ԱԺ այս արտահերթ նիստի կարեւորությունը ոչ միայն դատաիրավական ոլորտի մի շարք օրենքների ընդունումն էր, այլեւ որ ԱԺՄ-ն հենց այստեղ հանդես եկավ մի նոր՝ կառուցողական ընդդիմության որակով։ ԱԺՄ խմբակցության անդամներն ակտիվորեն մասնակցում էին հատկապես փաստաբանության եւ դատախազության մասին օրենքի քննարկումներին, հարցեր տալիս, ելույթներ ունենում։ Տեւական ժամանակաշրջանից հետո դարձյալ Արշակ Սադոյանն իր խոսքը սկսեց «սիրելի ռադիոլսողներին եւ հարգելի ունկնդիրներին» դիմելով։ Այս դիմումն անգամ դահլիճում մի հուզումնախառն ալիք առաջացրեց, բոլորը միմյանց ժպտում էին, ու միայն պատկերացնել կարելի է, թե ինչ կարոտախտային զգացումներ պարուրեցին ռադիոընդունիչները գրկած ունկնդիրներին… Ինչեւէ։ Դատախազության օրենքի մասին խոսելով` Սադոյանն ընդգծեց տվյալ ասպարեզում իր, խիստ նորաձեւ բառով՝ արհեստավարժ լինելը։ Հիշեցրեց, որ այժմ դատախազությունում իր մասնակցությամբ 3 գործ է քննվում, որոնցից մեկում ինքը մեղադրյալ է, երկրորդում՝ տուժող, երրորդում՝ պաշտպան։ Եվ մասնագիտական գնահատական էր, թե դատախազությունը միայն իշխանությունների, իսկ այս նոր օրենքով՝ նաեւ պետության գույքային շահերն է պաշտպանում։ «Իսկ կա՞ մի մարմին Հայաստանում, որը պաշտպանում է մասնավոր անձանց, քաղաքացիների շահերը, թե՞ չկա»,- իր այս հարցադրմանն Արշակ Սադոյանը հավելեց, թե ասենք ինքն էր՝ ու չէր արծարծում էներգակիրների ներմուծման անվան տակ հանրապետությանը, իր հաշվարկներով, ավելի քան կես միլիարդ դոլարի վնասի պատճառման հարցը՝ ո՞վ պիտի այս ամենին հետեւողականորեն հետեւեր։ Ապա հենց ինքն էլ դժգոհեց, որ դատաիրավական համակարգի այս ամենակարեւոր հարցերի քննության ժամանակ ելույթներ գրեթե չեն հնչում, հարցերը ձեւական են տրվում. «Նման ճանապարհով մենք օրինաստեղծ գործունեություն չենք կարող տանել, եւ ժամանակն է որակապես փոփոխություններ մտցնել Հայաստան երկրի օրենսդրության մեջ։ Եվ ժամանակն է, որ վերջապես հասկանանք՝ առանց վերահսկողության մարմինների լուրջ հսկողության այս երկրում անօրինականությունները միշտ ծաղկելու են»։
Ի դեպ, հետո վկայաբերվեց միջազգային փորձագետների տեսակետը, թե բացարձակապես անընդունելի է ընդհանուր հսկողությունը, որը համարվում է խորհրդային դատախազության ամենաբնորոշ դրույթը։ Ե՛վ Արշակ Սադոյանը, ե՛ւ հետո ԱԺՄ խմբակցության անունից ելույթ ունեցած Շավարշ Քոչարյանը որոշակի առաջարկներ արեցին դատախազության մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Էլի դատախազական ընդհանուր հսկողության եւ նման նեղ մասնագիտական խնդիրներ էին, իսկ հասարակական փոքրիշատե հնչեղություն ունեցող հարցադրումը Շավարշ Քոչարյանի խոսքում հետեւյալն էր, թե պիտի պարտադիր համարվի դատախազի կողմից քրեական գործի հարուցումն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապօրինի ազատազրկել են