51-րդը ԱԺ արտահերթ նիստում հայտարարվեց, որ «Հանրապետություն» խմբակցության կազմից դուրս է եկել Վարդան Խաչատրյանը. «Եվ այս կապակցությամբ խմբակցությունում հայտարարված է սուգ»,- տեղից նախագահողին շարունակեց Արա Սահակյանը։
Իր դուրս գալու պատճառները Վարդան Խաչատրյանը այսպես բացատրեց. «Սիրադեղյանի դարդից դուրս եկա։ Կյանքս կերել էր։ Իսկ ընդհանրապես, ես դեմ էի, երբ օրենքը փոխում էին՝ դրանով հնարավորություն տալով դուրս գալ «Հանրապետություն» միավորման ցուցակով ընտրված պատգամավորներին։ Բայց հետո կյանքը ցույց տվեց, որ եթե կուսակցությանդ հետ չես՝ նաեւ այնտեղ ես օտար։ Ու պիտի ընտրություն կատարես՝ կա՛մ կուսակցությունդ, կա՛մ խմբակցությունդ»։
Երբ «Հանրապետության» կազմից դուրս էին եկել ՔԴՄ երկու ներկայացուցիչները՝ Ազատ Արշակյանն ու Արամ Մկրտչյանը, իսկ Վարդան Խաչատրյանը մնացել էր, պատճառը համարել էինք ՔԴՄ ղեկավարի հետ ունեցած իր որոշ տարաձայնությունները։ Այժմ մեր հարցին, թե այլեւս նման խնդիրներ չկա՞ն, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, քաղաքական տարբեր մոտեցումներ կան։ Կուսակցական աշխատանքի բնականոն երեւույթներից է դա։ Բայց դա կապված չէր խմբակցությունում իմ մնալու կամ չմնալու հետ»։ Նշենք, որ այս ամենն ասվում էր նույն Ազատ Արշակյանի եւ Արամ Մկրտչյանի ներկայությամբ։ «Կուսակցական լայնախոհություն՝ առանց սահմանների». ՔԴՄ-ի այս ենթադրյալ կարգախոսի կենսունակության եւս մի ապացույցը դարձավ Արամ Մկրտչյանի մեկնաբանությունը. մեր այն հարցին, թե ինչպե՞ս է բացատրում իրենցից մեկ շաբաթ հետո միայն Վարդան Խաչատրյանի՝ «Հանրապետությունից» դուրս գալու իրողությունը, պատասխանեց. «Մենք՝ իբրեւ հայ առաքելականներ, ճիշտ Զատկի օրը դուրս եկանք։ Իսկ Վարդանը հետեւեց ռուս ուղղափառների Զատկին»։
Քրիստոնյա մասնիկն իրենց անվան մեջ կրող այս կազմակերպության ներկայացուցիչները հավաստեցին, որ ՔԴՄ-ում հարգում են քրիստոնեության բոլո՛ր ճյուղավորումները եւ այդ պատճառով են միություն։
Կարդացեք նաև
… Վարդան Խաչատրյանի եւ «Հանրապետության» սերտ փոխհարաբերությունների խզմանն այսպես հանգամանալից անդրադարձանք, քանզի որոշ իմաստով նա հոբելյանական պատգամավոր դարձավ. նրա դուրս գալուց հետո խմբակցության անդամների թվաքանակը դարձավ ուղիղ 50։
Ա. Ի.