Շուտով պատգամավորական 4-րդ թափուր տեղը կառաջանա, եթե 8 տարվա խորհրդարանական, 1992 -1995թթ. ԳԽ քարտուղար Վարազդատ Ավոյանը 15 օր հետո կրկնի պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունը, որ կատարեց երեկ։ Պատճառները պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան պրն Ավոյանն ասաց. «Ես այժմ աշխատում եմ իբրեւ «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման» գրասենյակի տնօրեն։ Այս պաշտոնին նշանակում է կառավարությունը՝ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ։ Ըստ վերջինիս ներքին կանոնակարգի, այդ պաշտոնում ընտրվողը չի կարող բարձրագույն պաշտոնյա լինել։ Իհարկե, 15 օր հետո կկրկնեմ դիմումս, քանզի վճիռը կայացրել եմ։ Նաեւ ասեմ, որ ինձ «համոզել» եմ այդ քայլին դիմելու համար։ 1990-ից պատգամավոր եմ եւ իրոք դժվար էր թեկուզ 1 տարի շուտ լիազորություններից հրաժարվելը։ Սակայն նոր պաշտոնս առավոտից իրիկուն լարված աշխատանք է պահանջում։ Եվ իմ այստեղ գտնվելն այդ իմաստով ոչ ճիշտ եմ համարում»։
Հիշեցնենք, որ նաեւ Բագրատ Ասատրյանն էր ԿԲ նախագահ եղած ժամանակ Համաշխարհային բանկի պահանջով հրաժարվել պատգամավորական իր լիազորություններից։ (Ա. Ի.)
Կառավարության կազմի մասին «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը չի մասնակցել կառավարության անհատական կազմի ձեւավորմանը։ Համագործակցությունը ՀՀ նախագահին ներկայացրել է ընդամենը կադրային քաղաքականության սկզբունքներ, արհեստավարժության հետ մեկտեղ, որոնց շարքում են նաեւ աշխատանքային փորձը, բարոյական նկարագիրը, վարկաբեկված չլինելու ու հասարակության կողմից ընդունելի լինելու հանգամանքները։ Ցավոք, ըստ ԳիԱրՔՄԻ-ի, կառավարության կազմի մեջ կան անձինք, որոնք չեն համապատասխանում այդ պահանջների ողջ համալիրին։ Չենք ուզում նշել ազգանուններ, չցանկանալով խոչընդոտել կառավարության հետագա աշխատանքը։ Մենք սատարել ենք ոչ թե կառավարության կազմը, այլ Քոչարյանի ծրագիրը՝ ուստի կփորձենք համագործակցել կառավարության հետ այն չափով, որքանով նա կկատարի այդ ծրագիրը, եւ խիստ կքննադատենք, եթե շեղվի ծրագրից։ Այսպիսին կլինի մեր սկզբունքային մոտեցումը մոտակա ամիսներին։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ, ԳիԱրՔՄԻ խորհրդի նախագահ
Կարդացեք նաև
Ի՞նչ են որոշել այժմ «նորացված միության» ջատագովները
Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել է «Խորհրդային միության ժողովուրդների» 4-րդ համաժողովը։ Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ պիտի քննարկվեին նորացված միության ստեղծմանն առնչվող հարցեր։ Նախկին ԽՍՀՄ անդամ 15 պետությունների ներկայացուցիչների շարքում մասնակցել է նաեւ Հայկոմկուսի 16 հոգանոց պատվիրակությունը։ Այսօր, ուշ երեկոյան, նրանք կվերադառնան Հայաստան, իսկ մինչ այդ՝ ելույթ ունեցածների, ընդունված որոշումների եւ այլնի մասին տեղեկություններ ստանալու փորձն ապարդյուն էր։ Հայկոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանն ասաց, որ առայժմ ոչինչ չի կարող հավելել ապրիլի 23-ի ճեպազրույցում այս առնչությամբ արդեն իսկ հայտնածին։ Այն ժամանակ «Առավոտի» հարցին, թե իրավասո՞ւ է արդյոք որեւէ կուսակցություն՝ այն էլ ոչ իշխանական, այլ անհաշտ ընդդիմադիր, ողջ պետության ապագան որոշող հարցեր քննարկել ու տնօրինել՝ Վլադիմիր Դարբինյանը մասնավորապես պատասխանել էր. «Եթե այսօր իշխանությունները մեզ հետ չեն կիսում սոցիալիզմի գաղափարները՝ չի նշանակում, թե պիտի դադարենք սոցիալիստ լինել կամ այդ գաղափարախոսությունը քարոզել ու դրա համար պայքարել»։
Ա. Ի.