Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԻԵԼ ՏԱՐՇԻՍ. «ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԱՆԵԼԻՔ ԿԱ»

Մայիս 06,1998 00:00
evraxorhurd

Եվրոպայի խորհրդի հրավերով Ստրասբուրգ մեկնած լրագրողներն իրենց վրացի եւ ադրբեջանցի գործընկերների հետ միասին բազմաթիվ հանդիպումներ ունեցան եվրոպական այդ հեղինակավոր կառույցի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մեկն էլ եվրոպական քաղաքական խոհանոցում մեծ հեղինակություն վայելող գործիչ, ազգությամբ շվեդ Դանիել Տարշիսն է, որը զբաղեցնում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նրա հետ հանդիպումը սկսվեց հայ լրագրողների հարցերով։

-Պարոն Տարշիս, ի՞նչ եք կարծում, ե՞րբ են անդրկովկասյան հանրապետությունները, եւ ի մասնավորի Հայաստանը, հնարավորություն ունենալու դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ։

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ այս հարցում չկա որեւէ գրաֆիկ։ Հուսով եմ, որ այդ գործընթացը հնարավորինս շուտ կհասնի իր վախճանակետին։ Ասեմ միայն, որ այս խնդրի շուրջ համագործակցությունը աստիճանաբար ավելի արագ տեմպեր է հավաքում։ Հարկ է նկատի առնել հետեւյալ հանգամանքը. Եվրոպայի խորհրդի կազմի մեջ մտնելն ինքնին որեւէ վճռորոշ նշանակություն չունի։ Կարծում եմ, որ շատ ավելի աշխատանք է հնարավոր անել նաեւ մինչեւ մեր կազմակերպության անդամ դառնալը։

Առկա են բազմաթիվ բաց կոնվենցիաներ, համաձայնագրեր, պայմանագրեր, գոյություն ունեն համագործակցության բազմաթիվ ձեւեր, որոնք մատչելի են բոլորի՝ այդ թվում եւ Եվրոպայի խորհրդի ոչ անդամ երկրների համար։ Գոյություն ունի՝ այսպես ասենք, մշակութային համագործակցության կոնվենցիա։ Դա, ըստ էության, հովանոց է բազմաթիվ մշակութային ծրագրերի համար։ Մեր կողմից իրականացվող աշխատանքի շուրջ 1/3-ը հենց այդ հովանու տակ էլ կատարվում է։ Եթե չեմ սխալվում, անդրկովկասյան երեք հանրապետություններն արդեն իսկ այդ ոլորտում գործունեություն ծավալում են եւ ունեն անդամության կարգավիճակ։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ արդեն իսկ շատ ու շատ բաներ անդրկովկասյան հանրապետությունների համար հասանելի են։ Կարծում եմ, որ աշխատանքների ծավալներն աստիճանաբար ավելի ու ավելի կմեծանան։ Նորից կրկնեմ՝ թեպետ անդրկովկասյան հանրապետություններին Եվրոպայի խորհուրդ ընդունելու որեւէ գրաֆիկ գոյություն չունի, սակայն, դրանով հանդերձ, կարծում եմ, որ հարկավոր է համատեղ աշխատանքն էլ ավելի եռանդուն իրականանացնել։

-Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունի Եվրոպայի խորհուրդը եվրոպական անվտանգության հարցերում։

