ԱԺ աշխատակիցներից մեկը մի նուրբ դիտողություն փոխանցեց, թե կառավարության հետ հարցուպատասխանի ուղղվածությունը տարվա եղանակն է որոշում։ Եթե գարուն է՝ ուրեմն ամբիոնին անընդհատ պիտի գյուղատնտեսության նախարարը հայտնվի, իսկ ամռան շեմին (ընդունելության քննությունների մոտենալուն պես) մեծանում է կրթության եւ գիտության նախարարին տրվող հարցերի հաճախականությունը։ «Սեզոնային» այս մտահոգություններից առավել նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը տուժեց, որին խորհրդարանական դահլիճում հայտնվելու իր առաջին օրը բաժին ընկան 13 հարցեր։ Գարունը դեռ իր «լիազորությունները վայր չի դրել», ուստիեւ մյուս հարցերի առյուծի բաժինը ոռոգման ջրի, սերմերի եւ Վլադիմիր Մովսիսյանին «ընդդատյա» ոլորտից էր։ «Իմ հարցը խիստ այժմեական է»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը եւ, տեղերից, մաշված բառախաղերի սիրահարներն, անմիջապես հետաքրքրվեցին «աժմ- ակա՞ն»։ Ընդհանրապես, մեր պատգամավորները սիրում են կուսակցական թեմաներով կատակել։
Նախորդ օրն էլ, երբ նախագահող Ալբերտ Բազեյանը հանդիսավոր հայտարարեց. «Իմ խմբակցության անունից ելույթ կունենա Պարույր Հայրիկյանը»՝ տեղերից հետաքրքրվեցին. «Դա է՞լ քոնը դարձավ»: Իսկ Արթուր Բաղդասարյանի հարցն այնուամենայնիվ հենց աժմ-ական էր, քանզի նա համարձակվեց սրբապղծորեն տալ Արշակ Սադոյանի մենաշնորհային հարցերը՝ էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների հնարավոր վերանայման մասին։ Ի պատասխան՝ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Վահրամ Ավանեսյանն այնպիսի արտահայտություններ օգտագործեց, որոնց կնախանձեր անգամ Հրանտ Բագրատյանը։ «Անպայման պետք է շատ արագ եւ համալիր քայլեր իրականացվեն». պրն Ավանեսյանի մանվածապատ խոսքից թերեւս միայն այս հստակ նախադասությունը կարելի է առանձնացնել։ Սակայն գուցե նրա պատասխանները խրթին էին միայն լրագրողներիս համար, քանզի կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը դրանք հասկացել էր եւ համանման իր հարցից այլեւս հրաժարվեց։ Իր ժամանակը միայն օգտագործեց Գյումուշ ՀԷԿ-ի 4-րդ ագրեգատը գործի գցելու առիթով շնորհավորանքի հրատապ խոսքը հնչեցնելու համար։
«Այժմ մի քվեարկություն էլ կլինի, որից հետո բոլորս ազատ կլինենք»,- հարցուպատասխանից հետո նախագահող Յուրի Բախշյանի այս հայտարարությունը մի պահ տարտամ կասկածների տեղիք տվեց՝ չլինի՞ խորհրդարանը հայտարարելու է ինքնալուծարման մասին, եւ իսկապես բոլորս ազատվելու ենք: Սակայն քվեարկությունն առայժմ միայն մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստի հրավիրման մասին էր, որտեղ, պարզվեց՝ 12 հարց է ընդգրկված։ Դեռ լավ է, որ Խոսրով Հարությունյանն ընդունեց Վաչագան Հարոյանի այն դիտողությունը, թե՝ ինչո՞ւ եք ընտրական օրենսգիրքն ընդգրկել։ Չէ՞ որ արտահերթ նիստերն ավարտվում են, երբ օրակարգը սպառվում է, իսկ ընտրական օրենսգիրքն անսպառ է։ Մյուս կողմից էլ՝ Ռուբեն Հակոբյանն ընդվզեց եւ խորհրդարան վերադառնալուց հետո առաջին անգամ խոսափողին մոտենալով (պատմական պահ), հայտարարեց, որ եթե այս տեմպերով շարունակեն ընտրական օրենսգիրքը քննարկել՝ հնարավոր է, որ այն չընդունեն մինչեւ խորհրդարանի գործունեության ավարտը։
Հա, մեկ էլ Սոս Գիմիշյանը դժգոհեց, որ արտահերթ նիստի նախաձեռնողը չնայած ԱԺ-ն է, բայց օրակարգի 12 օրինագծերից 8-ը կառավարությանն է վերաբերում, որն առանց այդ էլ իր նախաձեռնությունների քննարկումն արագացնելու համար նիստ հրավիրելու հնարավորություն ունի։ Բայց դե Խոսրով Հարությունյանը նրան եւ «Հայրենիքին» դեռ նախորդ օրն էր ըստ էության պատասխանել, հիշեցնելով, որ հենց «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանի նախկին նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով կառավարությունը նույնիսկ իրավունք ունի անգամ օրենքների քննարկման ժամկետներն ու հաջորդականությունը թելադրել։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