Հայաստանի տնտեսական կյանքում եղանակ ստեղծող գործարարներից մեկի՝ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ էր երեկ հանդիպում կազմակերպել «Մամուլի ազգային ակումբը»։
Աբո ձյաձյան չո՜րս որդի ունի
Սուքիասյանների ընտանիքը՝ Ալբերտ Սուքիասյանն ու նրա չորս որդիները, որոնք իրենց կոմերցիոն գործունեությունը սկսել են 85 թվականից, մեկ տարի առաջ հիմնել են «Սիլ» (Սուքիասյանս ինթերնեշընլ լիմիթիդ) կոնցեռնը, որն ընդգրկում է արդյունաբերական, առեւտրի ու սպասարկումների ոլորտի մի քանի տասնյակ հաստատություններ։ Նրանք տնօրինում են նաեւ «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի գերակշիռ մասը։
Արտաքին տվյալներ
Կարդացեք նաև
Ով չգիտի, ասեմ, որ Խաչատուր Սուքիասյանը 37 տարեկան է։ Համաստեղությամբ՝ կույս։ Արտաքինից՝ բավական համակրելի, «ներքինից» ինքնավստահ տղամարդ է։ Ունի հումորի զգացում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Խաղատներ չի այցելում (համենայնդեպս՝ Հայաստանում)։ Ունի թիկնապահներ, որոնք հսկում են տունը։ Եկեղեցի հաճախում է, բայց ոչ հաճախ (ժամանակը փող է-Լ. Ա.)։ Վետերոկներ չի սիրում, չի էլ գնում։ Շատ է սիրում Արմեն Եղիազարյանին։ Հագնվում է կոկիկ: Ունի անհանգիստ ու պրպտող բնավորություն, մարդկանցից շուտ է հիասթափվում։
Քաղաքականությո՞ւնն է որոշում տնտեսությունը Խաչատուր Սուքիասյանն ամենեւին էլ այն կարծիքին չէ, որ Հայաստանում քաղաքականությունն է թելադրում տնտեսությունը, քանի որ աշխատող, գործուն տնտեսության վրա քաղաքականությունն ազդել չի կարող։ Օրինակ՝ «Սիլ» կոնցեռնն այսօր ունի մի քանի հազար աշխատող, որոնք, ի դեպ, ստանում են 50-3000 դոլար աշխատավարձ։ Երեք «ոչ» «Առավոտի» այն հարցին, թե նրա մտքով չի՞ անցնում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, դառնալ պատգամավոր, հնչեց կտրուկ «ոչ» պատասխանը։ Ի դեպ, այսօրվա խորհրդարանի մասին պրն Սուքիասյանը շատ տխուր կարծիք ունի։ Նրան նախորդ եւ ներկա իշխանությունները որեւէ պաշտոն չե՞ն առաջարկել։ Ո՛չ։ Ինքը չի՞ հավակնում որեւէ պաշտոնի։ Ո՛չ։
Որքան հարկ են մուծում պետությանը, կամ «էս պետությունից բան թաքցնել չի լինի»
-Կարելի է ասել, որ եթե 98-ին 10 մլն դոլարի հասնեմ, շատ հպարտ մարդ կլինեմ։ Խնդրում եմ, մի հատ հաշվեք բյուջեն եւ հաշվեք, թե 10 մլն դոլարը քանի տոկոս կկազմի։ Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, ասեմ, որ Հայաստանում կա երկու խնդիր. մեկը պետական կազմակերպություններն են, որոնք դեռ չեն սեփականաշնորհվել (ահավոր, շատ վատ վիճակում են այդ կազմակերպությունները), եւ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են