Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՇՆԱՄՈՒԴ ՊԻՏԻ ՉԵԶՈՔ ԴԱՐՁՆԵՍ, ՉԵԶՈՔԻՆ՝ ՀԱՄԱԿԻՐ, ՀԱՄԱԿԻՐԻՆ՝ ԴԱՇՆԱԿԻՑ»

Ապրիլ 30,1998 00:00
David Shahnazaryan

Ասվածը գուցե թե առավել ընդհանրական իմաստով ընկալվի, բայց ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն այս բանաձեւը ձեւակերպեց իբրեւ դիվանագիտության նպատակ։ Միաժամանակ նշեց, որ նման խնդիրներ այդպես էլ չեն առաջադրվում, եւ այսօր «փաստորեն առանց դաշնակցի մնացինք, լավագույն դեպքում՝ մի քանի լուռ համակրողներ ունենք»։

-Մինչեւ իսկ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության գրանցումն արդեն հայտարարել էիք, որ ընտրվելու դեպքում նա օրինական նախագահ չի լինի։ Ձեր այդ պնդումն ուժի մե՞ջ է մնում։

-Ես հայտարարել եմ, որ այդ գրանցումը հակասում է Սահմանադրությանը։ Եվ Սահմանադրությունը դրանից հետո չի փոխվել։ Սակայն դա փաստորեն չընդունվեց ոչ մյուս թեկնածուների, ոչ էլ քաղաքական ուժերի, կարելի է ասել նաեւ՝ հասարակության կողմից։ Ես միայնակ մնացի, ինչքան էլ համարում եմ, որ այդ պնդումը ճիշտ է եւ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Կարծում եմ, որ մյուս թեկնածուներն անլուրջ մոտեցան, կամ ավելի ճիշտ՝ գուցե չուզեցին խոսել այդ հարցի վերաբերյալ։

-Այդ ամենը Ձեզ համար Ռոբերտ Քոչարյանի օրինական նախագահ չլինելու վերաբերյալ դիրքորոշման վերանայման առիթ չէ՞։

-Ոչ։

-Դուք ընտրությունների արդյունքները մասնակի անվավեր ճանաչելու դիմում էիք ուղղել ՍԴ-ին։ Այն մերժվելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խնդիրը դիտարկեց նաեւ ընտրագրավի հետ ստացման համար անճշտությունների հաշվարկման տեսանկյունից։ Իրոք արդյունքները մասնակիորեն վիճարկելով, ա՞յդ նպատակն էիք հետապնդում։

-Անճշտությունների հաշվարկման վերաբերյալ հարցով ես Գերագույն դատարան էի դիմել, իսկ խախտումների մասով արդեն՝ ՍԴ։ Հիմա էլ եմ պնդում (չնայած ԳԴ-ն այդպես չորոշեց), որ անճշտությունների հաշվարկման ԿԸՀ-ի մեթոդը հակասում է օրենքին։ ԿԸՀ-ի որոշած մեթոդով հաշվելն ավելի է մեծացնում անճշտությունների քանակը, քան եթե հաշվեին այնպես, ինչպես օրենքն է սահմանում։ Ինչ վերաբերում է ՍԴ իմ հայցին, ապա այնտեղ անճշտությունների վերաբերյալ խոսք անգամ չկար, այն բացառապես ԿԸՀ-ի կողմից կատարված բազմաթիվ ճչացող խախտումների մասին էր։ Իմ հաշվարկներով, որոնք ներկայացված էին ՍԴ-ին ուղղված հայցում, այդ ակնհայտ խախտումները վերաբերում էին 85 հազարից ավելի ձայների։ ԿԸՀ-ին, այսպես ասած, «մեղքերի թողություն» տրվեց։ ՍԴ նախագահը «Առավոտ» թերթում «անիմաստ» որակեց ընտրությունների արդյունքները մասնակիորեն անվավեր ճանաչելը։ Բացարձակապես անընդունելի հայտարարություն է, քանզի դա քաղաքական գնահատական է ՍԴ-ի նախագահի կողմից։ Նա կարող էր խոսել միայն այն մասին, թե որքանով է այդ հարցը համապատասխանում կամ չի համապատասխանում Սահմանադրությանը։ Սահմանադրության մեջ հստակ ասված է, որ ՍԴ-ը լուծում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը։ Կարծում եմ, որ ՍԴ-ն զուտ քաղաքական պատճառներով ուղղակի խուսափեց այդ հարցը քննարկել։ Եվ ընդհանրապես, ՍԴ նախագահն ակնհայտորեն քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Թե՛ ԿԸՀ-ն, թե՛ ՍԴ-ն իրենց «գործունեությամբ» կամ անգործությամբ ամենամեծ հարվածն են հասցնում մեր պետության միջազգային հեղինակությանը։

