Լրահոս
Օրվա լրահոսը

Մի-մի հրթիռ՝ ամեն հայ ընտանիքին

Ապրիլ 17,1998 00:00
hrtir

Մեկ անգամ չէ, որ Հայաստանին մեղադրել են ապօրինի զենք ու զինամթերք ներմուծելու հանցանքի մեջ։ Այսօր այդ միտումը սպառնում է վերածվել ավանդույթի, եւ ինչպես նախորդ դեպքերում, նախաձեռնողները նույնն են։ Իր անհաջողությունների ու պարտությունների մեղքը վերագրելով արտաքին ուժերի միջամտությանը, մեկ տարի առաջ Ադրբեջանը աշխարհով մեկ աղմուկ բարձրացրեց այն մասին, թե իբր Ռուսաստանը Հայաստանին շուրջ մեկ միլիարդ դոլարի անօրինական զենք է մատակարարել եւ այն էլ՝ անհատույց։ Մինչ օրս շարունակվում է այդ գործի հետաքննությունը։ Ու թեեւ այդպես էլ ոչինչ չի հայտնաբերվել, Բաքուն շարունակում է պնդել իր մեղադրանքները։ Բոլորովին վերջերս ռուսական կողմը ստիպված էր հանդես գալ նոր առաջարկով, այն է՝ ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ այդ խնդիրը վերջնականապես պարզաբանելու համար։ Բայց Ադրբեջանը չէր պատրաստվում բավարարվել այդքանով։ Մեկ միլիարդանոց հիստերիայից շատ չանցած, Հեյդար Ալիեւը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի էջերից հայտարարեց, թե իբր Հայաստանն այս անգամ Ռուսաստանից քիմիական զենք է ստացել։

Բարեբախտաբար, այս անգամ որեւէ մեկն առանձնակի նշանակություն չտվեց ասվածին՝ ընկալելով, որ դա հակահայկական քարոզչության հերթական տրյուկն է։ Պարզվեց, որ նույնիսկ ձախողումը չի հուսահատեցնում ապատեղեկատվության հեղինակներին։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի արտգործնախարարը մի երրորդ փորձ կատարեց հետեւելու իր շեֆից ժառանգած ավանդներին։ Տաշքենդում հանդես գալով միջուկային զենք չտարածելու խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում, նա Հայաստանին մեղադրեց այն բանում, թե վերջինիս միջուկային մարտագլխիկներ են մատակարարել, եւ Երեւանը զարգացնում է միջուկային սպառազինման իր ծրագրերը։ Հայաստանին եւ հավանաբար նաեւ համաժողովում ներկա երկրների պատվիրակներին թերեւս այլ բան չէր մնում, քան՝ ներողամիտ ժպիտով վերաբերվել նման պնդումներին։

Հետո հաջորդեցին հեռահար հրթիռներ, անթիվ-անհամար կործանիչներ, նույնքան գերժամանակակից տանկեր ստանալու մասին լուրերը։ Եթե ադրբեջանցիների պնդումների գոնե կեսի կեսը մոտ լիներ իրականությանը, յուրաքանչյուր հայաստանցի այսօր կարող էր անխռով ապրել՝ վստահ, որ իր երկիրն ամենապաշտպանվածն է գոնե՝ տարածաշրջանում։ Բաքվի հորինվածքն այս կետի վրա էլ կարելի էր համարել սպառված, եթե չլիներ նրա ավագ եղբայրը՝ Թուրքիան, որն անսպասելիորեն վճռեց շարունակել անհաջողության մատնված խաղը։ Բոլորովին վերջերս թուրքական թերթերը լրատվություն հրապարակեցին այն մասին, թե իբրեւ Ռուսաստանը մոտ ժամանակներս պատրաստվում է մեծ քանակությամբ հրթիռներ վաճառել Հայաստանին։ Նույնիսկ փորձ չանելով ապացուցել տեղեկության հավաստիությունը՝ թուրքական կողմը անմիջապես ձեռնամուխ է լինում հետեւություններին՝ համոզված նշելով, թե այդ հրթիռների շնորհիվ Հայաստանի առաջին գործն է լինելու Ղարաբաղը հիմնովին անջատել Ադրբեջանից, ինչը այլ բան նշանակել չի կարող, քան պատերազմի վերսկսում։

Մեղադրանքների իր մասնաբաժնից զերծ չի մնացել նաեւ Ռուսաստանը, որի հասցեին մասնավորապես «Հյուրիեթ» թերթը հետեւյալն է գրել. «Նման կացության մեջ Հայաստանին հրթիռներ վաճառելու Մոսկվայի արարքը համազոր է կրակի վրա յուղ լցնելուն։ Այնպես է թվում, որ Հայաստանը գլխացավանք է պատճառելու Թուրքիային»։ Ուշադրություն դարձնենք վերջաբանին։ Այսինքն, Ադրբեջանի հետ պատերազմելը Բաքվի համար էական չէ, սակայն գլխացավանք է Թուրքիայի համար։ Մեղադրանքներ հրապարակելը դեռեւս մեղքի ապացույց չէ։ Սակայն տարօրինակը մեկ այլ բան է։ Եթե այս մասին պնդեին այլ երկրներ ու կազմակերպություններ, կարելի էր ինչ-որ առումով դրանց որոշակի նշանակություն տալ։ Սակայն թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան Հայաստանին մեղադրելու նույնիսկ բարոյական իրավունքից են զրկված։ Դեռ պատերազմի տարիներին ողջ աշխարհն իմացավ, որ հայկական բնակավայրերը գնդակոծվում են թուրքական արտադրության զենքերով ու զինամթերքներով։ Ամենքն էին տեղյակ, որ այն թեժ օրերին Ադրբեջանն էր Ուկրաինայից ստանում տանկեր, իսկ իր խփված ու շարքից դուրս եկած զրահատեխնիկան նույն ինքնաթիռներով առաքում էր այնտեղ՝ վերանորոգման։ Եվ դարձյալ, ոչ թե Հայաստանը, այլ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն իր զեկուցագրում նշեց, թե շվեյցարական «Ինտորա» ընկերության միջնորդությամբ Ադրբեջանը 8 միլիոն դոլարի «Օդ-օդ» տիպի հրթիռներ է վաճառել Պերուին։ Հայաստանը նման շռայլություն միայն կերազեր։ Այլեւս գաղտնիք չէ, որ հրադադարի ողջ ընթացքում Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր զինանոցը համալրելու, բանակը զինելու համար։ Այդ ծավալները վաղուց են գերազանցել սահմանված եւ թույլատրելի չափերը։ Սպառազինության այդ մրցավազքը քողարկելու նպատակով Բաքուն Անկարայի աջակցությամբ փորձում է վարվել հայտնի առակի այն գողի պես, որն ամենաբարձրն է գոռում. «Բռնեք գողին»։ Այնպես որ, եթե վաղը լսեք, թե Սեւանա լճում միջուկային մարտագլխիկներով սուզանավեր ու հածանավեր են լողում, զարմանալու հարկ չկա։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930