ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության պաշտոնակատարին։ Հարգարժան պաշտոնակատար: Գիտակցելով Ձեր կողմից ղեկավարած վարչության դերն ու նշանակությունը մեր հասարակական կյանքում, եւ այն հանգամանքը, որ մոտակա 7 օրվա ընթացքում Դուք իրականացնելու եք այդ վարչությունը ղեկավարելու դժվարին գործը, ներկայացնում եմ Ձեզ Հայաստանի ազգային հեռուստատեսության աշխատանքները բարելավելու ուղղությամբ իմ առաջարկները: Սկսեմ կառուցվածքային բարեփոխումներից:
Այն կուսակցությունների ղեկավարներին եւ գործիչներին, ովքեր չեն ստանձնել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, նշանակել Ազգային հեռուստատեսության տնօրեն Համլետ Գասպարյանի խորհրդականներ. օրինակ, Աշոտ Մանուչարյանին՝ Ռուսաստանի եւ Բելառուսի հեռուստատեսության հետ միավորվելու գծով, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին՝ Գռզոների գծով, Հրանտ Խաչատրյանին՝ անձնական հիգիենայի գծով: Այդ քայլն, անշուշտ, կնպաստի ազգային միասնության մթնոլորտի ամրապնդմանը եւ հեռուստատեսային քարոզչության արդյունավետությանը: Հաշվի առնելով հասարակական դժգոհությունը «Լրաբեր» տեղեկատվական ծրագրից, առաջարկում եմ այն հանել հաղորդացանցից եւ ամեն օր 20.30-ին եթեր հեռարձակել «Բոքսեցեք զմիմյանս» բարոյախրատական հաղորդաշարը, որը կվարի Իսրայել Հակոբկոխյանը: Քաղաքացիների իրավական կուլտուրան բարձրացնելու նպատակով առաջարկում եմ հաղորդացանց մտցնել երկու հաղորդաշար՝ «Չելովեկ ի սուխոյ զակոն», որը կվարի իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը եւ «Ազատ, արդար, թափանցիկ», որտեղ երիտասարդ ընտրողների հետ պարբերաբար զրուցելու է ԱԺ պատգամավոր Էդվարդ Եգորյանը: Վերջապես, պատշաճ տեղ պետք է հատկացվի բարձրաշխարհիկ կյանքին, որի լուսաբանման գործում կարելի է օգտագործել երկրապահ լրագրող Սերգեյ Երիցյանի ուժերը: Հաղորդաշարի պայմանական անունը կարող է լինել «Լավ եք ապրում, լեդիներ Քերոլայն եւ Հակոբ ջան»:
Հարգանքներով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