-Այժմ հետընտրական Հայաստանում առկա իրողությունների մասին։ Կարծես թե պետական քաղաքականության մեջ արմատական տեղաշարժերի միտումներ կան, վերստին արծարծվում է Հայ դատն ու ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության հիմքում դնելու խնդիրը։

-Իրոք, ակնհայտ է, որ փոխվել է պետական ամբողջ գաղափարախոսությունը եւ առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգը, որի նոր առանցքն է փաստորեն հռչակվել ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկ գերխնդիր ունի՝ Արցախի ինքնորոշման հիմնահարցը։

-Երկրորդ գերխնդրի առաջքաշումով ինչի՞ կարող ենք հասնել։

-Կարծում եմ, որ դա այս պահին կխանգարի ԼՂ հիմնահարցի լուծմանը։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է. այսօր մեր հնարավորությունները եւ ուժերը բավարարո՞ւմ են արդյոք միաժամանակ նման գերխնդիրներ լուծելու համար։ Արդյոք Արցախի հարցն այսպիսով չի՞ ընկալվի որպես Հայ դատի մի բաղկացուցիչ մաս։ Եվ ինչքան էլ այսօրվա իշխանություններն ասեն, որ այդ հիմնահարցերը փոխկապակցված չեն՝ միջազգային հանրությունը չի ընդունի։ Այլ հարց է, որ Ցեղասպանությունն այնքան մեծ հնչեղություն ունեցող եւ մեր ժողովրդի համար կարեւոր խնդիր է, որ պետք է խիստ կշռադատված հիմքերով այդ հարցն արծարծել միջազգային ատյաններում։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի՞ միջազգային այն հեղինակությունը, ազդեցությունը, որ կարողանա այդ հարցն իր համար դարձնել առանցքային եւ դրականորեն առաջ տանել կամ վերջնական լուծման հասցնել։ Ուրեմն, նախ անհրաժեշտ է, որ Հայաստանն ամուր կանգնի միջազգային «հողի» վրա եւ իր ուրույն տեղն ունենա։ Քանզի Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկսայրի սուր է, որի համար ուժեղ ձեռքեր են պետք։ Կարծում եմ, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ այդ հարցը արտաքին քաղաքականության առանցքը դարձնելուն։ Կարելի է այլ հարցականներ էլ նշել. արդյոք ճիշտ է այդ խնդիրն արծարծելը մինչեւ Եվրախորհրդի անդամ դառնա՞լը, տարածաշրջանային կառույցներում տեղ զբաղեցնելուց առա՞ջ, մինչեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը, թե՞ այս ամենից հետո։ Արդյոք Հայաստանն իր այս քաղաքականությամբ չի՞ վտանգում հետագայում, ավելի լավ ժամանակներում միջազգային ամբողջական հանրության կողմից մեր Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։ Իսկ եթե միջազգային ճանաչման հարցում այսօր չհաջողենք, ի՞նչ պիտի անենք, ազգովին նորից հայտարարենք, որ մարդկային արդարություն գոյություն չունի՞։ Արցախյան շարժումը մեզ ապացուցեց, որ արդարությունը ոչ խնդրում են, ոչ էլ՝ պահանջում, այլ արարում սեփական ձեռքերով։ Իսկ այսօր պատրաստ չենք միջազգային ասպարեզում ինքներս արդարություն արարել։ Դա ի վիճակի է անել ժողովրդավարական եւ իրավական Հայաստանը։ Իմ խորին համոզմամբ, ազգային գաղափարախոսությունը պիտի հանդիսանա պետական քաղաքականության կարեւոր, անքակտելի, բայց բաղկացուցիչ մասը, այլ ոչ ամբողջապես փոխարինի նրան։ Եվ ինչպես Հայաստանում նախորդ տարիներին մեր ժողովրդի աչքում փաստորեն վարկաբեկվեց ժողովրդավարությունը, այժմ էլ նման վտանգ եմ տեսնում, որ մոտ ապագայում ներկայիս իշխանությունների այս քաղաքականության հետեւանքով նաեւ ազգայինը վարկաբեկվի։ Հայեցակարգային առումով, նույն սխալն է կատարվում՝ ինչպես նախորդ իշխանությունները տարանջատելով մերժեցին ազգայինը եւ շեշտադրեցին ժողովրդավարությունը, որն էլ հետո էական նահանջ ապրեց, հիմա էլ նույն փորձն է կատարվում, բայց հակառակ նշանով՝ ազգայինը գերադասվում է ժողովրդավարական արժեքներից։