համապատասխան տնտեսական գործունեությամբ, բայց գրանցված չեն որպես ֆիրմա։ Վերջիններս հարկ չեն մուծում։ Այսօր մեզ պետք է ե՛ւ բյուջե, ե՛ւ տնտեսավարող սուբյեկտների զարգացում։ Երկու երնեկ մի տեղ չի լինում։ Այնպես որ, հարկային դաշտը պետք է ձեւավորվի՝ հաշվի առնելով այս փաստը։ Հարկային քաղաքականություն՝ նշանակում է իրականացնել ընդունված օրենքը։ Իսկ հարկային մոտեցում ասելով՝ պետք է հասկանանք, որ արդեն հարկային տեսչությունը պիտի ուրույն մոտեցում դրսեւորի համապատասխան կազմակերպության հանդեպ։
Հարկային բեռը հեչ ծանր չի, հե՛չ
Ըստ պրն Սուքիասյանի՝ հարկային բեռը ոչ թե թեթեւացել է, այլ մոտեցել միջազգային չափանիշներին։ Օրինակ՝ շահութահարկի մեր օրենքը եւ Եվրոպայում գործող ներկայիս օրենքն իրարից չեն տարբերվում։ Իսկ բանկային համակարգի բեռի թեթեւացումը նկատելի է։ Եվ դա արվել է այն պարզ պատճառով, որ Հայաստանը երկու հազարից ավելի արտադրական եւ կենցաղսպասարկման օբյեկտներ է սեփականաշնորհել, որից հետո արժեթղթերի շուկա այդպես էլ չի ձեւավորվել։ Իսկ «Հայէկոնոմբանկը» պրն Սուքիասյանին օգնում է հասկանալ մեր երկրի տնտեսական վիճակը՝ ովքեր են վարկեր վերցնում, այդ վարկերն ինչ նպատակի են ծառայում։ «Մենք այդ բանկից գումարներ չենք վերցնում։ Մենք կողմ ենք միջին բիզնեսի զարգացմանը։ Վերջերս ասել եմ, որ մեծ գումարներ տալ պետք չէ։ Պետք է տալ փոքր գումարներ, որ զարգանա փոքր ու մեծ բիզնեսը։ Եթե մեկը հիմնավորված բիզնես-ծրագիր բերի, եւ տեսնենք, որ այդ բիզնեսն աշխատող է, պրոբլեմ չկա, ինչքան գումար հարկավոր է, կհատկացվի»։
Հիմա ամուր մեջք պե՞տք է, թե՞ պետք չէ
– Ես կասեմ իմ կարծիքը։ Բոլոր լրագրողներդ Հայաստանում երկար ժամանակ ապրել եք, բոլորի հետ շփվել եք, ընկերներ ունեք, հարեւաններ ունեք։ Իշխող կուսակցություններում կամ էն իշխող մարդկանց մեջ շատ հաճախ են փոփոխություններ եղել։ Եղել են գործարարներ, որոնք եւ ոչ մեկի օրոք վերելք չեն ապրել։ Մենք՝ հայերս, բողոքական բնավորություն ունենք, վիճող բնավորություն ունենք։ Կարդացեք իմ կենսագրությունը. 80-ականներին, ես չգիտեմ՝ ու՞ր էին արդեն անցած իշխանությունները, երբ ես միութենական լավագույն գործարանում աշխատում էի եւ ունեի մեծ հաջողություններ։ Կրակն ընկա՞նք, որ էդպես ստացվեց։ Ես պրոբլեմ չունեմ՝ ով ոնց ուզում է, թող մտածի, բայց լավ կլինի ավելի առողջ դատել։
«93-ին եմ բարեկամացել Վանոյի հետ»
-Բարեկամացանք։ Պարզ պատճառով. գիտեք, որ եղբորս քենակալն է։ Ես Վանոյի մասին իմ կարծիքը չեմ փոխում՝ ինքը մեր շատ լավ բարեկամն է։ Իսկ 92-93-ին մենք՝ անկախ ամեն ինչից, ամենալավ վիճակում էինք։ Եթե բոլորը վատ էին, մենք մի քիչ լավ էինք։ Եթե բոլորը մի քիչ լավ էին, մենք մի քիչ ավելի լավ էինք։ Դա ամենալավ ժամանակաշրջանն էր. մարդկություն կար, կարգ կար, կանոն կար։ Անկեղծ եմ ասում՝ մարդիկ ավելի ջերմ էին։
