Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակներ՝ ըստ Հրանտ Բագրատյանի ՆԵՐԿԱ, ԱՆՑՅԱԼ, ԱՊԱՌՆԻ

Ապրիլ 17,1998 00:00
hrant bagratyan

ՆԵՐԿԱ

-Ասուլիսում խոստացել էիք ընտրությունների ավարտից հետո հայտնել, թե ում օգտին եք քվեարկել։

-Ձեզ չէի խոստացել երկու ազգանուն ասել։ Ընտրությունների երկու փուլում էլ տարբեր մարդկանց օգտին եմ քվեարկել։ Այլեւս նպատակահարմար չեմ համարում նրանց ազգանուններն ասել։

-Ձեր այն արտահայտությունը, թե հասարակությունը պիտի «սոցիալիզմի, կոմունիզմախառն ալիք ապրի, համոզվի, որ սա էլ բան չի բերում», որ վերադառնա ազատականությանը՝ ենթադրության տեղիք տվեց, թե հանուն այս վերադարձի պատրաստ էիք Դեմիրճյանի օգտին քվեարկել։

-Նորից փորձում եք պարզել, թե ձայնս ում եմ տվել։ Մոռանանք այդ հարցը։ Իսկ այդպիսի ալիք, այո, պետք է ապրենք, մինչեւ վերադառնանք իրական ժողովրդավարական արժեքներին։

-Արմեն Դարբինյանին, որին ժամանակին տարբեր պաշտոնների եք նշանակել, ինչպե՞ս կբնութագրեք։ Նրան «երիտասարդ բարեփոխիչ» կանվանեի՞ք։ Ձեր գնահատմամբ, տնտեսական ի՞նչ քաղաքականություն կվարի նոր վարչապետը։

-Այն ժամանակ, ինչ պաշտոնում աշխատել եմ՝ չեմ փոշմանել։ Անձնապես էլ տպավորությունս միշտ ոչ վատ է եղել։ Նշանակված ամեն վարչապետի նկատմամբ ես ներքին համերաշխության զգացողություն եմ ունեցել եւ չեմ ցանկանա այժմ մեկնաբանություններ անել՝ ոչ գովել, ոչ էլ քննադատել։ Կուզենայի, որ նրան հաջողությունն ուղեկցի։

Իր երդման արարողության ժամանակ նախագահը խոսում էր բարեփոխումները շարունակելու մասին։ Այսինքն՝ վերջին մեկ ամսում նախկին իշխանության եւ կառավարությունների քննադատությունն ու հակաքարոզչությունը, որոնց հիման վրա անցան նախագահական ընտրությունները՝ նահանջում են։ Ուրեմն, նախկին 7 տարիներին կատարված աշխատանքների փնովումը զուտ նախընտրական նկատառումներով էր, եւ իրականում այդպես չէին մտածում։ Մյուս կողմից էլ՝ մեկ ուրիշի գործը կամ ծրագիրը շարունակելն անհնար է։ Չի կարելի իրականացնել Բագրատյանի բարեփոխումները, պարտավոր են իրենց ծրագիրն իրականացնել։ Պետական լրատվական միջոցներով ասվեց նաեւ այն մասին, որ 1997-ը տնտեսապես անհաջող էր 1996-ի համեմատ։ Մինչ հիմա ճիշտ հակառակն էինք լսում։ Այս ամենը տեսնելն արդեն որպես ինքնաքննադատություն եմ ընկալում՝ լավ է ուշ, քան երբեք։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քաղաքականություն կվարվի՝ չեմ կարծում, որ նրանք հնարավորություն ունեն էապես փոխելու պատմության ընթացքը, որն, անշուշտ, դեպի ժողովրդավարական հասարակություն է։ Իհարկե՝ ժամանակավոր շեղումներով։ Հիմա Հայաստանում իշխանության ավելի շատ կենտրոնացում տեղի կունենա։ Եվ հայկական պետական այրերը իրենց «ճղելու» են, ցույց տալու համար, թե ժողովրդավար են։