-«Դուք չէիք կարող Ղարաբաղի հարցը լուծել ավելի լայն ընդգրկմամբ, քան հիմա է»,- ասել էր Միշել Լեգրան ընտրություններից անմիջապես հետո, հույս հայտնելով, թե եռանախագահությունը կհամոզի Հայաստանի նախագահին իրենց դիրքորոշումների ճշտության մեջ («ՀՀ», 7 ապրիլի)։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ Ռոբերտ Քոչարյանը համանախագահողներին հակառակը համոզել եւ հասնել, ինչպես պնդում են, Արցախի հարցի արդարացի լուծման։

-Նախ ասեմ, որ ինձ առնվազն զարմացրեց, որ «Իզվեստիային» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել նաեւ Ադրբեջանի կազմում ԼՂՀ դաշնային գոյության հնարավորությունը։ Անկեղծ ասած, հիմա բացարձակապես պարզ չէ Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում։ Իհարկե, ուրախալի է, որ հայտարարվեց մինչլիսաբոնյան ստատուս-քվոյի վիճակին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Բայց սա կենսագործելու իրական հիմքեր այժմ չեմ տեսնում։ Արտաքին քաղաքական այս նոր հայեցակարգի պայմաններում դժվար է որեւէ հաջողություն ակնկալելը։ Ընդհակառակը, շատ ավելի խոցելի է այս դիրքորոշումը. այն ներքին հակասություններ ունի։ Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում լուրջ բարդություններ կունենանք Արցախի խնդրի առումով։

-Որքանո՞վ լուրջ. խոսքն այլեւայլ սանկցիաների՞ մասին է, թե՞ հնարավոր եք համարում պատերազմի վերսկսումը։

-Իսկապես, ճնշումները կարող են առավել առարկայական դառնալ։ Եթե մոտ ժամանակներս որեւէ արդյունավետ տեղաշարժ չլինի ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու ուղղությամբ, ապա լուրջ վտանգ կա, որ հարցը կարող է միջազգային այլ ատյան տեղափոխվել, որտեղ արդեն ոչ Հայաստանի եւ առավել եւս՝ Ղարաբաղի ձայնը չի լսվի, ու որոշումներ ընդունելիս, մեր կարծիքը բոլորովին հաշվի չեն առնի։ Նկատի ունեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Եվ կարծում եմ, որ միայն ազգային գաղափարախոսություն որդեգրելով՝ այդ ճնշումներին դիմակայելու փորձը շատ թույլ ճանապարհ է։

-Ի վերջո, անցնենք ներքաղաքական հարցերին։ Այժմ, կարծես փորձ է արվում կուսակցություններն իշխանական համակարգի մաս դարձնել՝ ստեղծվելիք քաղաքական խորհրդով, որոշ կուսակցությունների ղեկավարներին նախագահի խորհրդականի պաշտոն տալով, որը նրանց հնարավորություն կտա նաեւ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցել։ Ձեր գնահատմամբ, այս քայլերն էական որեւէ ազդեցություն կունենա՞ն ներքաղաքական լարվածության թուլացման առումով։

-Չէի ասի, թե այժմ Հայաստանում նման լարվածություն կա։ Ընդհակառակն, քաղաքական իմաստով ավելի քան հանդարտ է։ Փետրվարից հետո քաղաքական դաշտն ամբողջապես փոխվել է։ Կարելի է ասել, որ այն՝ որպես այդպիսին, փաստորեն, չկա եւ պիտի ձեւավորվի։ Շատ լավ կլինի, եթե վերադասավորումն ընթանա ոչ քաղաքական պարագայապաշտ խնդիրների լուծման, այլ՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ գաղափարական սկզբունքների հիման վրա։ Ամեն ինչ դեռ առջեւում է։ Քաղաքական ուժերն առայժմ փորձում են վերլուծել իրավիճակը, իրենց տեղը եւ համախոհներ գտնել։ Իհարկե, ներկա իշխանությունների գործելակերպով էլ է մեծապես պայմանավորված, թե ինչպես կձեւավորվի քաղաքական նոր դաշտը։ Ինձ թվում է, որ, օրինակ, քաղաքական խորհուրդը արհեստական մարմին կլինի, քանզի երբ քաղաքական դաշտն իսկապես «զրոյական» վիճակում է, հայտնի չէ կուսակցությունների տեսակարար կշիռը եւ այլն։

-Այս նույն տրամաբանությանը հետեւելով, ենթադրելի է, որ պիտի դրական գնահատեք խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը մեջտեղից հանելը։

