Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն ուշադրության, ինչո՞ւ չէ՝ նաեւ համբերության համար

Մայիս 06,1998 00:00
orensgirq

Սա երեկ ծափերով ընդունված «Քաղաքացիական օրենսգրքի» վերաբերյալ Վլադիմիր Նազարյանի զեկուցման գրավոր տեքստի վերջին նախադասությունն էր։ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննվեցին օրակարգում նախատեսված բոլոր 11 հարցերը։ Բացառությամբ «Դեղերի մասին» օրինագծի (որի քվեարկությունը հետաձգվեց) մնացածը՝ 100-ից ավելի «կողմ» ձայներով ընդունվեցին։ Իհարկե, ավանդույթի համաձայն, այդ թիվը «դաշնամուրային» քվեարկության միջոցով էին ապահովում դահլիճում ներկա հազիվ 60 պատգամավորները։ Եվ ինչպես լինում է բարդ օրինագծերի քննարկման ժամանակ՝ հարցերը եւ ելույթները գրեթե իսպառ բացակայում էին։

«Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարությունների մասին» կամ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքներն այնպիսին չեն, որ յուրաքանչյուրը հասկանա, թե խոսքն, ի վերջո, ինչի մասին է։ Ի տարբերություն, ասենք, «Վետերանների մասին» օրենքի։ «Քաղաքացիական օրենսգրքի» ու նաեւ դատաիրավական բարեփոխումների փաստացի ավարտի առնչությամբ երեկ հրավիրված ճեպազրույցում Վլադիմիր Նազարյանին այս հարցն էլ ուղղեցինք, թե պատգամավորների անտեղյակության շնորհիվ այս օրենսգրքի ընդունումը նման հարթ ընթա՞ցք ունեցավ, թե՞ այնուամենայնիվ սկզբունքային վեճերն ու տարաձայնություններն այլեւս հաղթահարված էին նախնական բուռն քննարկումներից հետո, որոնց ընթացքում գործը երբեմն անգամ անձնական վիրավորանքների էր հասել։

«Պատգամավորներն, անշուշտ, տեղյակ էին»,- չհամաձայնեց պրն Նազարյանն՝ առանձնացնելով պետաիրավական եւ ֆինանսավարկային հանձնաժողովներին։ Իսկ հեշտուհանգիստ ընդունումն այսպես պատճառաբանվեց, թե օրենքի մշակման 3 տարիների ընթացքում «ընդդիմախոսների առջեւ դռները միշտ բաց են եղել», օրենսգիրքը 6 անգամ միջազգային փորձաքննությունների է ենթարկվել, «քաղաքացիական իրավունքի բնագավառի համաշխարհային հեղինակություն ունեցող գիգանտներ» են իրենց ավանդը ներդրել այս օրենսգրքի մշակման եւ կատարելագործման աշխատանքում։ Միջազգային փորձաքննությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի նախագիծը ճանաչվել է լավագույնը՝ ԱՊՀ անդամ պետություններում գործող եւ դեռեւս մշակման փուլում գտնվող քաղաքացիական օրենսգրքերի շարքում։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում Վլադիմիր Նազարյանն այս օրինագիծը «ամենայն հայոց քաղաքացիական օրենսգիրք» էր անվանել։

