Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստավարժաց արհեստավարժը

Ապրիլ 22,1998 00:00
Karavarutyun

Երեկ վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրեց կառավարության նոր կազմը, այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս, իսկ կառավարության ծրագրերը խոստացավ ներկայացնել մայիսի 11-ին, ԱԺ նիստում։ Արմեն Դարբինյանն իրեն հռչակեց արհեստավարժ կառավարության կոշտ կողմնակից՝ հավաստելով, որ կառավարություն կազմավորելիս առաջնորդվել է միայն այս սկզբունքով։

Արհեստավարժ նախարար՝ նշանակում է գերագույն պատասխանատվություն ղեկավարվող ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ եւ բաց ու թափանցիկ քաղաքականություն։ Կարեւոր է նաեւ ժողովրդի համար մատչելիության եւ հասանելիության սկզբունքը։ Նախարարը ոչ միայն իր ղեկավարած ոլորտներում իրականացվող ծրագրերի գաղափարախոսը պետք է լինի, այլ նաեւ ունենա բավարար կազմակերպչական, մարդկային եւ բարոյական հատկանիշներ՝ այդ ծրագրերն իրականացնելու եւ ժողովրդի վստահությունը ստանալու համար, առանց որի հնարավոր չէ լուծել նույնիսկ ամենաերկրորդական խնդիրները։

Արհեստավարժ, թե կուսակցական ներկայացուցիչ նախարար երկընտրանքում նախապատվությունը կրկին տրվել է արհեստավարժին։ Միայն ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանն է, որ դարձել է կառավարության անդամ, սակայն այդ պահից նա դադարեցրել է իր կուսակցական պատկանելությունը։ Նրա մասին Արմեն Դարբինյանն ասաց. «Շատ արհեստավարժ եւ պատրաստված մասնագետ է»։ Նա կիրականացնի դպրոցի բարեփոխման ծրագիրը, կզբաղվի նաեւ գիտության զարգացմամբ։ Դավիթ Զադոյանին պրն Դարբինյանը գնահատեց որպես կառավարման մեծ փորձ ունեցող անհատականություն, որը կիրականացնի իր առջեւ դրված բոլոր պարտականությունները։ Դավիթ Հարությունյանը չափազանց տաղանդավոր է, իրեն դրսեւորել է արհեստավարժ՝ բազմաթիվ ոլորտներում։ Վարդան Օսկանյանը իրեն դրսեւորել է բարձր արհեստավարժ հատկություններով։ Նա հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համարելով դա պարտադիր Հայաստանի շահերը արտաքին աշխարհում լավագույնս ներկայացնելու համար։

Էդվարդ Սանդոյանը պրն Դարբինյանի երկարամյա թիմակիցն է, արհեստավարժ, տաղանդավոր ղեկավար եւ մասնագետ։ Նրան կհաջողվի իրականացնել ֆինանսական վերահսկողության խնդիրները։ Վազգեն Սարգսյանի մասին Արմեն Դարբինյանն ասաց ընդամենը մեկ բան. «Հայաստանի բանակը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի»։ Շահեն Կարամանուկյանը իրեն դրսեւորել է որպես չափազանց կազմակերպված պետական ղեկավար, եւ չկա կազմակերպչական որեւէ խնդիր, որը պրն Կարամանուկյանի համար անլուծելի լինի։

Կառավարության կազմում ստեղծվել է մի նոր նախարարի պաշտոն՝ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների, որը զբաղեցրել է Վահրամ Ավանեսյանը։ Կրկին բարձրագույն արհեստավարժ։ Գառնիկ Նանագուլյանի առջեւ դրված է կառավարման ապարատի բարելավման եւ բարեփոխման խնդիր։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը, որ գլխավորելու է Սերժ Սարգսյանը, չի բաժանվի, քանի որ արդեն չկա իշխանության լծակների վերաբաշխման խնդիր։ Հանրապետության պետական գործիչներից պետականության ամենախոր զգացմունքն ունի Սերժ Սարգսյանը։ Առողջապահության ոլորտում բարեփոխումների ծրագիրը ձախողված է եւ Գագիկ Ստամբոլցյանի առջեւ խնդիր է դրված վերականգնել առողջապահության համակարգը։

Եթե մենք հիշենք, թե ինչպիսի էներգետիկ պայմաններից ենք թեւակոխել այս զարգացման փուլը, ապա կկարողանանք գնահատել նաեւ նախարար Գագիկ Մարտիրոսյանին։ Նախարարի առջեւ խնդիր է դրված կրճատել այս ոլորտում իրականացվող ծախսերը՝ ավտոմեքենաները, որոնց թիվը հավասարվում է աշխատակիցների քանակին։ «Որպես վարչապետ՝ պահանջելու եմ այդ խնդիրների խստագույնս կատարում»։ Արտակ Վարդանյանը Մոսկվայի համալսարանի լավագույն շրջանավարտներից է, շատ տաղանդավոր եւ խոստումնալից անհատականություն։ Գագիկ Եգանյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Պավել Ղալթախչյանի ղեկավարած նախարարությունը մինչեւ այժմ կատարել է կառավարության հաշվետարի գործառույթ, սակայն պրն Դարբինյանը, հանձինս այս նախարարության, կցանկանար տեսնել տնտեսական եւ շուկայական բարեփոխումների ջատագովի։ Ֆելիքս Փիրումյանը եւս բարձրակարգ արհեստավարժ է եւ նրա խնդիրը պետք է լինի խմելու ջրի համակարգի բարելավումը։ Սարգիս Շահազիզյանն իրեն դրսեւորել է որպես բանիմաց եւ կազմակերպված ղեկավար։

Վլադիմիր Մովսիսյանի առջեւ խնդիր է դրված հնարավորություն ստեղծել գյուղացուն լավագույնս դրսեւորվելու։ Երվանդ Զաքարյանը բնորոշվեց որպես կազմակերպված եւ խիստ անձնավորություն։ Ստեփան Մնացականյանի գլխավորած նախարարությունը պետք է կարողանա ոչ թե հետեւել տնտեսական գործընթացներին, այլ ներկայացնել առաջընթացի հիմնահարցեր։ Երիտասարդության, սպորտի եւ մշակույթի նախարարի պաշտոնից ազատվել է Արմեն Սմբատյանը, որն ընտրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։ «Նախագահը եւ ես մեր ընտրությունը չենք կատարել»,- հայտարարեց Արմեն Դարբինյանը։ Շնորհակալություն է հայտնվել Գրիգոր Պողպատյանին, Հենրիկ Քոչինյանին, Արտաշես Պետրոսյանին, Արմեն Սմբատյանին, Մարատ Ալեքսանյանին, Էդվարդ Աղաջանովին եւ Հրանուշ Հակոբյանին։

Արմեն Դարբինյանը անձամբ հանդիպել է բոլոր նախարարների հետ, ստուգել է նրանց գաղափարախոսական ուղղությունները եւ հույս ունի, որ ստեղծվել է թիմակիցների կառավարություն։ Կառավարության այս կազմը կաշխատի մեկ տարի, որից հետո կարվեն համապատասխան եզրակացություններ։ Իսկ հոգնած մարդիկ չպետք է աշխատեն։ Հարաբերությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ լավագույնս են Հայաստանի պատմության մեջ։ Չկա ծրագիր, որը կանգնեցված լինի։ Տնտեսական աճը կլինի ոչ պակաս, քան 7%, իսկ սղաճը՝ 10%։ «Ինտելեկտի տեսակարար կշիռը այս կառավարությունում անհամեմատ բարձր է»,- համոզված է Արմեն Դարբինյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930