարանում անցկացված հերթական նիստին քննարկվեցին տոնական միջոցառումները կազմակերպելու եւ անցկացնելու հարցերը: Այս նպատակով կառավարությունը տրամադրել է 30 մլն դրամ, որից 3 մլն՝ Ապարանին: Սակայն տրամադրված միջոցներից /որքան հասկացանք նիստի ընթացքից/ դեռ ոչ մի դրամ ոչ Արագածոտնի մարզպետարանն է ստացել, ոչ էլ, առավել եւս՝ Ապարանի քաղաքապետարանը: Բայց աշխատանքներն արդեն սկսվել են, որովհետեւ մինչեւ տոները գրեթե օր չի մնացել, իսկ տոնակատարությունը պիտի անցնի շատ բարձր մակարդակով:

Ժամանակավորի ու մնայունի միջեւ

Նիստը, ինչպես նախատեսված էր, սկսվեց ժ.12-ին: Սկզբից քննարկվեցին հուշարձանին վերաբերող հարցերը: Բաշ-Ապարանը հավերժացնող կոթողը կառուցվել է 30 տարի առաջ, 88-ի երկրաշարժից այն վնասվել է /մի քանի քար պոկվել, ընկել է/ ու այսօր նորոգման խիստ կարիք ունի: Հուշարձանի վարպետը՝ 56-ամյա Հայկ Հովհաննիսյանը, հիմնականի կողմնակիցն էր, ինչը անելու սակայն ոչ միջոցներ, ոչ էլ ժամանակ կար: «Սյունը փախած ա, պատը ծռվել ա, ու «մասկիրովկա» անել չի լինի»,- ասաց վարպետը: «Կարգին շարեիք՝ չծռվեր»,- զայրացավ մարզպետը: «Դուք էլ կարգին շինեիք՝ երկրաշարժը չքանդեր»,- նեղացավ վարպետը: Այս բանավեճին վերջ դրեց փոքր-ինչ ուշացումով ներս մտած Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը: Շինարարական գիտելիքներ ու հմտություն ցուցաբերելով՝ նա գտավ, որ հիմնական նորոգումը հետագայի հարց է:

«Պաչինկի դար ա, ամեն ինչ պաչինկա ենք անում»,- իրատեսություն ու պրագմատիզմ ցուցաբերելով՝ ասաց պրն Պետրոսյանը: Իսկ քիչ անց մնացածներին էլ ապացուցեց, որ անհնար բան չկա, թերեւս «անհնարը թազա պսակվելն է» ու կարծես համոզեց վարպետին՝ հօգուտ «մասկիրովկի» տարբերակի: Տհաճ մի դրվագ արձանագրվեց հիշյալ նիստում՝ ներս մտավ ռազմական ոստիկանության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, թե նիստին մասնակցել չի կարող, քանի որ «լճում դիակ են գտել»: Սակայն սա չանդրադարձավ քննարկման ընթացքին: Իսկ քննարկվող հարցերը հետեւյալն էին՝ հուշարձանի նորոգման ու նրա տարածքի բարեկարգման /հոսանքի, ասֆալտի,բեմի, ամֆիթատրոնի, զուգարանի հարցեր/, խմելու ջրի, սոլյարայուղի, քաղաքի բարեկարգման, Ապարանում բացվող թանգարանի, ճանապարհների, թատերականացված ու մարզական ներկայացումների, գեղարվեստական խմբերի, հրավառության, անվտանգության ապահովման եւ այլն եւ այլն:

Եթե Պաշտպանության նախարարությունն օգնի

Պետք է ասել, որ փոխնախարարի ներկայությունը բավական աշխուժություն հաղորդեց նիստի ընթացքին: Այսպես, երբ խոսք գնաց սուղ միջոցներով նման աշխատանքներ կատարելու անկարելիության մասին, Ալիկ Պետրոսյանը հիշեց 96-ի մայիսը, Պավել Գրաչովի եւ ռուս պատրիարք Ալեքսիյ Երկրորդի Հայաստան գրեթե համատեղ այցելության նախօրեն: Հանկարծակի հիշվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձանի վերանորոգման անհրաժեշտության մասին: Այն ժամանակ զանազան մասնագետներ հսկայական գումարներ էին պահանջում՝ հուշարձանը տեսքի բերելու համար, իսկ ՆԳ փոխնախարար Վարյանը «մի օրում արեց, միլիցիա-վարպետներով. «եթե չեք անում,- ասաց,- միլիցայությունից հանում եմ»,- անցյալը հիշեց փոխնախարարը: Այստեղ նիստի անդամները մի պահ լռեցին՝ ակնարկը, կարելի է ասել, թափանցիկ էր:

«Քաղաքի բարեկարգումը փող չի պահանջում, իսկ լույսի հետ կապված հարցերով կօգնենք»,- ի պատասխան տրամադրված նվազ գումարների՝ ասաց փոխնախարարը: Հիշեց «կոմսոմոլ» ժամանակները, երբ շատ բան ձրի էր արվում: Այս իմաստով կոմսոմոլի դերն այսօր կարծես բանակն է կատարում. նիստի ժամանակ մի քանի անգամ հնչեց՝ եթե պաշտպանության նախարարությունն օգնի: Միջոցառումներին տրամադրվող վառելիքից մինչեւ «կովրալիտը», ապակիներ, գեղարվեստական խմբեր եւ այլն՝ բանակը, ավելի ճիշտ՝ ՊՆ-ն իր վրա է վերցրել:

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Սարդարապատի հերոսամարտի առիթով կազմակերպվելու է պլակատների վաճառք-ցուցահանդես: Այս նպատակով նկարիչ Հակոբ Հակոբյանը նախարարությանն է նվիրել իր «Սարդարապատի ճակատամարտը» կտավը /2 x 1.80 մ/, իսկ Ապարանում /Բաղրամյան փողոցում/ թանգարան է բացվելու: Նիստից հետո տեսանք շենքը /նախկինում՝ գրադարան/, որը ժամանակավորապես ծառայելու է այս նպատակներին: Դժվար է պատկերացնել, բայց այդ քարուքանդ շենքը /թերեւս դարձյալ բանակի օգնությամբ/ մայիսի 20-ին պիտի նորոգված-պատրաստ լինի ցուցանմուշները տեղավորելու եւ թանգարան դառնալու համար: Այս ու էլի շատ բաների ականատեսը եղանք Ապարանում, խոստանալով նաեւ հետեւել նախապատրաստական աշխատանքներին, անշուշտ, ոչ միայն այն պատճառով, որ Պաշտպանության նախարարն ինքը ակնկալիք ունի մամուլից՝ աջակցություն:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031