Երեւանի արվարձաններում տասնյակ կիսակառույց բազմահարկ շենքեր վաղուց արդեն անօթեւան շների կացարան են դարձել, մինչդեռ քաղաքի կենտրոնական թաղամասերում, մեկ էլ տեսնում ես, մի քանի ամսվա ընթացքում, մի շքեղ շենք է հայտնվում։ Խորհրդային տարիներից մնացած այդ կիսակառույցները հազիվ թե երբեւէ կառուցվեն. փող չկա։ Որքան էլ ցավալի հնչի, ստիպված ենք արձանագրել, որ Երեւանն անհեռանկարային, իսկ զարգացման առումով՝ նույնիսկ անհույս քաղաք է։ Դա ապացուցելու համար պետք է ընդամենը նշել, որ Երեւանում բնակարանները շատ ավելի էժան են, քան դրանց ինքնարժեքը։ Այլ կերպ ասած, բնակարանային շինարարությունը տնտեսական առումով վնասաբեր է։ Բացի, թերեւս, քաղաքի կենտրոնական փոքր մասից, որտեղ բնակարանային շինարարությունը գուցեեւ արդարացված է։ Իսկ ծայրամասերում անավարտ բազմահարկերն այդպես էլ չեն կառուցվելու, մանավանդ որ եղածը տարիների ընթացքում քայքայվել-ժանգոտել է։
Մինչդեռ այդ շենքերի մեծ մասի բնակարանների տերերը հայտնի էին, շատերի օրդերները՝ բաժանված։ Կառավարության մի որոշմամբ այդ կիսակառույց շենքերը հանձնվել են ապագա տերերին՝ որպես սեփականություն։ Ըստ գործող օրենքի, կիսակառույց են համարվում այն շինությունները, որոնց համար հողահատկացում է կատարվել, եւ որոնք ունեն նախագիծ։ Այսինքն՝ տեսականորեն մարդը բնակարան ունի այն շենքի 14-րդ հարկում, որի միայն հիմքն է գցված։ Պետությունը պարզապես օձիքն ազատել է կիսակառույցներից։ Դրանցով զբաղվում են թաղապետարանները։ Ավելի ճիշտ՝ պետք է զբաղվեն։ Ենթադրվում է, որ որեւէ շենքի ապագա բնակիչները պետք է հավաքվեն, փող դնեն եւ ավարտին հասցնեն շենքի կառուցումը։ Բայց առայժմ այդպիսի դեպք չի արձանագրվել։
Իսկ ինչպե՞ս է այն մարդկանց վիճակը, որոնց սեփական տները ժամանակին քանդել են՝ հետագայում բնակարան տալու պայմանով, բայց շինարարությունը, հայտնի պատճառներով, դադարեցվել է։ Դրանով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն, այսօր 437 ընտանիքներ այդ վիճակում են։ Անցած տարի շահագործման է հանձնվել մեկ շենք, այս տարի՝ նախատեսվում է երկուսը, իսկ մինչ այդ՝ ոչինչ էլ չի կառուցվել։ Խնդիրը բարդ է նաեւ այն պատճառով, որ ժամանակին մարդիկ, ովքեր նախօրոք իմանում էին, որ իրենց տունը «քանդման ենթակա» է, իրենց բարեկամ-ազգականներին գրանցում էին այդ տանը, որ հետո բոլորը բնակարան ստանան։ Ստացվում էր մի իրավիճակ, երբ մի տուն քանդելու համար հետո պետք էր լինում մի ամբողջ շենք կառուցել՝ բոլորին տեղավորելու համար։ Բայց, միեւնույն է, 437 ընտանիք, որոնց հիմնական մասն ունի համապատասխան պայմանագիր, այսօր սպասում է իր հերթին։
Ինչպիսի՞ն է վիճակը վթարային շենքերում։ Հայտնի է, որ երկրաշարժից տուժել է ոչ միայն աղետի գոտին, այլեւ՝ Երեւանը։ Աջափնյակում, օրինակ, կան շենքեր, որտեղ, ըստ քաղաքապետարանի մասնագետների, պարզապես վտանգավոր է ապրելը։ «Բայց մարդկանց չենք կարողանում համոզել ազատել բնակարանները,- ասում է քաղաքապետարանի կոմունալ շինարարության վարչության պետը։- Առաջարկում ենք ժամանակավոր կացարաններ՝ նույն թաղամասում, բայց մարդիկ դուրս չեն գալիս։ Չեն վստահում»։ Իհարկե, չեն վստահում։ Շատերը հեռանալու պատճառ չեն տեսնում, շատերը գերադասում են բնակարանի դիմաց՝ փող ստանալ, շատերն էլ պարզապես չեն ուզում «նաղդը թողած՝ նիսիայի հետեւից ընկնել»։
Կարդացեք նաև
Իսկապես, եթե Երեւանում բնակարան կառուցելն ավելի թանկ է, քան գնելը, ինչո՞ւ մարդկանց չվճարել գումարը։ Իսկ եթե պետությունը պետք է միայն տեղափոխի վթարային շենքերը (այլ կերպ ասած՝ շինանյութին փող չտա), ապա չի՞ կարելի, արդյոք, օգտագործել տասնյակ կիսակառույցների կոնստրուկցիաները։ Մեկ է՝ փչանում են։
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