Այնուամենայնիվ, կոռուպցիայի վտանգն էլ 1998-ին առարկայորեն շատ ավելի մեծ է, քան 1995-ին կամ 1996-ին։ Իշխանության ապագա կենտրոնացումը իրական ժողովրդավարության եւ շուկայական բարեփոխումների ճիշտ հակոտնյան է, եւ մի երկու տարի հետո այն կվերանա։ Իսկ մինչ այդ պետք է պայքարել, որ ներքին թշնամի որոնելու գործընթաց չսկսվի, փորձել ազդել իշխանությունների վրա, որ ճիշտ հունի մեջ լինեն։ Ի դեպ, իշխանության կենտրոնացման պայմաններում, առաջին դեմքից հետո հաջորդի՝ վարչապետի դերը գնալով ավելի է նվազում։

-Ի՞նչ եք կարծում, տնտեսական քաղաքականության թելադրողն, այնուամենայնիվ, նախագա՞հն է լինելու, թե՞ վարչապետը։

-Դժվարանում եմ ասել։ Ակնհայտ բեւեռ չեմ տեսնում։

-Դեսպանների եւ այլեւայլ մեծ պետությունների ղեկավարների շնորհավորական ուղերձները ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը խնդրահարույց նախագահ է դիտվում հակամարտության կարգավորման առումով։

-Ծանոթ չեմ եւ չեմ ուզում պատասխանել որեւէ երկրի ներկայացուցչի։ Որպես հայ մարդ՝ կարող եմ մեր նորընտիր իշխանություններին ասել հետեւյալը.

ա) մի փորձեք այդ խնդիրը գլոբալիզացնել։ Չեմ կարող ասել՝ դա հնարավոր է, բայց ինչքան խնդիրը գլոբալիզացվի՝ այնքան մեր օգուտը չէ,

բ) որոշ երկրներ կուզենան Հայաստանը տեսնել տարածաշրջանի «չար տղայի» դերում։ Մեզ դա հարկավոր չէ։ Միշտ էլ, երբ պետությունների ձեռքում խաղալիք ենք դառնում՝ տուժում ենք,

գ) կառավարությունը ձեւավորելիս այնպես անենք, որ պետությանը հավատարիմ մարդիկ լինեն, շատ զգուշանանք, որ գործակալներ չհայտնվեն,

դ) ներքին միասնականությունը հնարավոր է միայն բազմակարծության, մասնավոր սեփականության ու ժողովրդավարական հիմքի վրա, ոչ թե հակառակը։ Չենք կարող սոցիալական հարցերում միասնականանալ, ու մեզ դա պետք էլ չէ,

ե) «աման, երկիրը պիտի սիրեմ, յարատեւ պայքարի պիտի երթամ» ասելու փոխարեն, լավ կլիներ իմանալ, որ Հայաստանի ու Ղարաբաղի արանքում մի տարածք կա, որտեղ այսօր գրեթե ոչ ոք չի բնակվում։ Եվ մեծ-մեծ չխոսենք այլ տարածքների մասին։

-Դուք Քոչարյանի ծրագիրն իրատեսական եք անվանել։ Այնտեղ, ասենք, խնայդրամարկղի ավանդների վերաբերյալ «հնարավորությունների մշակում» դրույթը կա։ Հնարավո՞ր է, իրոք կորած խնայողությունները վերադարձնել։

-Իհարկե, եթե այլ թեկնածուների հետ համեմատենք, որոնք չունեցած փողն են վերադարձնում, ապա Քոչարյանը պարզապես շատ ավելի քիչ էր խաբում ժողովրդին եւ ինձ մնում էր փառք տալ «փոխհատուցման» փոխարեն «հնարավորությունների մշակման» կողմնակցին։ Ես վստահ եմ, որ այդ հնարավորությունները կմշակվեն 5 տարի շարունակ։ Որեւէ կասկած չունեմ, որ նա մի լուրջ գումար չի վերադարձնելու, բայց գոնե չի էլ գրել, թե կվերադարձնի։ Պետական պարտք ձեւակերպելն էլ գեղեցիկ քայլ է։ Ընդամենը։

-Բայց ոռոգման ջրի սակագինն իջեցրեց, չէ՞։ Թե չէ, Դուք ասում էիք, որ եթե ամենավերջին կոմունիստն էլ լինի՝ ձրի ջուր չի լինելու։

