Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական համակարգի առողջացման ճանապարհ

Ապրիլ 22,1998 00:00

Նախքան նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին իմ պատկերացումների շարադրանքին անցնելը, կցանկանայի համառոտ ներկայացնել վերջին մի քանի տարիներին մեր երկրում իրականացված քաղաքական գործընթացների վերաբերյալ մի քանի դիտարկումներ։ Մասնավորապես, այդ ինչպե՞ս պատահեց, որ ընդհուպ ամբողջ հետսոցիալիստական տարածքում իր քաղաքական համակարգային փոփոխությունների կտրուկ արագությամբ աչքի ընկնող եւ 1990-1994 թթ. երեւի թե ամենալիբերալ քաղաքական համակարգերից մեկն ունեցող Հայաստանը հետագա երեքուկես տարիներին ժողովրդավարությունից այնպիսի կտրուկ ետընթաց ապրեց, որ այսօր նոր նախագահը ժառանգություն է ստանում գրեթե ավտորիտար տիպի մի իշխանություն։ «Մահացու» մեղքերի մեջ չմեղադրվելու նկատառումով սկսեմ նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության յոթ ու կես տարիների ընթացքում բազմիցս առիթ ունենալով մամուլում քննադատելու նրա իշխանության շատ թերություններ եւ երբեւէ տուրք չտալով նրան գովերգելու կոնյունկտուրային, առաջին անգամը լինելով, այսօր ուզում եմ նշել նրա իշխանության ժողովրդավարական մեկնարկի եւ ոչ այդպիսի վերջաբանի մասին իմ մի քանի նկատառումները, որոնք երեւի թե չեն տեղավորվում նաեւ այսօրվա կոնյունկտուրայում։

Քաղաքական համակարգը 1994-ից սկսած շարունակական ետընթացի ճանապարհը բռնեց ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ կարծրացավ իշխանության բուրգի կատարին գտնվողների կառավարման ոճը եւ փոխվեցին պատկերացումները, այլեւ՝ հիմնականում օրենքների վերափոխման ու պետական ինստիտուտների կազմավորման տեսքով պետաիրավական ձեւակերպում ստացող ժողովրդավարությանը հայաստանյան հասարակության հոգեբանորեն անպատրաստության արդյունքում։ Հասարակությունից ավելի լավ վիճակում չէին նաեւ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտի խնդիր ունեցող կուսակցությունները, որոնք հաշվելով ընդհուպ հարյուրյակ՝ ոչ մի իրական ազդեցություն հասարակության մեջ ոչ միայն չունեին, այլեւ դեկլարատիվ կարգախոսներից այն կողմ փոքրիշատե տեսքի բերված քաղաքական ծրագրային փաստաթղթերն էլ ավելորդ շռայլություն էին եւ այսօր էլ շարունակում են համարել՝ ոչ մի ցանկություն անգամ չցուցաբերելով սեփական սոցիալական բազայի հստակեցման եւ վերջինիս հիմնախնդիրների անկոնֆլիկտ լուծման ճանապարհների մշակման։ Այս պայմաններում արդեն 1992 թ. Հայաստանում ստեղծվել էր մի պարադոքսալ իրավիճակ, երբ քաղաքական կուսակցությունների միայն նոմինալ գոյության, Բ. Արարքցյանի ընտրությամբ խորհրդարանի չեզոքացման եւ հասարակության կողմից իշխանության՝ կոմունիստական ժամանակներից եկած եւ իր հիմքում նրան հակադրվելու անհեռանկարայնության ստերեոտիպային ընկալման արդյունքում քաղաքական համակարգի ժողովրդավարության երաշխիքը մնացել էր որպես կանոն միշտ այն սահմանափակելու ձգտող գործադիր իշխանությանը (ավելի քան սպառված դատական համակարգի մասին խոսելն անգամ անիմաստ է)։ Բնական է, որ այն, ինչ կատարվեց 94 դեկտեմբեր-95 հուլիս-96 սեպտեմբեր շղթայում, արդյունք էր վերոնշյալ հանգամանքների, եւ միայն նախկին նախագահին դրա համար մեղադրելը առնվազն հիշողության կորստի նշան է գոնե իրենց «գործունեության» արդյունքում հասարակության աչքում քաղաքականությունը միայն անբարոյականության դասական դրսեւորումների հետ նույնացնող գաղափարազուրկ ու բոլոր իշխանությունների «հավատարիմ զինակից» ինքնանշանակ մերօրյա «օրենսդիրների» համար։

