ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստի հաղորդագրությունը վկայում է, որ դա գրեթե պատմական նիստ է եղել։ Վարչապետը նախ քննադատել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության որոշ օղակների աշխատանքը, քանի որ նրանք պատշաճ մակարդակով չեն կատարել պետական բյուջեի հարկային եւ մաքսային եկամուտների ծրագրերը։ Վարչապետը փաստորեն քննադատել է այն նախարարությանը, որը գլխավորում էր ինքը՝ մինչ վարչապետ նշանակվելը։ Կառավարության հիշյալ նիստում որոշում է ընդունվել արդարադատության նախարարությանը հանձնարարել «հստակեցնել կազմակերպությունների անվանման մեջ «հայ», «Հայաստան», «հայկական» բառերի եւ դրանց թարգմանությունների գործածության համար պետական տուրքի գանձման նախապայմանները»։ Այլ մանրամասներ իմանալու նպատակով դիմեցինք ՀՀ կառավարության մամուլի ծառայություն։ Այլ մանրամասներ չիմացանք՝ սիրով մեզ հայտնեցին արդեն իսկ հրապարակվածը։
Ըստ մեզ հասած ոչ պաշտոնական, բայց հավաստի տեղեկությունների՝ խոսքը վերաբերում է իրենց անվանումների մեջ «հայ», «Հայաստան», «հայկական» բառերից որեւէ մեկը պարունակող յուրաքանչյուր կազմակերպությունից տարեկան 600.000 դրամ տուրք գանձելուն։ Ենթադրում ենք, որ նշված գումարը կգանձվի առաջին հերթին մեր պետությունից՝ Հայաստանի Հանրապետությունից։ Ինչպես նաեւ՝ «Հայաստան» հիմնադրամից, հանրապետական եւ առավել եւս՝ համահայկական նշանակության բոլոր կազմակերպություններից, Հայ Յեղափոխական դաշնակցությունից նաեւ, ինչո՞ւ ոչ։
Հավաքված պետական տուրքը, մեր կարծիքով, ճիշտ կլինի տրամադրել ԼՂՀ-ի զարգացմանն ու բարգավաճմանը, մասամբ էլ ներդնել Սփյուռքը կենսունակ պահելու գործում։ Խիստ անճկուն վիճակում կարող է հայտնվել «Հայմամուլը»։ Թերթերի պարտքե՞րը վճարի, պետական այդ հավելյալ տո՞ւրքը: Գուցե անո՞ւնը փոխի։ Անվանափոխման սպառնալիքը կախված է, եւ առավել սաստիկ է կախված, նշված բառերով իրենց համար հեղինակություն ապահոված, բայց՝ ոչ վճարունակ կազմակերպությունների գլխին։ Ճշմարիտն ասած՝ մեզ մտահոգում է հիմնականում մեր գործընկերների ճակատագիրը։ Տուրք վճարելո՞ւ են, ասենք, «Հայաստանի Հանրապետութիւն», «Հայ զինվոր», «Հայք», «Հայոց աշխարհ», «Հայաստան», «PA», «ՀՀ» թերթերը։ Մենք նման խնդիր չունենք, բարեբախտաբար մեր թերթի անունը ոչ թե «Հայ առավոտ» է, այլ «Առավոտ»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Վարչապետը հավանաբար նախագահ պիտի դառնա, որ իր նախագահական բարձունքից էլ իր այս մի որոշումը քննադատի. կարելի էր, չէ՞, տուրք գանձել ոչ միայն կազմակերպություններից, այլեւ անհատներից. Հայկ, Հայկանուշ, Հայաստան, Հայկանդուխտ, Հայկարամ, Հայկազն, Հայասպետ, Հայոցյան․․․