«Նոր կառավարության ձեւավորումից առաջ ՀՀ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանին «Առավոտը» հարցրեց.
– Ըստ Ձեզ՝ Դուք կմնա՞ք այս պաշտոնում։
– Եթե իրենք ուզում են, ես էլ եմ ուզում, իրենք չեն ուզի, ես էլ չեմ ուզի»։
«ԱՌԱՎՈՏ», 16 ապրիլի
Կարդացեք նաև
Ուզել էլ կա՝ ուզել էլ: Եթե լավ չուզեն՝ պրն Մարտիրոսյանը երեւի թե չտա համաձայնություն, եթե ինքը լավ չուզի՝ կառավարությունը երեւի թե չտա նրան նույն պաշտոնը: Չնայած, ով գիտի, չտվողը միշտ էլ կարող է պատճառաբանել, թե լավ չեն ուզել։
ԲԱՆՆ ԷԼ ՀԵՏՆ Է ՈՒԶՈՒՄ
«Ազգը» աշխատանքի է հրավիրում համակարգչին եւ անգլերենին գերազանց տիրապետող երիտասարդ օրիորդ, երկու տարվա աշխատանքային փորձով»։
«ԱԶԳ», 14 ապրիլի
Կգտնվի՞ արդյոք «Ազգի» այս պահանջները բավարարել կամեցող օրիորդ: Եվ, որ պակաս հետաքրքիր չէ, կհավատա՞ արդյոք «Ազգը» իր պահանջներին համապատասխանողի բանավոր հավաստիացմանն առ այն, որ ինքը նաեւ օրիորդ է, թե՞, այնուամենայնիվ, կստուգի։
ԳՆԱՑԵՔ ԱՆՏԱՌ ԵՎ ԻՄԱՑԵՔ
«Համոզված եմ, որ լավ քաղաքական գործիչը շատ ավելի լավ է, քան վատ նախարարը»։
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ, «ՀՀ», 16 ապրիլի
Ըստ ականատեսների վկայության՝ Արմեն Դարբինյանին այս մասին արջն է ասել, երբ նա վատ նախարարների հետ գնացել էր անտառ։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