«Նախագահը կարող է մտածել, որ իր մասին մտածում են, թե ինքը պիտի հայերենին դեմ լինի, որովհետեւ իր հայրենիքը չէ, ուրեմն ինքն ավելի շատ տեղ կտա հայերենին, որ այդպես չմտածեն»։
ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԱՆ Լեզվի տեսչության պետ, «Առավոտ», 21 ապրիլի
Վալերի Միրզոյանին հաճոյանալու նպատակով նախագահը հենց այդպես էլ կանի. նախ կմտածի, թե ինչ են մտածում իր մասին ուրիշները, հետո այնպես կանի, որ այդպես չմտածեն։ Զուգահեռաբար նա ամենօրյա հարցում կանի Լեզվի տեսչությանը՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին. «Ո՞րն է, Վալեր, իմ հայրենիք»։
ԱՐԱՐԻՉ ԵՐԵԽԱՆԵՐ
Կարդացեք նաև
«Այս աշխատանքները ազատության եւ ոգեղենության արդյունք են, որոնք արարել են երեխաները, եւ երկրորդ՝ բարոյահոգեբանության արդյունք են։ Վեց ամիս առաջ երեխաների աշխատանքներում մռայլ, իսկ այժմ վառ գույներ են»։
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՀ մշակույթի փոխնախարար, «Առավոտ», 21 ապրիլի
Երեխաների համար ատելի ՀՀՇ-ական իշխանության տապալումից հետո նրանց նկարներում, բնականաբար, վառ գույները պիտի փոխարինեին մռայլ գույներին։ Ճիշտ այնպես, ինչպես երեխաների համար ատելի կոմունիստական իշխանության տապալումից հետո եղավ։ Կասկած չկա, որ այս արհեստավարժ կառավարությունը տապալելուց հետո մեր երեխաները կնկարեն էլ ավելի վառ գույներով։
ԷՐՄԻՏԱԺԸ ԿՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՎԻ
«Իմ կարծիքով միայն անտաղանդ մարդն է դողում իր ասածների վրա՝ աշխատելով ցանկացած միտք վերջնականապես մշակված ներկայացնել, որ վերջում այն տեղադրի Էրմիտաժում»։
ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ մուլտիպլիկատոր, «Առավոտ», 16 ապրիլի
Եթե այդ խայտառակությանը վերջ չտրվի՝ Էրմիտաժը մոտ ապագայում կվերածվի անտաղանդ մարդկանց վերջնականապես մշակված մտքերի թանգարանի։ Որպես տաղանդավոր մարդու անմշակ մտքի միակ արգասիք՝ թանգարանում իր պատվավոր տեղը կգտնի նաեւ մուլտիպլիկատորի մեջբերված արտահայտությունը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ. ՔՅԱԼԼԱ
-Հանրահայտ ճշմարտություն է՝ «Երկու գլուխ մի կաթսայում չեն եփվի»։Ի՞նչ եք կարծում, որքա՞ն երկար կարող են մեկ «կաթսայում» միատեղվել «Դաշնակցությունն» ու «Երկրապահը»։
-Երեւի պայմանավորված կլինի կաթսայի ջերմաստիճանով։ Իսկ եթե ավելի լուրջ՝ Ձեր ասած կաթսայում մենք երկուսով չենք միայն: Շատ կարեւոր է, որ այդ ընդհանուր կաթսայում գտնվող յուրաքանչյուր կազմակերպություն իսկապես իրեն պատասխանատու համարի միասնական ուժերով պաշտպանած Ռոբերտ Քոչարյանի կողմից ժողովրդին ներկայացրած ծրագրի իրականացման համար»։
ՀՅԴ ԳՄ անդամ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ հարցազրույցից «Առավոտ», 21 ապրիլի
«Դաշնակցությունը» եւ «Երկրապահը» դնել մի ընդհանուր կաթսայի մեջ, լցնել մեկ խորանարդ մետր ոռոգման ջուր 2 դրամ 60 լումա սակագնով եւ եփել մարմանդ կրակով։ Ավելացնել վաղօրոք լցոնած դեմկուս, մաքրած ձեռքերով ՍԻՄ, պահածոյացված ԳիԱրՔՄի եւ ՌԱԿ։ Բլթբլթալուն պես քափը քաշել, աղը եւ բիբարը լցնել ըստ ճաշակի։ Մատուցել այն պահին, երբ յուրաքանչյուր կազմակերպություն իրեն պատասխանատու համարի միասնական ուժերով պաշտպանած Ռոբերտ Քոչարյանի կողմից ժողովրդին ներկայացրած ծրագրի համար։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