Այս ճեպազրույցում դրա կարեւորությունն ընդգծելու համար այլ համեմատությունների դիմեց՝ «սա բարեկեցիկ, ազատ, անվտանգ եւ արժանապատիվ ապրելու Աստվածաշունչն է», «տնտեսական կյանքի Սահմանադրությունը»։ Ինչպես միշտ, պրն Նազարյանի խոսքը խիստ պատկերավոր եւ կենդանի էր։ Ասենք, ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքի» վերաբերյալ որոշ դիտողություններ, թե «մի շա՜տ լուրջ հիմնարկի կողմից» առաջարկվել է մահվան մասին դրույթները մի առանձին հոդվածում ամփոփել. «բայց նրանք մոռանում են, որ այս օրենսգիրքը հուղարկավորության մասին չէ»։ «Մենք գրել ենք, որ եթե կնքված գործարքը օրենքի պահանջներին չի հակասում, ապա այն վավեր է։ Մեզ առաջարկում էին գրել, որ գործարքը չպիտի հակասի նաեւ բարոյականության պահանջներին, սոցիալիստական բառը չէին ուզում ասել, իհարկե, որ կա նախորդ օրենսգրքում։ Մի հարեւանի կնիկ ունենք՝ տիկին Էմման, որ գալիս է մեր տուն, հենց մինի յուբկայով աղջիկ է տեսնում, ասում է՝ «սա գիտես, որ … է»։ Այ ախչի, ասում եմ, այ կնիկ, կարող է կարգին երեխեք են։ Ասում է՝ «Չէ, ոնց թե»։ Հիմի դատավորն էլ պիտի նստի ու այդպես գնահատի՞, թե գործարքդ օրինական չի, որովհետեւ հակասում է բարոյականության նորմերի՞ն, ո՞ւմ բարոյականության, Էմմայի՞, ի՞մ»։

Վլադիմիր Նազարյանի խոսքից չենք կարող չմեջբերել նաեւ սահմանադրական մոտալուտ փոփոխությունների վերաբերյալ անընդհատ հնչող հայտարարություններին տրված «ահաբեկչություն» որակումը։ «Հասկացանք, հա՛, ամեն մի սահմանադրություն էլ կարելի է փոխել, կատարելագործել։ Բայց մի այնպիսի «թափ» են առել որոշ մարդիկ, իրենց կարոտախտով, հին, ստալինյան դատական համակարգին վերադառնալու իրենց ձգտումով»,- այս որակման դրդապատճառները հետո «Առավոտին» պարզաբանեց պրն Նազարյանը։ Մի խոսքով, շատ ուրախ ճեպազրույց էր, որից «սահուն» անցանք «Երկրապահի» կազմակերպած մերձեցման յուրօրինակ երեկոյին։

Մամուլի օրվա առնչությամբ խորհրդարանական ամբիոնից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանն էլ էր լրագրողներին շնորհավորել, իսկ մեծամասնություն կազմող խմբի ներկայացուցիչները (կարծես թե նախաձեռնությունը «Երկրապահի» նորընտիր ղեկավար Սմբատ Այվազյանինն էր) «բրիֆինգանոցում» սեղան էին գցել՝ շամպայն, թխվածք, շոկոլադ, մրգեր։ Երկրապահուհի Հերմինե Նաղդալյանը կանխատեսեց, թե մամուլն այս միջոցառման մասին գրելու է, որ պատգամավորները օրինաստեղծ աշխատանքի իրենց պարտականությունը կատարելու փոխարեն լրագրողների հետ ուտել-խմելով էին զբաղված։

Պատգամավոր Հովհաննես Ահարոնյանն ամենն այլ լույսի ներքո ներկայացրեց՝ իբրեւ լրագրողներին դահլիճից հեռացնելու հաջողված խորամանկ փորձ։ Իհարկե, կատակ էր, թե չէ քննարկվողը «Քաղաքաշինության մասին» երկրորդ ընթերցմամբ ներկայացված անշառ օրենքն էր։ Հնարավոր մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ շնորհակալությամբ ընդունելով շնորհավորանքի բոլոր խոսքերը, հաճույքով ճաշակելով հյուրասիրությունը, այնուամենայնիվ, ասացինք, որ այսպիսով «Երկրապահ» խմբի նկատմամբ գնահատականները միայն դրականի չեն փոխվելու (Սմբատ Այվազյանը հակադարձեց. «Ինչքան շատ գրեք՝ այնքան ուժեղանալու ենք»), եւ ընդհանրապես զգուշացրինք, որ լրագրողներս «ուտող-ուրացող» ենք։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031