Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԱՆԸՆԿՃԵԼԻ ՎԱՐԿԱՌՈՒ ՀՈԳԻՆ

Մայիս 08,1998 00:00
varker

Պետք է, որ նկատած լինեք՝ մեր պատգամավորները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են երկրի տնտեսության վիճակով։ Ամեն անգամ, երբ վարկային պայմանագիր է ներկայացվում, նրանք հայտնի տիպի հրճվանքով վավերացնում են այն։ Վավերացնում են ու հետո զարմանում, որ երկրի արտաքին պարտքը գնալով աճում է։ Այսօր ամենադժվար խնդիրը ոչ թե արտաքին պարտքերը վերադարձնելն է, այլ՝ այդ պարտքի չափը որոշելը։ Պետական տարբեր օղակներ պարտքի խիստ տարբեր թվեր են ներկայացնում։ Դրանք 30-40 մլն դոլարի տատանում ունեն։ Թվային տարբերությունից բացի, կան տարաբնույթ մեկնություններ։ Եթե պետք է այդ խնդիրը թեթեւ ներկայացնել՝ պետական պաշտոնյան երկրի արտաքին պարտքը կներկայացնի մեկ շնչին ընկնող բնակչի հաշվով։ Հանրապետությանն էլ բնակչություն՝ Աստված տվել չի խնայել, պաշտոնական տվյալներով հանրապետությունում բնակվում է մոտ 3 մլն 800 հազար մարդ։ Իսկե եթե այդ խնդիրը բարդացնել է պետք՝ արտաքին պարտքը համեմատվում է բյուջեի հետ։ Տարեկան բյուջեն էլ՝ հավաքես-չհավաքես, պոետի ասած նույն կոտրած տաշտակն է։

Պետական պաշտոնյան պոետ չէ։ Նա պարբերաբար, որպես հերոսություն ու սխրանք է ներկայացնում բյուջե հավաքելը։ Ու պատկերացրեք, մեր արտաքին պարտքը երկու անգամ գերազանցում է այդ հերոսական աշխատանքին։ Որքան էլ մեթոդաբանական հնարքներ բանեցվեն, միեւնույն է՝ արտաքին պարտքը ստույգ թիվ է։ Իշխանության տարբեր օղակների տարբեր թվերը տվյալ օղակի արհեստավարժության (լավ բառ է, չէ՞) չափանիշ են։ Արտաքին պարտքի սպասարկման (մարման) ներկայացվող գրաֆիկը հրապարակվել է Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի կողմից։ 1997-2008 թթ. արտաքին պարտքի մարման գումարները մեծ են, որովհետեւ այդ տարիներին պարտքերը վերադարձնելու են ե՛ւ ՀՀ կառավարությունը, ե՛ւ ՀՀ Կենտրոնական բանկը։

Միջազգային վարկերի «թունդ» ծավալներին զուգահեռ, պետական իշխանության տարբեր օղակներ սկսել են հետաքրքրվել, թե ինչպես են կնքվում վարկային պայմանագրերն ու ինչպես են ծախսվում վարկային միջոցները։ Նույն Վերահսկիչ պալատը 3-4 վարկի օգտագործում է ուսումնասիրել եւ բոլորում էլ խախտումներ է արձանագրել։ Վարկային պայմանագրերի նկատմամբ այս տարի աճող հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Սահմանադրական դատարանը։ Մինչ այդ ՀՀ ցանկացած առողջ քաղաքացու մեջ կարող էր տպավորություն ստեղծվել, թե վարկերի նկատմամբ որոշակի ստրատեգիական քաղաքականություն մշակված չէր։ Միջազգային վարկ վերցնում էր, ով կարողանում էր եւ ումից հաջողացնում էր։ Ու այդ պատկերացումը կարող էր հաստատվել, երբ ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը Մայրուղիների ծրագրի վարկի մասին։

Որոշումը հայտարարում է՝ «պայմանագրերն ստորագրվել են ոչ իրավասու մարմնի կողմից եւ դրանց ներկայացվող պահանջների խախտումներով»։ Նույն Սահմանադրական դատարանը գյուղատնտեսական վարկերից մեկի մասին իր որոշման մեջ արձանագրում է՝ «իրականացվելիք ծրագիրը միջոցների փոշիացման եւ ոչ նպատակային օգտագործման ավելի մեծ ռիսկ է պարունակում»։ Փաստորեն, վարկերի փոշիացման մասին արդեն իրավաբանական փաստաթղթեր կան, բայց առայժմ չկան իրավաբանական հետեւանքներ։ Հետաքրքիր է նաեւ Առողջապահության ֆինանսավորման եւ առողջապահության պահպանման զարգացման ծրագրի տակ վերցվող վարկը։ Չկա առողջապահության ոլորտի վերափոխումների հստակ ծրագիր, բայց անզուսպ ու անընկճելի ձգտում կա այդ գործի համար վարկ վերցնելու։ ՍԴ-ն ստիպված եղավ պետական մարմիններին հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ «յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք»։ Նույն ՀՀ օրենքը՝ «բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» խոսում է անվճար բուժօգնության մասին։ Հետեւաբար պետք չէ չափից շատ ոգեւորվել նեոլիբերալ վճարովի անհամակարգ համակարգ ձեւավորելու գործում։

Պատկերը համարյա անմխիթար է։ Արդեն պետական ատյաններն են արձանագրում, որ չկա վարկ վերցնելու նպատակային հստակ քաղաքականություն, արդեն վերցված վարկերը արդյունավետ չեն օգտագործվում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ համարյա բոլոր վարկերի գծով ուսուցողական նպատակով գումարներ են նախատեսված։ Այդ գումարների, ասել է թե՝ մեր պարտքի հաշվին, թանկ վճարվող արտասահմանյան մասնագետները ուսումնական դասընթացներ են կազմակերպում վարկը «ծախսող» մեր մասնագետների համար։ Դրանք կազմակերպվում են, վարկերը ծախսվում են, արտաքին պարտքերը՝ մեծանում։ Իսկ մենք մնում ենք բոլորիս հայտնի տաշտակի առջեւ, «մեր անընկճելի վարկառու ոգով զօրացեալ»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031