Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ապրիլ 21,1998 00:00
Vasak Darbinyan

«Ես փորձել եմ մարդկանց բացատրել մի պարզ ճշմարտություն։ Նախ՝ Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով»։

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԴ նախագահ, «Առավոտ», 18 ապրիլի

ՀՀ Սահմանադրության լրամշակված տարբերակում հիշյալ միտքը տեղ կգտնի իբրեւ առանձին կետ եւ կշարադրվի հետեւյալ ձեւակերպումով. «Հարությունյանը, անկախ զբաղեցրած պաշտոնից, երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը կամ դրանց արգելակմանը։ Հարությունյանին վերապահել այլ առաքելություն»։ Համապատասխան հոդվածներ կլինեն նաեւ Քոչարյանի, Դարբինյանի, մյուս տոհմերի ներկայացուցիչների մասին։

 ՇՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻՑ

«Երբ կարդում եմ (լեզվի- Վ. Դ.) տեսչության հրահանգներն ու հոդվածները, մտածում եմ, որ ոչ թե մարդ է գրել, այլ շուն։ Նրանք ասում են՝ երկլեզվությունը հայերի համար դժբախտություն է, բայց չեն ասում, թե ինչու է դժբախտություն»։

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՀ ԳԱ ակադեմիկոս, ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան, «ՀՀ», 17 ապրիլի

Շները խիստ վիրավորվել են Լեւոն Մկրտչյանի այս խոսքերից, պատճառաբանելով, որ իրենք հաչում, խոսում եւ գրում են բացառապես իրենց ու ակադեմիկոսի մայրենի ռուսերենով, եւ տվյալ դեպքում հարկ չկար վիրավորել իրենց արժանապատվությունը՝ լեզվի տեսչության հայերեն նյութերը վերագրելով իրենց։

 ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ՝ ՍԽԱԼՎԵԼ

«Եթե նոր կառավարությունը վայելեց ժողովրդի վստահությունը, ապա սխալվելու իրավունք էլ ինչ-որ տեղ կունենա։ Եթե վստահություն չեղավ, ծանր կլինի»։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ պաշտպանության նախարար, «ՀՀ», 18 ապրիլի

Գերխնդիրը պարզ է. սխալվել։ Դրան հասնելու ճանապարհն էլ է պարզ՝ նվաճել ժողովրդի վստահությունը։ Բայց թե ինչ միջոցներով՝ կարեւոր չէ։ Ենթադրում ենք՝ բոլոր։

 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

«Եթե այդ արհեստավարժ կառավարությունը լինելու է այնպիսին, ինչպիսին որ էին մեր իշխանության ժամանակ եղած «արհեստավարժ» կառավարությունները՝ Վազգեն Մանուկյանի եւ Հրանտ Բագրատյանի «օրոք», երբ ամեն մի «ժուլիկ» իր փողոցից էն կողմ՝ անհայտ, դառնում էր նախարար ու հետո էլ գնում էր երկրից՝ առանց պատասխանատվության, ապա մեզ պետք չէ այդպիսի արհեստավարժ կառավարություն»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ, «ՀՀ», 17 ապրիլի

Եթե նոր կառավարությունը կազմվել է առանց Վանո Սիրադեղյանի դիտողությունը հաշվի առնելու՝ ապա ակնհայտ է, որ ոչ մի տարբերություն չի լինելու հին կառավարությունների եւ նորի միջեւ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կառավարության անդամներ են դարձել ոչ թե իրենց «փողոցից էն կողմ անհայտ» ժուլիկները, այլ հայտնիները, ապա պատկերն այլ կլինի։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930