-Ոռոգման ջրի գինը սարսափելի մի բան էր։ Եթե բյուջեում փող եք գտել՝ Բագրատյանը դեմ չի։ «Կտրոնի» ձեւով տանեիք գյուղացուն բաժանեիք, եթե ժողովրդավար էիք ու բարեփոխումներին կողմնակից։ Ինչո՞ւ պիտի գյուղնախարարությանը լրավճար տրվի։ Կներեք, այստեղ ոչ գյուղացին է հաղթել, ոչ էլ կառավարությունը։ Հաղթել են ոռոգման համակարգի չինովնիկները, որոնք պետական հսկայական լրավճարներ կստանան, եւ ահագին կընդլայնվի ստվերային տնտեսության դաշտը։ Կտեսնեք, թե այս տարի ոռոգումն ինչպես կլինի։ Սակայն շուկայական քաղաքականություն տանող կառավարության կողմից սխալ է սպառողին խրախուսելու փոխարեն արտադրողին լրավճար տալը։

-ԵԱՀԿ-ի խիստ հայտարարություններն ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշները պայմանավորում են գերտերությունների այս տարածաշրջանում ունեցած շահերով։ Համաձա՞յն եք։

-Անշուշտ, ԵԱՀԿ-ն գուցե եւ կուզենար ճնշումներ բանեցնել։ Բայց համաձայնեք, որ մենք այդուհանդերձ փայլուն ընտրություններ չենք անցկացրել։ Ուրեմն խնդիրներ կան, առիթը տվել ենք։ Բայց չէի ուզենա, որ ներքին խնդիրներին ԵԱՀԿ-ն խառնվեր՝ ժողովրդավարությունը մեզ է պետք եւ ոչ ԵԱՀԿ-ին, եւ հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի շատ ճնշման տեղիք չեն տա։ Դե ժողովրդավարությունն էլ խոսքերով չի, եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի (ինչը նախկինում չարվեց, նախկին վարչակարգի միջեւ մեծ վեճ առաջացրեց եւ, ի վերջո, ես հեռացա), թե նախնական կալանքի բոլոր կետերը հանձնված են, ասենք, դատախազությանը կամ արդարադատության նախարարությանը, կասեմ՝ այ որոշակի քայլ ու կհավատամ, որ առաջ ենք գնում։ Նախաքննությունն ու քննությունն իրարից անջատվելու են, այս ամենն ընդամենը մի քանի հրամանագրի կամ օրենքի փոփոխության հարց են։ 1996-ին ես ասում էի՝ թողեք երեք ամսում դատաիրավական փոփոխություններն անենք, ինչպես հողի բարեփոխումներն էինք արել։ Չթողեցին, եւ ես հեռացա։ Շատ քայլեր կան, որոնք, եթե այսօր անենք, վիճակն էապես կթուլացնեն։

-Բոլոր լրատվամիջոցներն արձանագրել էին, որ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության օրը Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենաջերմը ողջագուրվեց եւ ամենաերկարը համբուրվեց Ձեզ հետ։

-Մենք անձնական խնդիր չունենք։ Նա նախագահ էր՝ 1996-ին պիտի իր ընտրությունը կատարեր։

-Ձեր եւ ուժայինների՞ միջեւ։

-Դե, երեւի այդպես ստացվեց։

-Այժմ հանդիպո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, քննարկում անցած տարիները, սխալները մատնանշում։

-Թույլ տվեք անձնական հարցերի չպատասխանել։

-Հրապարակվեց, թե ասել եք, որ Դաշնակցությունն ու «Երկրապահը» պիտի վերանան։ Հետո հերքեցիք, ասելով, թե նկատի եք ունեցել նրանց առանձին ներկայացուցիչների։ Այնուամենայնիվ, չեք սիրում, հա՞, նրանց։