-Հիսուն տարի առաջ, երբ հիմնադրվում էր Եվրոպայի խորհուրդը, մեր կանոնադրության մեջ գրվել է, թե որ ոլորտներում եւ ինչ կարող է անել այս կազմակերպությունը։ Արվել է ընդամենը մեկ վերապահում։ Խոսքը հենց ռազմական ոլորտին էլ վերաբերում է։ Մեր կանոնադրությունը չի նախատեսում, որ Եվրոպայի խորհուրդը պետք է զբաղվի ռազմական հարցերով։ Սակայն, դրանով հանդերձ, հարկ եմ համարում նշել՝ վերջին 5-6 տարիներին Եվրոպայի խորհրդում աստիճանաբար ավելի լուրջ բնույթ են կրում անվտանգության խնդիրներին վերաբերող խոսակցությունները։ Խոսվում է հետեւյալը. այսպես թե այնպես, Եվրոպայի խորհուրդը եվրոպական անվտանգության մեջ դերակատարություն ունի, մանավանդ որ անվտանգությունը բավականին լայն հասկացություն է եւ զուտ ռազմական ոլորտի տերմինաբանության մեջ չի տեղավորվում։ Անվտանգությունը նաեւ քաղաքացիական հասարակություն, հասարակական հոգեւոր կլիմա, փոխադարձ հարգանք եւ բազմաթիվ նման արժեքներ է նշանակում։ Այդ առումով Եվրոպայի խորհրդին բավականին կարեւոր դեր է վերապահվում եվրոպական պետությունների համակեցության հիմունքների ու սկզբունքների մշակման գործում։

Եվրոպայի խորհրդի գոյության պատմության ընթացքում երկու գագաթաժողով է կազմակերպվել։ Մեկը՝ 1973 թվականին, Վիեննայում, իսկ երկրորդը՝ 1997 թվականին, այստեղ՝ Ստրասբուրգում։ Մեր առաջին սամիթի ժամանակ ընդունվեց հռչակագիր, ուր ասված է՝ Եվրոպայի խորհրդի ամենակարեւոր նպատակը Եվրոպայում ժողովրդավարական արժեքների տարածումն է, ժողովրդավարական պետությունների գոյությանն ու զարգացմանը նպաստելը։ Իսկ դա, ըստ էության, ժողովրդավարական անվտանգություն է նշանակում, ինչը հետեւողական աշխատանք է պահանջում Եվրոպայում կայունության եւ անվտանգության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Այդ ճանապարհն անցնում է իրավական բարեփոխումների, քաղաքական, իրավական եւ օրենսդրական հաստատությունների ամրապնդման միջով։

-Իսկ որքանո՞վ են եվրոպական համագործակցության վրա ազդում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների հակասությունները։

-Այդ խնդրի հետ մենք վաղուց ենք բախվում։ Պատահական չէ, որ Եվրոպայի խորհուրդը հենց այստեղ՝ Ստրասբուրգում է գտնվում։ Սա քաղաք է, որը երկար ժամանակ կռվախնձոր է եղել գերմանացիների եւ ֆրանսիացիների միջեւ։ Եվրոպայի խորհրդի ստրասբուրգյան հասցեն ընտրվեց այն նպատակով, որպեսզի նախ, մի կողմից հաշտություն կայացվի երկու հին հակառակորդների միջեւ, իսկ մյուս կողմից էլ, ըստ էության, փորձարկվեց եվրոպական համակեցության մի տարբերակ։ Այնպես որ, մենք այս խնդիրներին բախվել ենք հենց սկզբից։ Մեր նպատակն է նպաստել փոխադարձ ըմբռնողության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը։ Եվրոպայում եւս առկա են հին հակամարտություններ, ուստի պատահական չէ, որ խորհրդարանական վեհաժողովում այդպիսի հարցեր հաճախակի են քննարկվում. պետք է գոհունակությամբ ասեմ, որ առկա են որոշակի հաջողություններ։ Մենք այստեղ նաեւ պետությունների քաղաքական պատմության ուսումնասիրությամբ ենք զբաղվում, համադրում ենք տարբեր երկրների ներկայացրած վարկածները, որպեսզի իրերի առավել իրական պատկերն ունենանք։ Հիմա Եվրոպայում կան միջպետական տարածքներ, որոնք ակտիվ համագործակցություն են ծավալում։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել. այդպիսի մի տարածք գոյություն ունի Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, մյուսը՝ Ռումինիայի եւ Հունգարիայի, մեկ այլը՝ Լատվիայի, Էստոնիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Այսպիսի փոքրիկ միջտարածաշրջանային համագործակցության ավելի քան 50 գոտի գոյություն ունի Եվրոպայում։ Այսպիսի համագործակցությունները համատեղ առաջընթացի նպատակ են հետապնդում։

