«Հայաստանի անտառների կեսից ավելին մեր մարզում է, ունենք հարուստ օգտակար հանածոներ։ Մասնավորապես առաջին դասարանցիների թիվը 1,5 անգամ ավելացել է նախկին տարիների համեմատ»։
ՊԱՎԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ Տավուշի մարզպետ, «Հայոց աշխարհ», 25 ապրիլի
Հայաստանի ոչ մի մարզում, ավելին՝ աշխարհի ոչ մի երկրում այնքան արդյունավետ չէ առաջին դասարանցիների արդյունահանումը, որքան անտառաշատ եւ օգտակար հանածոներով հարուստ Տավուշում, քանզի այնտեղ մարզպետ է աշխատում Պավլիկ Ասատրյանը: Թեեւ, ճշմարիտն ասած, փոքր-ինչ տարօրինակ է, թե մինչեւ յոթ տարեկան դառնալն ինչու են երեխաներին թողնում անտառում։ Կամ, որ ավելի սարսափելի է՝ երկրի ընդերքում։
ՀԱՅՐԻԿՅԱՆԱԲԱՐ
Կարդացեք նաև
«Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ կառավարության նոր կազմի ձեւավորումից։ Այսօր անլուրջ եմ համարում լուրջ վերաբերմունքը այս խնդրին»։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «Երկիր», 22 ապրիլի
Պարույր Հայրիկյանը կառավարության նոր կազմի ձեւավորումից դժգոհ կլիներ թերեւս մի դեպքում. եթե այդ խնդրին ցուցաբերեր անլուրջ վերաբերմունք, եւ ինքը դա լուրջ համարեր։
ԻՇԽՈՂԱՑ ԻՇԽՈՂ
«Ես երբեք չեմ մտածել, որ դաշնակցությունն իշխող կուսակցություն դառնա, իսկ իշխող գաղափարախոսություն միշտ պետք է լինի։ Դաշնակցությունը շատ ավելի մեծ է իշխող կուսակցություն դառնալու փառասիրություն ունենալու համար»։
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայ օգնության միության նախագահ, արձակագիր, «Հայք», 24 ապրիլի
Բոլոր կուսակցություններն այսօրվանից սկսել են սերտել դաշնակցության գաղափարախոսության գերագույն՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը։ Որ, բան է՝ հանկարծ իշխանության գլուխ անցնեն՝ ամոթով չմնան, չմնան իրենց կուսակցության գաղափարախոսության հույսին։
ՏՐՏՈՒՆՋՔ
«Ես ստի հետ հաշտվել չեմ կարողանում»։
ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ «Երկիր», 23 ապրիլի
Լոռվա մարզից սիրելի դերասանին հարյուրավոր հեռագրեր են ուղարկվել հետեւյալ բովանդակությամբ. «Խի, պարտադի՛ր ա՜»։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