մարդկանց (օրինակ բերվեցին քաղաքական դատավարություններում արձանագրված որոշ դեպքեր)։ Շավարշ Քոչարյանը քննադատեց նաեւ Սահմանադրությամբ նախատեսված այն կարգը, ըստ որի դատախազի թեկնածությունը առաջարկում է վարչապետը, բայց նրան նշանակում է նախագահը։ Նույն կարգով նշանակվում եւ պաշտոնանկ են արվում նաեւ դատավորները, եւ նույնիսկ միայն սա, իրոք, անիմաստ է դարձնում դատական անկախ իշխանության մասին ցանկացած պնդում։ Սակայն քննադատելուց զատ, այս անգամ ԱԺՄ-ն նաեւ որոշակի առաջարկ ներկայացրեց, թե ճիշտ կլինի, եթե դատախազներին ներկայացնի հանրապետության նախագահը, հաստատի խորհրդարանը։ Մի մտահոգություն ունենք միայն. եթե, ինչպես նշում էր Շավարշ Քոչարյանը, ներկա տարբերակում «դատախազը ստորադաս է դառնում գործադիր իշխանության նկատմամբ եւ չի կարող լիարժեք վերահսկել դրա աշխատանքը», ապա առաջարկվող տարբերակի դեպքում արդյոք նույնը տեղի չի՞ ունենա պատգամավորների նկատմամբ։ Ի դեպ, հայտարարվեց, որ ԱԺՄ-ն առաջարկներ ունի նաեւ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ եւ կարծես մտադիր է ակտիվորեն մասնակցել Սահմանադրության վերափոխման աշխատանքներին։
Դատախազության մասին օրենքն արժանահիշատակ դարձավ նաեւ այն առումով, որ այս առնչությամբ «Հայրենիք» խմբի անունից ելույթ ունեցավ Էդվարդ Եգորյանը։ Նա անգամ նիստերին ու քվեարկություններին գրեթե չի մասնակցում, իսկ այս առիթով ոչ միայն դարձյալ որոշ մասնագիտական հարցերի անդրադարձավ ու նշեց, որ կարծես կիսաբարեփոխումներ են իրականացվում. «այսօրվա դատական համակարգի կառուցվածքն ավելի լավն է, քան այն, ինչ ընդունում ենք», այլ նաեւ պատասխանեց «Հանրապետություն» խմբակցության անդամներից մեկի՝ նախորդ օրը հնչեցրած այն մեղադրանքին, թե դատաիրավական բարեփոխումները ձգձգվել եւ ձախողվել են. «Իրոք դա այդպես է, բայց այս օրենքի նախագիծը մոտավորապես հենց այս տեսքով պատրաստ էր 1996-ի մայիսին եւ միջազգային փորձաքննությունից հետո օրենքը պատրաստ էր ընդունման 1997-ի աշնանը»։ Այսինքն, նախատեսված ժամանակացույցը չի պահպանվել մինչեւ քաղաքական պատասխանատուների փոփոխությունը։ Եգորյանը ներկայացրեց նաեւ ձգձգման պատճառների սեփական մեկնաբանությունը. «Այս կամ այն իշխանավորի անիմաստ հավակնությունների կամ փոքրոգության հետեւանքն է եւ որեւէ սկզբունքային պատճառներ չեն եղել այս օրինագծերն այսքան ձգձգելու համար»։
Ավելի ուշ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հակադարձեց, թե փորձաքննությունը՝ փորձաքննություն, բայց սկզբունքային վեճերը օրինագծերի շուրջ հաղթահարված չէին, եւ «ըստ էության, դատաիրավական բարեփոխումները գտնվում էին շատ կատաստրոֆիկ վիճակում»։ Իհարկե, հազիվ թե ընդհանրապես երբեւէ ձախողման պատասխանատուներին պարզելու հարց արծարծվի՝ մթնոլորտն այդպիսին չէ։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