-Եթե հիշում եք, առաջինը ես եմ պարտադիր համարել այս խորհրդարանի լուծարումը։ Այն բացասական գնահատականները, որ միշտ տվել եմ ԱԺ-ի մասին, այսօր ուժի մեջ են եւ մի բան էլ ավելին։ Բայց այսօր Հայաստանում ընտրական ինստիտուտներ գոյություն չունեն, ջախջախված են, չկան։ Այս վիճակում արժե՞ նոր խորհրդարանական ընտրությունների գնալ։ Կարծում եմ, այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ անել, որ վաղաժամկետ ընտրություններ լինեն՝ պետք չէ, որ այս ԱԺ-ն մինչեւ վերջ աշխատի։ Բայց ի՞նչ ընտրություններ պիտի լինեն, նո՞ւյնը, ինչ որ եղա՞վ կամ ավելի վատ՝ նման խորհրդարան կստանանք։ Ավելի կարեւոր խնդիր է այնպիսի ձեւեր գտնելը, որ Հայաստանում վերակենդանացնենք ընտրական ինստիտուտները։ Հակառակ դեպքում, պալատական խաղերի հետեւանքով նորից նոր իշխանություն կձեւավորվի, եւ կմնա հին իշխանությունը՝ նոր դեմքով։ Չէ՞ որ այս վերջին փոփոխությունների ժամանակ ժողովրդի կամքը այդպես էլ դեր չունեցավ կատարվածի հետ։

-Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, Հայաստանը 1997-ին աշխարհի ամենաաղքատ 50 պետություններից էր։ Որեւէ փոքրիկ հույս կա՞, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության շնորհիվ գոնե 100-ի մեջ հայտնվենք։

-Ոչ։ Սա անհեռանկար կառավարություն է։ Իհարկե, ճիշտ չէ մինչեւ կառավարության ծրագրի ներկայացումը գնահատականներ տալը։ Բայց ինձ համար ընդունելի չէ «արհեստավարժ կառավարություն» հասկացությունը։ Կառավարության անդամի պաշտոնը քաղաքական է։ Ապաքաղաքականացված կառավարություն՝ նշանակում է չընդունել քաղաքական ուժերի եւ կուսակցությունների դերը։

-Ակնհայտ է, որ գործող իշխանություններին խիստ ընդդիմադիր եք։ Հետաքրքիր է պարզել, թե արդյոք այն հասնո՞ւմ է ամեն ինչ մերժելու եւ ոչ մի բանի չխառնվելու աստիճանի։ Ասենք, եթե վաղը Ձեզ առաջարկվի մաս կազմել Սահմանադրության վերափոխմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին, կհամաձայնե՞ք։

-Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը կարեւորագույն խնդիր է։ Իսկ դիմադիր-ընդդիմադիր նման տարբերակումը միշտ էլ չեմ ընդունել։ Դասական եվրոպական ձեւակերպմամբ, խորհրդարանի մեծամասնությունը դիմություն է, փոքրամասնությունը՝ ընդդիմադիր։ Այս չափանիշներով առաջնորդվելը մեզ համար առայժմ անհեթեթ է։ Նախորդ իշխանության օրոք այնպես էր ստացվել, որ ես ընդդիմադիր էի թե՛ արմատական ընդդիմությանը, թե՛ դիմությանը։ Քաղաքական հստակ գիծ կա, որը համարում եմ միակ ճիշտը։ Այսօր եւ առաջ էլ այն չի իրականացվում եւ, այս իմաստով, ես ընդդիմադիր եմ։ Միամտություն է հույս ունենալը, որ այսօրվա իշխանությունն այդ քաղաքականությունը կիրականացնի։ Թեկուզ միայն գաղափարախոսական իմաստով՝ ինչպես արդեն նշեցի, այսօրվա իշխանությունների որդեգրած ռազմավարական դիրքորոշումները ճիշտ չեմ համարում։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաեւ այս հարցազրույցի վերաբերյալ մեր նախնական տեղեկության՝ «Գուցե, այնուամենայնիվ, իր հայացքնե՞րն են փոխվել» վերնագրին. «Իմ դիրքորոշումը չի փոխվել։ Փոխվել է «Առավոտը», որ ընդամենը մի քանի ամիս առաջ չէր գնահատում ոչ ժողովրդավարական եւ ոչ էլ ազգային արժեքները։ Ես ողջունում եմ այս փոփոխությունը։ Հուսով եմ, որ անցած այդ շրջանն անդառնալիորեն հաղթահարված է «Առավոտի» կողմից»։ Քանի որ ոչ Դավիթ Շահնազարյանն է ընդունում, թե իր հայացքները փոխվել են, ոչ էլ մենք, թե «Առավոտն» է փոխվել՝ առաջարկում ենք համաձայնել հետեւյալ անվիճելի տարբերակին. փոխվել են միայն իշխանությունները եւ մեկ էլ՝ եղանակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930