Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական հարաբերությունների լույսն ու ստվերը

Մայիս 06,1998 00:00
hay vracakan

Լույսի մասին խոսելու կարիք առանձնապես չկա։ Հայտնի է, որ Հայոսն ու Քարթլոսը հարազատ եղբայրներ են եղել, որ պատմության ընթացքում հայ եւ վրացի ժողովուրդները բազմիցս կողք կողքի պայքարել են օտարերկրյա զավթիչների դեմ (հայ-վրացական հակամարտությունների մասին պատմաբանները, որպես կանոն, խոհեմաբար լռում են), եւ այլն։ Խորհրդային տարիներին այդ հարաբերություններն արտահայտվում էին սովորաբար միայն կենացներով եւ մեկ էլ «Արարատ»- «Դինամո» ֆուտբոլային խաղի ժամանակ շիկացող կրքերով, իսկ վեճերն ավարտվում էին նրանով, որ հայերն ասում էին, թե վրացական տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, իսկ վրացիները՝ թե Լոռին իրենցն է։

Այս ամենն, իհարկե, չէր խանգարում, որ երկու ժողովուրդների միջեւ շարունակվեն իսկապես բարեկամական հարաբերությունները։ Անկախության ձեռքբերումից հետո երկու պետությունները, բնականաբար, շարունակեցին ավանդական հարաբերությունները, բայց ժամանակները փոխվել էին։ Արտաքուստ հարաբերությունները մնացին նույն «եղբայրական-կենցաղային» մակարդակի վրա, իսկ «ներքուստ» միասնական տունը քայքայվում էր։

Դեռեւս 1989-90-ական թթ. վրացական մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ, որոնցով Լոռին հռչակվում էր վրացական տարածք՝ «ժամանակավորապես» միացված Հայաստանին, իսկ Ջավախքը՝ մշտական ռումբ Վրաստանի ներսում։ Հետո Վրաստանում սկսեցին «անհետանալ» Հայաստան մտնող գազը, բեռնատար գնացքները եւ այլն։ Այսպես, միայն 1995 թ. հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում «կորել» է Հայաստանի համար նախատեսված մոտ 600 միլիոն խորանարդ մետր գազ (մոտ 47 մլն դոլար արժողությամբ)։ Վրաստանի օրական եկամուտը գազի տրանզիտի դիմաց հասնում է 40 հազար դոլարի, երկաթուղուց ստացվող տարեկան եկամուտը՝ 35-40 մլն դոլարի։ Կար ժամանակ, երբ Թբիլիսին թաղված էր լույսերի մեջ, իսկ Երեւանում խավար էր։ Դա այն ժամանակ էր, երբ Հայաստան մտնող գազամուղը Վրաստանի տարածքում պայթեցվում էր շաբաթական մի քանի անգամ, եւ քանի որ դրա դեմ հնարավոր չէր պայքարել, Վրաստանում կային գործարաններ, որոնք աշխատում էին հայկական գազով՝ փոխարենն իրենց արտադրանքը տալով Հայաստանին։

Այս փաստերը, տնտեսական առումով ծանր վիճակում դնելով Հայաստանին, այնուհանդերձ առանձնապես չփչացրին հայ-վրացական հարաբերությունները։ Դրանք շարունակեցին մնալ պատշաճ մակարդակի վրա, նույնիսկ այն բանից հետո, երբ վրացական բանակը առանձնահատուկ դաժանությամբ էր վերաբերվում Աբխազիայի հայաբնակ գյուղերին, եւ նույն կերպ էլ վարվում էր աբխազահայության «Բաղրամյան» ջոկատը, կամ երբ Թբիլիսիում սկսեցին հերթով վրացականացվել հայկական եկեղեցիները։ Եվ Հայաստանի, եւ Վրաստանի իշխանությունները գերադասում էին այդ ամենը դիտել միջպետական հարաբերությունների շրջանակից դուրս՝ պետությունների միջեւ պահպանելով անխաթար եղբայրական հարաբերություններ։ «Մանրուքների» առաջ աչք փակելու այդ գործելակերպը միանգամայն ձեռնտու էր Վրաստանին եւ այլընտրանք չուներ Հայաստանի համար։

Ներկայումս իրավիճակը փոխվել է, եւ Վրաստանի ներքաղաքական հարաբերական կայունությունը խիստ նվազեցնում է «մանր անախորժությունների» հավանականությունը։ Դրա փոխարեն, գնալով իրարից հեռանում են Հայաստանի եւ Վրաստանի պետական շահերը։ Վրաստանն իր ողջ արտաքին քաղաքականությունը կառուցում է կասպյան նավթամուղն իր տարածքով Թուրքիա անցկացնելու նպատակի շուրջ՝ միաժամանակ խնդիր ունենալով աբխազական հակամարտությունը կարգավորել Ռուսաստանին դուրս մղելու ճանապարհով։ Այս երկու գերխնդիրներն էլ ենթադրում են, որ հայ-վրացական հարաբերությունների «սառեցումը» անխուսափելի է։

Առայժմ դա միայն ուրվագծվում է, քանի որ, ինչպես նշված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՊՀ երկրների ինստիտուտի պատրաստած հաշվետվությունում, Վրաստանն առայժմ չի ցանկանա վատացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նախ իր տարածքային ամբողջականության խնդիրը վերջնականապես լուծված չէ, եւ երկրորդ՝ նավթամուղն առայժմ գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ Հայաստանից Վրաստանը ստանում է միանգամայն իրական էլեկտրաէներգիա, որից հրաժարվելը դժվար կլինի։ Խնդիրն արդիական է նրանով, որ «վիճակը նետված է», եւ ի մեծ տհաճություն Ռուսաստանի, վերջնականապես որոշվել է սկսել Վրաստանի տարածքով անցնող նավթամուղի շինարարությունը։ Այդ ծրագրի իրականացմանը կարող է խանգարել միայն «հրաշքը» (այլ կերպ ասած՝ Վրաստանի ներքին կայունության վերացումը)։ Խնդիրն այն է, թե այս անգամ ո՞վ է լինելու այդ «հրաշքի» նախաձեռնողը։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031