-Խոսքս միայն ընտրություններին է վերաբերել, եւ անուններ են տրվել։ Ես ասել էի, թե քանի այդպիսի մարդիկ կան՝ այս երկրում ոչինչ չի ստացվի։ Թե չէ սիրել-չսիրելու խնդիր որեւէ մեկի հետ չունեմ։ Հուսով եմ, որ Դաշնակցությունն առաջիկա տարիներին էական փոփոխությունների կենթարկվի։ Հայաստանի հողի վրա նա, ի վերջո, պիտի մեր օրենքներով գործի եւ չի կարող անընդհատ արհեստականորեն խրախուսել ոչ կառուցողական, ազգայնական զգացմունքները, որոնք տարանջատում են մարդկանց։ Բացի այդ, ՀՅԴ-ն պիտի գործի իբրեւ թափանցիկ քաղաքական համակարգ։ «Երկրապահի» հետ էլ խնդիր չկա։ Ես ուղղակի չեմ սիրում այն մարդկանց, որոնք ահագին ժամանակ է երկրապահներին հաջողությամբ իբրեւ խաղաքարտ են օգտագործում։ Այդ երեւույթը հստակ տեսնում եմ եւ ատում եմ նման փորձերը։ Իսկ եթե այդ մարդիկ ուզում են, որ երկրապահները մնան քաղաքականության մեջ, ապա պետք է գրանցվեն որպես կուսակցություն եւ զինված ուժերում որեւէ պաշտոն չզբաղեցնեն։

ԱՆՑՅԱԼ

-Դեմիրճյանը հերքեց, որ միասին թեյ եք խմել։ Այնուամենայնիվ, ի՞նչ փոխհարաբերություններ եք ունեցել։

-Ասել եմ այն, ինչ որ տեղի է ունեցել։ Մնացածն ինձ չի հետաքրքրում։

-Ասացիք, թե կառավարությունը պիտի այնպես ձեւավորվի, որ գործակալներ չհայտնվեն։ Դուք այդ հանգամանքը պարզո՞ւմ էիք մինչեւ նախարարներ նշանակելը։

– Ես էլ քիչ տականքների չէ, որ գործի եմ նշանակել, բայց գիտեի, որ կառուցվածքային բարեփոխումներ եմ անում, ու ինչքան փոքր լինի չինովնիկի դերը եւ ինքնագործունեության դաշտը, այնքան վտանգը քիչ կլինի, եւ քիչ տականքներ կլինեն, թե չէ պոտենցիալ կաշառակերները լիքն են։ 1996-ի նոյեմբերին, երբ հեռացա իբր կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ 9 նախարարներ փոխեցին, նրանցից 7-ի վերաբերյալ չէի ասի, թե ավելի անբասիր մարդիկ եկան։ Ես ապշած էի։

-Նախկին կառավարությունների անդամներից շատերն այսօր Հայաստանում չեն ապրում։ Կարելի՞ է, ուրեմն աշխատանքը ձախողել, միայն գրպանն ուռեցնել եւ թողնել այստեղից հեռանալ։

-Վստահ չեմ, որ այդպիսի շատ նախարարներ կան։ Հակառակը կարող եմ ասել, որքան ազնիվ, ոչինչ չարած նախարարներ են եղել, որոնք շարունակում են նույն բնակարանում ապրել, այնքան նրանց քիչ են հիշում ու գործ չեն տալիս։ Իսկ փող աշխատողներին (անուններ չեմ ասի) աշխատանք տվել են։ Ավելին, որ ասում են, թե կպատժեն նախկիններին՝ ես լավ գիտեմ, որ խոշոր գումարներ աշխատածը չի պատժվելու։

-Հենց փողն ու վերեւ ուղարկված գումարներն էլ վճռորոշ չե՞ն դառնում, որ նրանք նոր գործ ստանան եւ արածների համար չպատժվեն։

-Չեմ կարող ասել։ Լկտի, աներես այն բյուրոկրատը, որին պատուհանից հանում ես, դռնից է մտնում՝ իր տեղը միշտ գտնում է։ Մեկ էլ տեսնում ես, որ նորից կանգնած է նոր իշխանության կողքին։ Տեսեք, թե բյուրոկրատիան ինչպես հարձակվեց Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար սպանում, կոտորում էին իրենց չինովնիկները։ Ես համոզված եմ, որ երբեմն այնպիսի խախտումներ էին անում, որ տվյալ տեղում հեչ պետք չէր։ Եվ նրանք կվերապրեն։

