Քաղաքական գործընթացների այսօրվա դրսեւորումներից մեկն էլ այն է, որ կուսակցությունները ընդլայնված նիստեր են գումարում՝ վերջին ամիսներին տեղի ունեցածն արժեվորելու եւ առաջիկա անելիքները որոշելու նպատակով։ Գործընթացը սկիզբ առավ ՍԻՄ-ի ընդհանուր ժողովից, եւ, կարծես թե, շարունակություն ունեցավ մայիսի 7-ին Ազգային-ժողովրդավարական միության գումարած կուսակցական խորհրդի ընդլայնված նիստով։ Անտեղյակ մարդն էլ այդ օրը կհասկանար, որ ԱԺՄ-ում մայիս 7-ը սովորական օր չէ։
Բազմամարդ էր կուսակցության շքամուտքի առջեւի տարածքը։ Տարբեր շրջաններից ու մարզերից բազմաթիվ ԱԺՄ-ականներ էին ժամանել։ Ընդմիջմանը երկար որոնեցինք հիմնական զեկուցմամբ հանդես եկած Սեյրան Ավագյանին, սակայն այդպես էլ անհնար եղավ նրան գտնելը՝ նույնիսկ Դավիթ Վարդանյանի գործուն միջամտությունից եւ հետեւողական որոնումներից հետո էլ։ ԱԺՄ-ական մյուս հայտնի գործիչներից մի քանիսը հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել ընդլայնված նիստի գումարման անհրաժեշտությունը, իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնելով նաեւ, որ խորհրդի նիստի առաջին կեսին մասնակից չեն էլ եղել։ Այնուամենայնիվ, եղավ մեկը, որ, էլի առանց իր անունը նշելու, մոտավորապես ներկայացրեց ԱԺՄ խորհրդի ընդլայնված նիստի գումարման հիմքերը։
Այսպես՝ կուսակցությունը մեծանում է, ինչը բազմաթիվ ու բազմապիսի նոր խնդիրների պատճառ է դառնում։ Ամեն մարզ ու տարածք ունի սեփական առանձնահատկությունները, ուստի այս պահին առաջնային են կուսակցական կառույցները որտե՞ղ, ինչպե՞ս ղեկավարելուն վերաբերող խնդիրները։ Հիմնականում կազմակերպչական խնդիրներ են քննարկվում, որոնք առաջ են քաշում տարբեր մարզերից ժամանածները։ Նախագահական ընտրություններից հետո ԱԺՄ-ին անդամագրվելու մեծ շարժ է նկատվում նաեւ։ Բազմաթիվ մարդիկ են դիմել կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով։ ԱԺՄ-ն պետք է որոշակիացնի տեսակետները խնդրո առարկայի նկատմամբ, իսկ շարքերի համալրումը պահանջելու է, որպեսզի նոր աշխատաոճ որդեգրվի, իսկ դրա համար էլ նոր կառույցներ, նոր բջիջներ են անհրաժեշտ։ Բացի այդ, ԱԺՄ-ի խորհրդի ընդլայնված նիստը քաղաքական որոշումներ առնելու հանձնառություն ուներ։
Ըստ էության, պետք է որոշակիացվեր, թե ի՞նչ ուղղվածություն է վերցնում կուսակցությունն առաջիկա քաղաքական զարգացումների շրջանակում։ Եղել են առաջարկություններ նաեւ կուսակցական ղեկավարության կազմը թարմացնելու վերաբերյալ։ ԱԺՄ-ականները չեն խուսափել նաեւ խնդիրներն ամենայն մերկությամբ քննարկելու պրակտիկայից։ Կուսակցական ստրատեգիան նորացնելու ու փոփոխությունների ենթարկելու մասին նույնպես խոսվել է։ Ինչպես «Առավոտին» մատուցեց զրուցակիցս, ԱԺՄ խորհրդի ընդլայնված նիստում առողջ քննարկումների մթնոլորտ էր, ըստ էության մարդիկ համակարծիք էին, եւ չկար որեւէ ծայրահեղ դրսեւորում։ Դուրս գալով ԱԺՄ-ի ընդլայնված նիստի տիրույթներից եւ «պտույտ կատարելով նրա շուրջ», արձանագրենք եւս երկու կարեւոր հանգամանք. ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը բարձրաձայնեց, որ հասունանում է իր՝ «Առավոտ» այցելելու որոշումը։
Կարդացեք նաև
Նշենք, որ նա անցյալում «Առավոտի» հետ աչքով աչք չուներ։ Իսկ ո՞րն է Ֆիլարետի ներկայիս դիրքորոշման պատճառը։ Վերջինիս բացատրությամբ՝ որովհետեւ Արամը (նկատի ունի «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին) աստիճանաբար ճիշտ հունի մեջ է մտնում։
Ասենք նաեւ, որ ԱԺՄ-ի ընդլայնված նիստի մասին առայժմ որեւէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հաղորդել, թեպետ՝ դրա հնարավորությունը կար։ Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ սեղաններին դրված տրցակով թղթերից կարող է օգտվել ցանկացած ոք, անկախ նրանից՝ լրագրող է, կուսակցական, թե՝ պատգամավոր։ ԱԺՄ-ում եւս սեղանների վրա այդպիսի տրցակներ էին «բազմել», ինչը, մեր կարծիքով, քաղաքակիրթ սկզբունքի որդեգրման դրսեւորում էր։ Մինչդեռ հայթայթված թղթերը ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը հետ պահանջեց, քանի որ դրանք վերցնելու թույլտվություն որեւէ մեկից չէի հարցրել։ Իսկ որեւէ մեկ ասելով, մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում՝ Ալեքսանդր Բուտաեւը իրեն նկատի ուներ։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