Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա է՞լ, լռենք… ինչո՞ւ

Ապրիլ 17,1998 00:00
shirak

Հանրապետության նախագահի հրաժարականից հետո, 40 տանջալից, բայց բախտորոշ օրեր ապրեցինք։ Տնտեսապես, սոցիալապես եւ բարոյապես քայքայված անկախ Հայաստանը հուսախաբված եւ հուսաբեկված իր ժողովրդով նորից հայտնվեց բախտորոշ անդունդի եզրին։ Լավ թե վատ՝ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը։ Սակայն հասարակությունը նորից հուսաբեկություն եւ հուսախաբություն պետք է ապրի, նորից կկորչի հավատը վաղվա, գալիք օրերի եւ նոր նախագահի նկատմամբ… Երկրում անդառնալիորեն նորից հաստատվում են այն իշխանությունները, որոնց կառավարման օրոք մեծապատիվ մուրացկաններ դարձանք։ Ժողովրդի ծանր տնտեսական ու սոցիալական վիճակի վրա իրենց անմոռանալի դրոշմն է թողնում Շիրակի մաֆիայի ղեկավար Գոմցյանը։

Հիմա է՞լ, լռենք… ինչո՞ւ

Արարատ Գոմցյանը Լ.Տեր- Պետրոսյանի օրոք Գյումրին տնտեսապես եւ սոցիալապես քայքայեց, իսկ հիմա Ռ.Քոչարյանի օրոք ուզում է հասնել քայքայման վերջնագծին։ Այդ բոլորի համար հույս եւ հավատ կա։ Արարատ Գոմցյանն Արարատ լեռան նման կանգուն նստած է Գյումրիի ժողովրդի ուսերին։ Նա ունի իր զինակիցները, որոնցից մեկը Սահակ Մինասյանն է, հավատարիմ եւ կամակատար։

500.000 դոլարն ընդունելության քննություններին

Սահակ Մինասյանը, որը հանձնաժողովի նախագահ էր, ոսկե սկուտեղով հանձնեց Գոմցյանին, երդվելով, որ իրեն փայ դեռ չի վերցրել։ Սակայն այդ այդպես չէր. նա աշխատել էր մոտ 800.000։ Գոմցյանի շահույթը միայն այդտեղից չի, այնտեղ կա նաեւ բուժմիավորում, ներքին գործեր, քաղաքապետարան եւ շատ ու շատ ոլորտներ։ Ունենք նաեւ սեւ ցուցակ, որտեղ նշված են այն մարդկանց անուն-ազգանունները, հասցեները, որոնց երեխաները շնորհիվ Սահակ Մինասյանի՝ ընդունվել են ինստիտուտ։ Բացի դրանից, այն մարդկանց անունները, որ պրն Գոմցյանը նշանակել է աշխատանքի 50-100.000 դոլարով։ Գոմցյանի անդավաճան շքախմբից է նաեւ Ռուբիկ Խաչատրյանը (առողջապահության բուժվարչություն), Աշոտ Գիզիրյանը (ՆԳ վարչության պետ), Մուշեղ Սաղաթելյանը եւ շատ ու շատ ղեկավարներ։ Ձեզ չթվա, թե սրանք լոկ խոսքեր կամ զրպարտանքներ են, ո՛չ, ունենք ստույգ ապացույցներ եւ չենք վախենում լույս աշխարհ հանելուց։

Վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, չարաշահելով ղարաբաղյան ծագումը, շատ է կապված պրն Գոմցյանին եւ նրա ոչ մի խոսքը գետնին չի գլորում։ Գոմցյան-Գիզիրյան եւ Սաղաթելյան եռյակը վատ չի իրագործում իր նախագծերը եւ առանց չարչարանքի հասնում է իր նպատակին։ Կարեւոր չէ, որ Մ. Սաղաթելյանը հիմա կալան. վարչության պետ է, սակայն ոչինչ չի խանգարում, որ նա Գյումրիից ստանա իր յուղոտ կտորը։ Ամբողջ Անիի շրջանը վախենում է սաղաթելյաններից, քանի որ նրանք «Աստծո ընտրյալններն» են եւ նրանք միայն իրավունք ունեն պատժելու որեւէ մեկին կամ աշխատանք տալու։ Արդեն համբերության բաժակը լցվել է, այնքան անօրինականություններ ենք տեսնում, որ զարմանքից ու վախից քար ենք կտրում։ Լեւոնի եւ Վանոյի օրոք նրանց թուրը ե՛ւ աջ էր կտրում, ե՛ւ ձախ, իսկ հիմա էլ՝ հյուսիս, հարավ, արեւելք եւ արեւմուտք։

Հարգելի Ռոբերտ Քոչարյան, ճի՞շտ է, որ Դուք ցուցումներ եք տվել, որ եթե ընտրվեք իրենց օգնությամբ, իրենց ջանքերով, անպայման նրանք կստանան իրենց ուզած պաշտոնները, քանի որ գոմցյանականները հաստատ գիտեն, թե ով որտեղ պետք է աշխատի։ Պրն Գոմցյանը նախապես բաժանել է աշխատանքները, քաջ գիտակցելով, որ Դուք իրեն հուսախաբ չեք անի, չէ՞ որ նա ձեր վստահված անձն էր Շիրակի մարզում։ Պրն Ռոբերտ Քոչարյան, Գյումրիի տարածքային ՆԳ վարչության պետ Գիզիրյանը եւ պրն Գոմցյանը երկու թագակիրներ են Շիրակում։ Նրանք են կարգավորում «լավ տղերքի» հարցերը եւ իրենք են որոշում նրանց դիրքը հասարակության մեջ։ Նրանց թեւ ու թիկունք Մ.Սաղաթելյանը՝ «ամենակարող արարիչը», ոչ մեկին թույլ չի տա նրանց կամքին հակառակ գնացող լինի. «Հարց չկա, տեղում կգյուլլենք կամ կփչացնենք»։

Գյումրիի տնտեսության քայքայումը կհանգի իր վերջնական եզրագծին, եւ հասարակության բարոյական անկումն էլ ավելի կխորանա։ Մ. Սաղաթելյանի եղբայրները, հորեղբոր տղաները գնել են Գյումրիի տարածքը։ Օրինակ, կենտրոնական շուկան տնօրինում է Սամվել կոչվածը՝ եղբայրը, մյուս հորեղբոր տղան՝ Հակոբը, միլպետ է առանց դիպլոմի. «Դե գնա ու տրաքվի»։ Մի խոսքով, «էլի շատ խաղ գիտեմ, ձենս չի գա»։ Արարատ Գոմցյանը թալանել է Գյումրին, դարձրել Անիի ավերակները եւ այսքանից հետո նորից նա պետք է կառավարի։ Հարգելի նորընտիր նախագահ, հարգարժան Ռոբերտ Քոչարյան, Ձեր ընտրությունների ժամանակ ես հանդես եմ եկել ժողովրդի մեջ՝ որպես Ձեր երաշխավորված անձը եւ մեծ հավատ ու հույս եմ ներշնչել ժողովրդին, որ Ձեր ծրագրերի իրագործումը կհասցնի այնպիսի պետության ստեղծման, որտեղ ապահովված կլինեն սոցիալական արդարությունը, մարդու իրավունքները, կերաշխավորվի երկրի եւ քաղաքացիների պաշտպանվածությունը։

Ես հանդես եմ գալիս ժողովրդի անունից եւ խնդրում եմ Ձեզ, որ ճիշտ եւ ռեալ գնահատական տաք։ Ես հավատում եմ, որ Դուք, պրն Քոչարյան, Ձեր բանականությամբ, Ձեր խիզախ ու ազնիվ բնավորությամբ վերջ կդնեք Գյումրիում կատարվող անօրինականություններին։

ՀԻԼԴԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930