Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՎԻԺԻ՞ ՀԱՆԿԱՐԾ

Ապրիլ 23,1998 00:00

Վարչապետը խոստացավ, որ նոր կառավարության գործունեության ռեալ արդյունքները բնակչությունը կսկսի զգալ ինը ամսից։ «Կարծում եմ, որ դա նաեւ կենսաբանորեն արդարացված ժամանակահատված է»,- ասաց նա»։

 «ԵՐԿԻՐ», 22 ապրիլի

Օրեր առաջ համապատասխան հրամանագրով սկսվեց ՀՀ կառավարության հղիության իննամսյա ժամկետը։ Հղիության նորմալ ընթացքն ապահովելու համար կառավարությունը կգտնվի բժիշկների ամենօրյա հսկողության տակ։ Ավելորդ է ասել, թե որքան կարեւոր են թարմ բանջարեղենը, մրգերը, վիտամիններով հարուստ սնունդը, մի խոսքով՝ ինչ որ սիրտն ուզում է, ինչպես նաեւ առողջ քունը եւ զբոսանքը մաքուր օդում։ Կառավարությանն այս ընթացքում խորհուրդ է տրվում չներվայնանալ։ Այլապես անհարմար բան կստացվի։

 «ՈՒՄ ՈՐ ՏԵՍՆԵՄ՝ ԹԸ՛-ՔՈՒ՛Մ Ե՛Մ»

«Մեր գլխավոր խնդիրն է՝ գտնել սոցիալապես ամենաանապահովներին, նկատի ունեմ ոչ թե սոցիալապես անապահով խմբերին, այլ կոնկրետ անհատների»։

 ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆ ՀՀ սոցապ նախարար, «Երկիր», 22 ապրիլի

«Նախարար Գագիկ Եգանյանի գավաթ». այսպես է կոչվում այն պատվավոր մրցանակը, որն առաջիկա 100 օրում կխաղարկվի սոցապ նախարարության աշխատակիցների եւ սոցիալապես ամենաանապահով անհատների միջեւ՝ «Պահմտոցիի» Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլում։ Վիճակահանությամբ որոշվել է, որ աչքերը փակելու են սոցապ նախարարության աշխատակիցները, թաքնվելու են սոցիալապես անապահովները։ Համաձայն խաղի կանոնների՝ եթե որեւէ անապահով կարողանա առաջ անցնել սոցապի աշխատակցից՝ կազատի մնացած անապահովներին, բարձրաձայն գոչելով. թու՛ զա վսեխ։

 ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է

«Նոր նշանակումների տեսանելի տրամաբանությունը հուշում է, որ փորձ է արված բավարարել բոլոր քաղաքական հոսանքներին՝ ռեֆորմատորներին, լիբերալներին, ազատախոհներին, կենտրոնաձիգներին։ Կառավարությունը պետք է ձեւավորել խստորեն ծրագրին համապատասխան։ Նախագահի համար սա, պատկերավոր ասած, ամուսնության պես մի բան է եւ միշտ կարելի է ամուսնանալ միայն որոշակի մեկի հետ։ Մինչ այդ կարող են շատերը դուր գալ, բայց պետք է ընտրել մեկին»։

 ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ«Ազատություն» կուսակցության ղեկավար, «Երկիր», 22 ապրիլի

«Պատկերավոր ասած»՝ պրն Բագրատյանը նախագահին մեղադրանք է ներկայացնում քաղաքական տարբեր հոսանքների հետ «ամուսնության պես մի բան» ձեռնարկելու, ավելին՝ նրանց բոլորին բավարարելու փորձ անելու մեջ։ Խանդում է երեւի։

 ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «Ի՞ՆՉ ՉԱՆԵԼ»

«Պետք է ուղղակի ճիշտ կողմնորոշվել, չծախվել, չխաբվել, չվախենալ։ Եվ մենք այդ առումով շատ անելիքներ ունենք»։

 ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԺՄ վարչության անդամ,

«Այժմ», որքան էլ դառը լինի խոստովանելը, ԱԺՄ առաջիկա համագումարն ի գիտություն կընդունի, որ մինչեւ հիմա ԱԺՄ-ն սխալ է կողմնորոշվել, ծախվել է, խաբվել ու վախեցել։ Պրն Քոչարյանի դրույթները համագումարը կդարձնի ապագա գործունեության հիմք։ Կհրատարակվի Շ. Քոչարյանի «Ի՞նչ չանել» դարակազմիկ աշխատությունը, որը կհարստանա ԱԺՄ վարչության անդամների մերժողական բնույթի համանման այլ առաջարկություններով։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930