Ավելին, առանց սխալվելու վախի կարելի է նույնիսկ պնդել, որ իշխանությանը սահմանադրական լիազորությունների շրջանակում պահելու ունակ ընդդիմության եւ այլ հասարակական ինստիտուտների բացակայության պայմաններում գործող նախագահը որքան էլ ժողովրդավար լիներ իր էությամբ, իրավիճակային կառավարման այդ տարիներին բնորոշ առանձնահատկությամբ շատ մեծ հաստատակամություն պետք է ունենար ավտորիտար կառավարման գայթակղություններից խուսափելու համար, ինչը եւ ցավոք տեղի չունեցավ։ Նկատի ունենալով այս հանգամանքները, չշեղվելով թեմայից, ուզում եմ անդրադառնալ այսօր բոլորին ամենաշատ հուզող հիմնախնդիրներից մեկին՝ ներկա խորհրդարանի ճակատագրին։ Այս խորհրդարանը եւ այնտեղ ներկայացված մարդիկ իրենց ընտրության կարգով եւ եղանակներով ամենալուրջ հարվածը հասցրեցին հայաստանյան ժողովրդավարությանը եւ ձեւավորեցին մի ընտրական արատավոր եղանակ, որից առ այսօր մեր հասարակությունը չի կարողանում դուրս գալ։ Դեռ մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ներկա խորհրդարանը չի արտացոլում եւ երբեւէ չի էլ արտացոլել մեր հասարակության մեջ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, հենց միայն իր ընտրության անփառունակ եղանակի եւ այդօրինակ ընտրությունների անցկացման ավանդույթի համար այն բարոյական իրավունք չունի ավարտել իր պաշտոնավարման ժամկետը։ Շարունակելով բարոյականության թեման, չեմ կարող չնշել նաեւ ներկա խորհրդարանի մշտապես ագրեսիվ մեծամասնական ներկայացուցիչների՝ նախկին նախագահի հանդեպ սրտխառնուք առաջացնող կոնյունկտուրային ստորաքարշ քծնանքի փոխարինումը է՛լ ավելի չհիմնավորված թքախառն հայհոյանքով։ Մարդիկ, որոնց «քաղաքական գործունեության» միակ ձեւն այդ է, վառոդի տակառ են ցանկացած իշխանության տակ եւ չեն կարող հասարակական վստահություն ներշնչել գերխնդիր ունեցող, բայց նրանց հանդուրժող ոչ մի նոր նախագահի նկատմամբ, անկախ այն բանից, թե ինչ ծրագրերի ու խնդիրների շուրջ է վերջինս ձեւավորելու նոր իշխանությունը։ Իր քաղաքական գործունեության մեջ նոր նախագահը սեւ բծեր (գոնե տեսանելի) չի ունեցել եւ չպետք է դրանք ձեւավորի պատմության աղբարկղում տեղ ունենալուն արժանի որոշ մարդկանց հաշվին։ Այս մարդկանց բազմակի մեկգիշերային գունափոխումների արդյունքում մարդ քիչ է մնում հերոսների կարգին դասի «Հանրապետություն» միավորման երբեմն շատ ավելի անմաքուր ձեռքեր ունեցող չդավաճանած պատգամավորներին, մինչդեռ այդ պահին նրանց արածը ընդամենը նորմալ էր, իսկ նախորդ գործունեությունը երբեմն նաեւ ցանկության դեպքում խիստ որոշակի մարմինների հետաքրքրությունը կարող է հարուցել։

