Տորթը՝ պուպուշ, գաթան՝ քըխ
«Չեմ կարծում, որ կոռեկտ է իբրեւ փոխնախագահի թեկնածու ձախողվելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնին համաձայնելը՝ դա մանկամտություն եմ համարում: Հումորով նկատեցի, թե չեմ կարծում, որ եթե ինձ տորթից բաժին չի հասել, պիտի գաթային համաձայնեմ»։
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Առավոտ», 7 մայիսի
Ինչ խոսք, մեր պապերը (ոչ առանց հումորի, իհարկե), մեզ ավանդել են, որ ավելի լավ է մեծամիտ լինել եւ տորթ ուտել, քան մանկամիտ լինել եւ գաթա ուտել։ Չբացառելով մանկամիտների սերը տորթի հանդեպ եւ բացառելով մեծամիտների սերը գաթայի հանդեպ։
Կարդացեք նաև
ԿԱ՛Մ… ԿԱ՛Մ…
«Ճիշտ կլինի, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչող առաջին երկիրը լինի Ադրբեջանը, երկրորդը՝ Հայաստանը, իսկ Լիբանանը լինի երրորդ երկիրը»։
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼՂՀ վարչապետ, «ՀՀ», 7 մայիսի
Եթե Ադրբեջանն այս տարբերակին, այնուամենայնիվ, չհամաձայնի՝ կարելի է նրան առաջարկել հետեւյալ տարբերակը. ա) Հայաստանի անկախությունը համարել անճանաչելի, բ) Հայաստանը ճանաչել ԼՂ անկախ հանրապետության անբաժանելի մաս։
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
«Առայժմ, իմ կարծիքով, մենք ավելի շատ կարիք ունենք ընդդիմադիր լինելու հարկային տեսչությանը, քանի որ շատ հարցերում մեր մոտեցումները տարբերվում են եւ համաձայնեցման կարիք ունեն»։
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՀ վիճակագրության, պետռեգիստրի եւ վերլուծության նախարար, «Ազգ», 7 մայիսի
Պարոն Ստեփանյանը կառավարության մեջ ընդդիմություն եւ իշխանություն ձեւավորելու գործընթացի հիմքն է ազդարարում։ Այս տրամաբանությամբ Ներքին գործոց նախարարությունն ընդդիմադիր կլինի Արտաքին գործոց նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Քաղաքաշինության նախարարությանը: Կստեղծվի Պաշտպանության նախարարությանն ընդդիմադիր Հարձակման նախարարություն։ Ընդ որում, մշակույթը կընդգրկվի ՊՆ կազմում, որը կկոչվի ՊՄՆ (Պաշտպանության եւ մշակույթի նախարարություն), իսկ սպորտը՝ ՀՆ կազմում, որը կկոչվի ՀՍՆ (Հարձակման եւ սպորտի նախարարություն)։ Հ. Գ. Բասկետբոլի վարչության պետը կարգավիճակով հավասար կլինի ՀՀ նախագահի ավագ խորհրդականին (ավագ մարզիչ)։
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այս իննամսյա շրջանում ստիպված եմ եղել ճեղքեր փակել, մեծ ցնցումներից խուսափել»:
ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն, «Երկիր», 7 մայիսի
Կախարդական ժամկետ է այդ ինն ամիս ասվածը. ոմանք, զանազան ճեղքեր բացելով՝ ցնցումներով երեխա են բերում, ոմանք, հակառակը, զբաղված են լինում ճեղքեր փակելով ու ցնցումներից խուսափելով:
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