-Դատաիրավական բարեփոխումների շուրջ ծագած վեճի պատճառո՞վ միայն 1996-ին հեռացաք։

-Միայն այդ չէր։ Դա պատճառներից մեկն էր, բայց հիմնական վեճն, իհարկե, ոչ անձնական էր, այլ կառուցվածքային։ Այն ժամանակ ՆԳ համակարգը պարզապես երկիրն էր արգելակում, բայց արդյունքում ՆԳՆ-ին ԱԱՆ-ն ավելացրին։ Կամ հիմա էլ է բանակը շարունակում պետության մեջ պետություն լինել։ Մյուս կարեւոր խնդիրը ՀՀՇ-ի ներսում էր։ 1996-ի ընտրություններից առաջ նույնը տեղի ունեցավ, ինչ այժմ՝ բոլորը սոցիալական հարցերից էին խոսում։ Որոշ գործիչների մեկ-մեկ ասում էի՝ սեփական գործարանն ունես, դրա համա՞ր ես սոցիալական հարցերի մասին խոսում, մտահոգված ես՝ տունդ ծախիր՝ տար մարդկանց բաժանիր։

-Ո՞ւմ եք ասել։

-Չեմ ասի։

-ՀՀՇ-ի նախկին գործիչներից մեկն ասաց, թե բոլոր վարչապետներին Վանո Սիրադեղյանն էր իրականում հեռացրել, եւ Քոչարյանի դեպքում միայն հակառակը եղավ։ Այնուամենայնիվ, Ձեր հրաժարականի պատճառների շարքում ո՞ր տեղում է Վանո Սիրադեղյանի գործոնը։

-Ամփոփենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք համարվում էր, թե Բագրատյանի հետ հակասություններ ունեին՝ այսօր չկան, նո՛ւյն պատճառաբանությամբ։ Այլ հարց է, որ նախկին ուժերի որոշ մասը մնացել է։ Բայց ինձ թվում է, թե նախկին նախագահն այս ընթացքում առիթ ունեցավ համոզվելու, որ այն ժամանակ ճիշտ հակառակ որոշումն էր կայացրել։ Ես դաստիարակված մարդ եմ, եւ երբ նախագահի հետ աշխատելն այլեւս հնարավոր չէր՝ ինքս դիմում գրեցի եւ հեռացա։

-Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը «Լրաբերը» հաղորդեց, թե Դուք զանգահարել եւ շնորհակալություն եք հայտնել։ Ինչո՞ւ։

-Մի՞թե չի կարելի։ Մի՞թե կուլտուրան այնքան չի հերիքում, որ 7 տարի աշխատած նախագահին շնորհակալություն հայտնենք իր աշխատանքի համար։ Գտնում եմ, որ ճիշտ է, գուցե 1996-97-ին նա սխալներ թույլ տվեց, բայց մարդն ահագին մեծարժեք գործ էր արել։ Երբ ընդունում էին նրա հրաժարականը, պատգամավորներն այդքան շնորհք չունեցան որեւէ բառ ասել։ Եթե այդպես ենք վարվում ՀՀ առաջին նախագահի հետ, ավելի լավ չենք վարվելու հաջորդների հետ։

-Դուք ասուլիսում պատմում էիք, թե այն ժամանակ հեռուստատեսությունում կրճատել էին Ռուսաստանի կառավարության նախագահի՝ Ձեր հասցեին ասած դրվատալից խոսքերը։ Իշխանության բուրգը կողքից դիտող լրագրողներիս համար դժվար պատկերացնելի է, որ այդպիսի աստիճանի կարող է հասնել միմյանց վատություն անելու ձգտումը։

-Այո, սարսափելի էր։ Եղել է, գիտեմ, թե դա ով է արել։ Իհարկե, Տեր-Պետրոսյանը չէ՝ ուրիշները։ Բանը հասել էր նրան, որ հատկապես վերջին ամիսներին հատուկ հետեւում էին, որ հանկարծ մի երկու լավ բառ Հայաստանի կառավարության հասցեին մամուլ չհասնի։