Որքան է «Սիլի» դրամագլուխը
– Չեմ կարող ասել, քանի որ փողը հիմա պտտվում է, բիզնեսի մեջ է։ Մոտավոր՝ մի քանի միլիոն դոլար։ Ամսական։ Հա, ինչ-որ էդքան կլինի։
– Կա՞ Հայաստանում որեւէ ոլորտ, որը կցանկանայիք գնել, տնօրինել։
– Ո՛չ։ Իմ կարծիքով՝ ժամանակ է պետք, որ հասկանան՝ ինչ է նշանակում սեփականատեր։ Օրինակ՝ դուք ինքներդ էլ պիտի աջակցեիք Հայաստանի չգործող գործարանի զարգացմանը։ Բայց ես ինչքան հասկացա, մամուլը դրան չի աջակցում։ Ես խնդրում եմ բոլորիդ. բոլորդ լրագրող եք, բարձրագույնավարտ եք, ինչո՞ւ չեք վերցնում ու հարցը վերլուծում մինչեւ վերջ։ Ասենք, ինչի՞ չեք վերլուծում, թե ովքեր են էդ Սուքիասյանները։ Գնացեք՝ հարեւաններ կան, բարեկամներ կան, ուսանող ընկերներ ունեմ։ Գնացեք ու հարցրեք՝ ով էր ուսանող ժամանակ էդ մարդը։
Ասեմ, որ…
Հարեւաններին ու բարեկամներին հարցնելու կարիք չկա, քանի որ հենց Խաչատուր Սուքիասյանն էլ ասաց, որ ուսումը համատեղել է աշխատանքի հետ, բացի այդ՝ ակտիվորեն մասնակցել շինջոկատներին. տնից-տեղից կտրված, 5 հազար կմ հեռու։ Հե՞շտ է ասել։ Նոր կառավարություն եմ ասել, հա՜… «Մի բան էս անգամ լավ ստացվեց. մեր կառավարությունում կան 4 հոգի, որոնք հանգիստ կարող են նույն պաշտոնները զբաղեցնել նաեւ Եվրոպայում։ Խաչիկ Սուքիասյանի որոշ մտքերից «Ես ստվերային հաշվապահությանը դեմ եմ։ Մեր տիպի մարդիկ ինչ-որ մեկի մոտ չեն ընկճվի։ Ամոթ չի՞»։ «Իմ նման մարդը թույլ կտա՞ իրեն, որ ինքը ինչ-որ նվիրատվությունների միջոցով շենք կառուցի» (նկատի ուներ «Սիլ Պլազայի» մասին շրջող ասեկոսեները)։
«Էս երկրում ցիվիլիզացիա չկա»։
Երբ Հայաստանի տնտեսությունը կքայլի առաջ Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի տնտեսական կյանքի ակտիվացման, օտարերկրացիների ներդրումների աշխուժացման դեղատոմսը տեսնում է փոխադարձ զիջողամտության, լուրջ վերլուծություների դեպքում։
«Չպետք է մարդ նեղացնենք»։
Չմոռանամ ասել, որ պրն Սուքիասյանը գնահատում է երիտասարդներին, որոնք, անկախ իրենց տարիքից, օժտված են բարձր ինտելեկտով, գործարարությամբ։ Այդ սկզբունքով էլ նշանակվել է «Հայէկոնոմբանկի» նոր կառավարիչը, որը 27 տարեկան է։ Հանդիպման ավարտից հետո Սուքիասյանը իր շուրջը խմբված լրագրողներիս հրավիրեց «Առագաստ» սրճարան, բայց քանի որ այնտեղ չէին ո՛չ Արարատ Զուրաբյանը, ոչ էլ մանավանդ Աղվան Վարդանյանը, նրա այդ առաջարկը մերժվեց:
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