«Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, կարող ենք Այրում կայարանը կապել Իջեւան կայարանի հետ, կամ՝ հակառակը»։
ՊԱՎԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, Տավուշի մարզպետ, «ՀՀ», 25 ապրիլի:
Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, եւ պատերազմը Իջեւանի կողմից սկսվի, եւ Պավլիկ Ասատրյանն էլ Իջեւանում լինի՝ ուրեմն Իջեւանը կկապվի Այրումի հետ։ Իսկ եթե պատերազմը Այրումի կողմից սկսվի, եւ Պավլիկ Ասատրյանն էլ եթե Այրումում լինի՝ հակառակը, Այրումը կկապվի Իջեւանի հետ: Մեկանգամյա այս «կապերի» շնորհիվ մարզպետին կհաջողվի հեռանալ վտանգավոր գոտուց։ Մնացած դեպքերում ոչ Այրում կայարանը կկապվի Իջեւան կայարանի հետ, ոչ էլ հակառակը։ Իջեւանի եւ Այրումի «ազգաբնակչություններն» այժմ աղոթում են Աստծուն, որ ոչ մի պատերազմ էլ չլինի, եւ հիշյալ կայարանները երբեւէ չկապվեն։ Ո՞ւմ է պետք նման արատավոր կապը խաղաղ պայմաններում։
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՑ ԵՎ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՀԻՆԳ ՈՒ ԽԱՉ
Կարդացեք նաև
«Պատմությունը չի տալիս օրինակներ, որ անհատը կամ անհատները հաղթեն ժողովրդին։ Հենց այդ պատճառով էլ անգամ հզոր անհատականությունները ժամանակավոր են, իսկ թույլ ու տկար թվացող ժողովուրդը՝ մնայուն»։
«ԵՐԿԻՐ» խմբագրական, 28 ապրիլի:
Այո, անհատի կամ անհատների ու ժողովրդի միջեւ անցկացված եզրափակիչ բոլոր հանդիպումներում՝ ցանկացած մարզաձեւից, միշտ էլ հաղթել է ժողովուրդը։ Ժողովուրդը հաղթել է նաեւ անհատի կամ անհատների եւ ժողովրդի միջեւ պատերազմներում։ Հակառակ դեպքում ժողովուրդը կապրեր միջինը 70 տարի, իսկ հզոր անհատականությունները՝ հավերժ։
ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄ
«Ազգովին շատ բան ենք սպասում մեր նորընտիր նախագահից։ Նախ կարեւորում եմ շուկայական հարաբերությունների պայմաններում սոցիալական արդարության հաստատումը. գոնե հասնել նրան, որ գողացողը քիչ գողանա, զրկվածներին էլ մի բան հասնի»։
ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, «Երկիր», 28 ապրիլի:
Եթե նորընտիր նախագահը կամենում է, որ Վազգեն Գաբրիելյանի սպասումներն արդարանան՝ շուտով մի հրամանագիր կստորագրի, որով գողացողներին կհորդորի քիչ գողանալ, որ զրկվածներին էլ մի բան հասնի։ Իսկ եթե նախագահը ցանկություն չունենա արդարացնել Վազգեն Գաբրիելյանի սպասումները՝ ապա նման հրամանագիր չի ստորագրի։ Եվ հարգարժան պրոֆեսորն էլ, բնականաբար, կհիասթափվի նրանից։
ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՈՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ
– Ելնելով ձեր նախարարության գործունեության բնույթից, ճի՞շտ է արդյոք այն ընկալումը, որ սա գլխավոր մարզպետարանն է, Դուք էլ՝ գլխավոր մարզպետ։
– Գիտեք, ինչ-որ տեղ հաճելի է, երբ ասում են գլխավոր մարզպետ կամ մարզպետաց-մարզպետ։ Այնուամենայնիվ, հավատացնում եմ, տարածքային կառավարումն ավելի լայն հասկացություն է եւ ավելի մեծ խնդիրներ է ներառում։
ՀՀ տարածքային կառավարման նախարար ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆԻ հետ հարցազրույցից «Երկիր», 29 ապրիլի:
Նախարարության անվանումի եւ գործունեության դաշտի համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաեւ պրն Զադոյանին առավել մեծ հաճույք պատճառելու նպատակով, արժե «Տարածքային կառավարման նախարար» բառակապակցության փոխարեն ասել «Լայն հասկացություն հանդիսացող եւ ավելի մեծ խնդիրներ ներառող տարածքային կառավարման կառավարիչ նախարար, մարզպետաց գերագույն գլխավոր մարզպետ»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