-Իսկ վատ բառե՞րը։ Օրինակ, մի ժամանակ շատ տարածված մի պատմություն կար, թե ինչպես է Ձեզ հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանին ասել՝ «Որտեղի՞ց ես գտել այդ գանգրահեր», եւ մի վիրավորական բառ էր ասվել։

-Բացարձակ սուտ է, նման բան չէր կարող լինել։ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ փոխըմբռնում եւ լավ հարաբերություններ կային։ Գոնե Հրանտ Բագրատյանի դեպքում միշտ այդպես էր։

-ՀՀՇ-ի Ձեր երբեմնի գործընկերների կողմից այսօրինակ մեղադրանքներ էին հնչում, թե քանի որ Բագրատյանը գիտեր, որ անկախ 1996-ի ընտրությունների արդյունքներից, ինքը պիտի հեռանա՝ ուստի ողջ կառավարությունը չաշխատեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Ձեզ նման լուրեր հասնո՞ւմ էին։

-Իհարկե։ Բա էլ ինչպե՞ս պայքարեին Բագրատյանի դեմ, վարկաբեկեին այդ մի քանի ոչ պարկեշտ անձնավորությունները, որոնք կային ՀՀՇ-ում։ Արդեն մի տարի առաջ նրանք զգացել էին, որ Բագրատյանը կարող է չլինել։ Իսկ քանի Բագրատյանը կար՝ նրանք, իհարկե, երդվում էին իմ անունով։ Հարգելով Վազգեն Մանուկյանին, կրկնեմ, որ 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ ընտրել։ Եվ հիմա կարող եմ ասել, որ եթե Արարքցյանը չլիներ շտաբի պետը, այլ ես՝ Տեր-Պետրոսյանն արդար ձեւով կհաղթեր այդ ընտրություններում։

-Համոզվա՞ծ եք։

-Ես Ձեզ վստահեցնում եմ, որովհետեւ չի կարելի հաղթել ընտրություններում Գյումրիի «ակծիվի» հետ հանդիպումների միջոցով։ «Ակծիվս» ո՞րն է շուկայական տնտեսության պայմաններում։ Տեր-Պետրոսյանը պետք է դուրս գար փողոցները եւ մարդկանց ներկայացներ արվածը, իսկ ասելու շատ բան կար։ Իսկ իրեն ուզում էին դարձնել նախագահ, քանզի այդ դեպքում կարող էին որոշել, թե ով է լինելու վարչապետը, այս կամ այն նախարարը։

-Իսկ նման լուրերը դարձյա՞լ Ձեզ վարկաբեկելու համար էին տարածվում. ներիշխանական շրջանակում համառորեն պտտվող ասեկոսեներից էր, թե Ձեր օգնական թե խորհրդական Սուսաննան՝ Արմենակ Ղազարյանի տիկինը, ավելի մեծ ազդեցություն ուներ, քան կառավարության շատ անդամներ։

-Եվ դուք լո՞ւրջ եք համարում այս հարցը։ Հայկական իրականության ճիշտ պատկերն է՝ մեկ աշխատողին 7-8 «բալաստ» է բաժին ընկնում, որոնք որոշակի գործ չունեն՝ ինչ-որ բան պիտի գտնեն խոսելու։

-Դարձյալ մի նման հարց. անմիջապես Ձեր հեռացմանը հաջորդեց Արշալույս գյուղում ուժայինների խնջույքի տեսագրության շրջանառության մեջ հայտնվելը։ Դրա մասին առաջին հիշատակությունը «Լրագիր» օրաթերթում հայտնվեց, որի մասին կարծիք կար, թե Ձեր հովանավորությունն է վայելում։ Հետեւեցվեց, թե տեսաերիզի տարածումը յուրօրինակ վրեժխնդրություն է Ձեր կողմից։

-Այդ ի՜նչ եք ասում։ Եթե իմանայիք, թե ինչքա՜ն հեռու եք ճշմարտությունից։ Պատկերացրեք, որ այդ տեսաժապավենը չեմ էլ տեսել։

-Իսկ սա արդեն բամբասանք չէ, այլ հրապարակված պնդում։ ՀՀՇ-ի եւ «Հանրապետության» անդամ կուսակցությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, թե միավորման ծրագիրն անիրագործելի էր, քանզի շատ հարցերում Հրանտ Բագրատյանն իրենց ուղղակի թյուրիմացության մեջ էր գցել։