Ինչեւէ, մի քաղաքական պլատֆորմով խորհրդարան ինքնաընտրած մարդկանցից բարոյապես հասկանալի հրաժարական եւ մանդատների վայր դնում եթե հասկանալի պատճառով ակնկալելի չէ, սակայն դա պարտավոր է անել հասարակական կոնսենսուսի խնդիր հռչակած նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այսքանը՝ բարոյականության եւ զգացմունքայնության առումով։ Իսկ այժմ՝ ըստ էության։ Հայաստանում հռչակված է իշխանության անցնցում փոփոխության եւ զարգացման ռազմավարություն։ Թե՛ մեկը եւ թե՛ մյուսը ենթադրում են հասարակական կայունություն։ Մինչդեռ հասարակության կայունությունը հասարակագիտական գրականության մեջ բնութագրվում է հիմնականում տվյալ հասարակության համար երկու գործոնների՝ իշխանության լեգիտիմության եւ արդյունավետության համարումների փոխպայմանավորվածությամբ (Ս. Մ. Լիպսեթ)։

Անհրաժեշտություն եմ զգում մեր մամուլում տարածված թյուրիմացությանը տեղիք չտալու համար եւս մեկ անգամ մանրամասնել, որ իշխանության լեգիտիմությունը ոչ թե նրա օրինականությունն է իր ընտրության ձեւով, այլ հիմնականում այն հանգամանքն է, թե որքանով է տվյալ հասարակությունը այն համարում իրապես այդպիսին եւ իր պահանջմունքներն իրականացնող, ընդունում նրա իշխելու իրավունքն ու պատրաստ է նրան ենթարկվելու։ Միայն լեգիտիմության դեպքում արդեն հասարակությունը պատրաստ է լինում քննարկելու իշխանության արդյունավետությունը, ինչի ապահովման դեպքում էլ իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունները կառուցվում են բնականոն տարածության վրա՝ առանց այդ տարածությունը կրճատելու՝ հասարակության հեղափոխական հեղեղի վտանգի կամ էլ այն մեծացնելու՝ իշխանության՝ հասարակությունից հեռացման ձգտման։ Անիմաստ ու ավելորդ համարելով ներկա խորհրդարանի ինչպես լեգիտիմության, այնպես էլ արդյունավետության քննարկումը, ներկայացնեմ նաեւ նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության եւս մեկ փաստարկ. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտը առողջացման անհրաժեշտություն ունի։ Առողջացում ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ ինչպես քաղաքական հարաբերությունների բարոյականացումը, քաղաքական կուլտուրայի ու էթիկայի նորմերի ձեւավորումը, այնպես էլ քաղաքական համակարգի գործունակության ապահովմանը կոչված ինստիտուտների ուժեղացումը։ Որպես այդպիսիք, առանձնապես մեծ է զանգվածային լրատվամիջոցների, հետազոտական հաստատությունների եւ քաղաքական կուսակցությունների ուժեղացման անհրաժեշտությունը։ Իսկ վերջիններիս ուժեղացման համար կա մի ճանապարհ՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որտեղ ազատ եւ թափանցիկ քվեարկության հնարավորության ապահովման դեպքում ժողովրդի վստահությունը ստացած քաղաքական ուժերը ոչ միայն կներկայացվեն խորհրդարանում եւ այդ կերպ իրենց ներկայացվածությանը համարժեք ազդեցություն կստանան, այլեւ վերջապես հայաստանյան քաղաքական դաշտում իրենց իրական տեղը եւ համարժեք ընկալումը ձեռք կբերեն հիմնական կուսակցությունները։ Տեղի կունենա հիմնական եւ մարգինալ քաղաքական ուժերի քաղաքական իրականությունը պայմանավորող բաժանում։ Իսկ ինչ մնում է նոր խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունենալիք դասավորումներին, ապա դա առանձին խոսակցության թեմա է։

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930