-Պարոն Տարշիս, գոյություն ունի՞ արդյոք որեւէ ծրագիր, որը համագործակցություն է նախատեսում անդրկովկասյան հանրապետությունների միջեւ։

-Իհարկե, մենք Կովկասի վերաբերյալ ծրագրեր ունենք։ Դրանք իրականացվում են եվրոպական միության հանձնաժողովների օգնությամբ եւ աջակցությամբ։ Անդրկովկասի վերաբերյալ կան մի շարք ծրագրեր, որոնք իրականացնում ենք այդ երեք պետություններին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելուն նախապատրաստելու շրջանակում։

-Իսկ ի՞նչ ֆինանսական օգնություններ են նախատեսվում անդրկովկասյան երկրների տնտեսությունների զարգացման համար։ Չէ՞ որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանի պետությունները մշտապես տնտեսական վատ վիճակում լինեն (այս հարցը տվեց հանդիպմանը ներկա վրացուհի մի լրագրող)։

-Այստեղ հարցը պետք է այլ կերպ դնել։ Եվրոպական տարբեր կառույցների միջեւ բավականին մեծ տարբերություններ կան։ Եվրոպայի խորհուրդն իբրեւ կազմակերպություն, բավականին աղքատ է եւ չի զբաղվում նյութական օգնության հարցերով։ Սակայն, համաեվրոպական կառույցների շարքում գոյություն ունի Եվրոպական միությունը, կան զուտ ֆինանսական կառույցներ, զորօրինակ՝ Ներդրումների եվրոպական բանկը եւ այլն, որոնք, հիմնականում, նյութական օգնության հատկացմամբ են զբաղվում։ Մենք հակված ենք առավելապես գործունեություն ծավալել մտավոր օժանդակության ոլորտում։

-Իսկ ի՞նչ կասեիք անդրկովկասյան հանրապետություններում, մասնավորապես Վրաստանում, մարդու իրավունքների պաշտպանվածության մասին։

-Պետք է ասեմ, որ առկա են դրական միտումներ։ Ասենք՝ Վրաստանում եւ Ադրբեջանում, որքան ինձ հայտնի է, արդեն իսկ հրաժարվել են մահապատիժն իբրեւ իրավական նորմ ունենալու գաղափարից։ Հայաստանում էլ, որքան տեղյակ եմ, նույն գործընթացը բավականին առաջ է գնացել։ Իմ կարծիքով, սա դրական զարգացում է։ Հարկ է նշել նաեւ հետեւյալ փաստը. նախկինում խորհրդային 15 հանրապետություններից 4-ը՝ Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Էստոնիան պաշտոնապես մերժել են մահապատիժը, իսկ մնացած 11 հանրապետություններից 10-ն էլ գործնականում չեն իրականացնում դատարանների կողմից մահապատիժներ սահմանող դատավճիռները։ Բացառությունը միայն Բելառուսն է, իսկ այս ամբողջի հանրագումարը, վերջին հաշվով, նշանակում է, որ 14 պետություն հրաժարվել է մահապատժից։ Դա մեծ քայլ է դեպի առաջ։ Իհարկե, առկա են նաեւ այլ խնդիրներ։ Խոսքը բանտային հաստատությունների վիճակի մասին է։

Նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում, բանտերի պայմանները պարզապես սարսափելի են։ Խնդիրներ կան նաեւ դատական համակարգի բարեփոխման ոլորտում. այս վերջինը մեզ համար առաջնային հարց է։ Այդ է պատճառը, որ մենք եռանդագին աշխատում ենք նորակազմ պետությունների հետ, որպեսզի նրանց դատական համակարգերը կատարելագործվեն։ Իհարկե, վերջին հաշվով, կարելի է ասել, որ բազմաթիվ առաջընթաց քայլեր կան կատարված, բայց դեռեւս շատ բան էլ պետք է արվի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031