-Լավ կլիներ, որ այս հարցը տալուց առաջ վերցնեիք «Հանրապետություն» միավորման ծրագիրը եւ տեսնեիք, թե մինչեւ 1996-ի նոյեմբերը՝ տարիուկեսում Բագրատյանի կառավարությունը որքանո՞վ է հասցրել այդ ծրագիրն իրագործել։ Եվ կտեսնեիք, որ եթե նշված է՝ «14 ժամ էլեկտրաէներգիա» արդեն մի տարի առաջ ժողովուրդը 24 ժամ լույս ուներ եւ այլն։ Իմ գնալուց մեկ շաբաթ հետո բացվեց նաեւ մետրոյի «Չարբախ» կայարանը՝ պարզ է, որ այդ շաբաթում չէին կառուցել։ Մի քանի ամիս հետո էլ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը գործարկեց Հերհերի հիդրոկայանը։ Իսկ 1997-ից հետո այդ ծրագիրն արդեն ոչ ոք չէր պատրաստվում իրագործել։ Ի դեպ, այդ ծրագիրը լավագույններից մեկն էր ու կատարվում էր մինչեւ իմ հեռանալը։

ԱՊԱՌՆԻ

-Ասացիք, թե պետք է պայքարել, որ ներքին թշնամի որոնելու գործընթաց չսկսվի։ Այդպիսի վտանգ եք տեսնո՞ւմ։

-Անպայման, որովհետեւ սկզբունքներ չեմ տեսնում։ Չեմ կարող տեսնել սոցիալական հարցերում՝ սոցիալիզմ, քաղաքական հարցերում՝ ժողովրդավարություն, տնտեսական հարցերում՝ շուկա եւ ազգային հարցերում ազգայնականություն քարոզող մի «կալամբուր», «կոնգլոմերատ»։

-Ուրեմն, կիսո՞ւմ եք Վազգեն Մանուկյանի այն մտահոգությունը, թե Հայաստանը հնարավոր է դարձնեն Ղարաբաղի պես՝ առավելագույնս պատերազմի շահերին հարմարեցված տնտեսությամբ մի պետություն։

-Ոչ, չեմ կիսում, որովհետեւ չի կարելի Հայաստան տեղափոխել այն, ինչ Ղարաբաղում երբեք չի եղել։ Եվ հակառակը, դեռ 1992-ին՝ պատերազմական թեժ գործողությունների ժամանակ իմ 6-7 այցելությունների ընթացքում ձեռնարկեցինք գների ազատականացում (որպեսզի անասուններին այնտեղից այստեղ չբերեին), էներգետիկ ինտեգրացիա եւ այլն։

-Ձեր փորձը, գիտելիքները եւ հնարավորությունները Հայաստանի համար չեն օգտագործվում. առաջարկներ չե՞ն եղել, թե՞ եղածները Ձեզ հարմար չեն եկել։

-Ես միշտ այդ հարցին խուսափողական պատասխաններ եմ տվել։ Հաշվեք, թե այժմ էլ չեմ պատասխանում։

– Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը իշխանությունը կիսել։ Մանավանդ որ վերջինիս ազդեցությունն ավելի կմեծանա երկրորդ անգամ նախագահական ընտրություններում վճռորոշ դեր խաղալուց հետո։

-Նրանց փոխհարաբերություններն ինձ չեն վերաբերում։ Բայց պաշտպանության նախարարի՝ քաղաքական գործընթացներին անընդհատ խառնվելու առնչությամբ՝ հիշենք, որ ամեն ինչ վերջ է ունենալու։ Եվ մի բան էլ հիշենք՝ ինչքան արագ ենք որեւէ բարձունք բարձրանում, այնքան արագ ենք ստիպված լինելու այնտեղից իջնել։

-«Ազատություն» կուսակցությունն այսօր ընդդիմադի՞ր է։

-Դե երեւի, հա։ Չգիտեմ, թե ընդդիմադիրն ինչ է։ Այսքան զրուցեցինք, ի՞նչ եք կարծում, ես ընդդիմադի՞ր էի։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930