Մեր թերթի մայիսի 1-ի համարում «Ընտրությունը նախագահինն է» հրապարակման մեջ տեղ էր գտել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանից հետեւյալ մեջբերումը. «Միանշանակ է, որ Շահվերդյանն անգործության է մատնել թատրոնը։ Հնարավոր է, որ նրան փոխարինի Սոս Սարգսյանը կամ մեկ ուրիշը»։ Գեղամ Մանուկյանն այժմ հերքեց, թե մեր թղթակցին հարցազրույցում նման բաներ է ասել. «Մեր կուսակցությունն, ի տարբերություն նախորդ իշխող կազմակերպության, չի էլ փորձում առաջին իսկ պահից թատրոնների կամ կրկեսների ղեկավարներ նշանակել։ Այդ առումով, որեւէ խոսակցություն Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի փոփոխման վերաբերյալ չի եղել։
Ընդհանրապես, Ավետիս Բաբաջանյանն այդ մտքերի փոխանակության ժամանակ (կդժվարանայի այն հարցազրույց կոչել) խախտել է լրագրողի մասնագիտական տարրական նորմերը։ Մեր ողջ զրույցը նա ոչ ձայնագրել է, ոչ՝ գրառումներ կատարել, ոչ էլ հետո փորձել՝ իմ խոսքերից մեջբերումները ճշտել ու համաձայնեցնել։ Վերջին 3 տարվա ընթացքում մենք այնքան ենք հոգնել դատավարություններից, որ այս անգամ ուղղակի նորը սկսելու եւ պատիվ պահանջելու ցանկությունն իսպառ բացակայում է»։
Ա. Ի.