1996 թ. սեպտեմբերի 19-ին հեռուստատեսային «Հինգշաբթի» ծրագրին տված հարցազրույցում Համբարձում Գալստյանի սպանության առնչությամբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի պատասխանը:
-Համբարձում Գալստյանի սպանությունը կազմակերպվեց, որպեսզի «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունում գտնվող հատվածին հանեն հարթակում գտնվող հատվածի դեմ։ Ինչպես որ ասվեց այն ժամանակ, այդպես էլ կար։ Ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր խոսքի համար, իսկապես խորապես տիրապետում եմ իրավիճակին։ Հ. Գալստյանի սպանությունը հրեշային կերպով չափազանց ճիշտ էր հաշվարկված։ Դա այն պահն էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի մի կեսը հանձինս Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի, Դավիթ Վարդանյանի, հարթակում էին, եւ իսկապես այն ժամանակ բազմահազար ժողովուրդ էր հավաքվում, մթնոլորտը հանրապետությունում ուղղակի պայթունավտանգ էր, ամեն ինչ կարող էր լինել, գալիս էին նախագահի նստավայրի առաջ, այսպես, զինված պայքարով շուռ տալու իշխանությունը, եւ հենց այդ նույն պահին նարկոբիզնեսի կասկածանքով ձերբակալվեց Դաշնակցության ներկայացուցիչը, ու արխիվներից արդեն դուրս եկան նյութերը «Դրո»-ի մասին։
Հերթը հասավ Հրանտ Մարգարյանին։ Շարքային դաշնակցականները, իհարկե, ոչ մի գաղափար չունեին «Դրո»-ի մասին, նարկոբիզնեսի մասին, բայց Դաշնակցության լիդերները շատ լավ էին հասկանում, թե հենց միայն «Դրո» բառն արդեն ինչ է նշանակում, թե ինչի է հասցնելու սա ի վերջո։ Եվ ծնվեց այդ հրեշավոր միտքը։ Համբարձում Գալստյանի սպանությունը նախատեսված էր, նախապատրաստված էր դրանից էլ առաջ, բայց ուղղակի որպես Հ. Գալստյան, որը հակադաշնակ էր, որի սպանությունը, որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, անկայունություն կմտցներ հանրապետությունում, որը Մորիս Յուզբաշյանի մտերիմ բարեկամն էր եւ, ես համոզված եմ, որ Մ. Յուզբաշյանը, դրա միջոցով Հ. Գալստյանը բավականին բան գիտեին, եւ երկուսն էլ չկան այսօր։ Դա նախապատրաստված էր, բայց դա պիտի իրականացներ Հրանտ Մարգարյանը։ Հ. Մարգարյանը մի անգամ Մոսկվայում փորձեց, չստացվեց։ Մարդուն, որին վարձել էին, որ Համբոյին Մոսկվայում սպաներ, վերջին պահին հրաժարվել էր՝ իմանալով, որ նա քաղաքական գործիչ է։ Ու դա որոշակի ժամանակով հետ ընկավ։
Հ. Մարգարյանի ձերբակալությունից հետո շատ շտապ կարգով Դաշնակցության պարագլուխները որոշեցին փորձն իրականացնել արդեն հայտնի իրավիճակների մեջ։ Պատկերացրեք, եթե նրանք, այդ ամեն ինչից բացի, նաեւ չէին շտապում, Հրանտն այդ գործերը լավ էր կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանն ավելի վատ կազմակերպեց, որովհետեւ առաջին անգամ էր կազմակերպում եւ շտապում էր։ Հրանտին արագ օգնություն էր պետք։ Եթե այդ ամեն ինչից բացի, գոնե չշտապեին, գլուխներին մի բան քաշած լինեին, էդ ամեն ինչը հաստատ ջարդվելու էր իշխանությունների վրա։ Եթե Հ. Գալստյանի եղբայրը չճանաչեր մարդասպանին (իսկ նա ճանաչեց, մենք անձնական զրույց ենք ունեցել), ամեն ինչ սարսափելիորեն ճիշտ էր հաշվված։ Դավիթ Շահնազարյանը ճիշտ կողմնորոշվեց, ճիշտ ժամանակին ձերբակալվեցին նրանք, ովքեր սպանել էին Համբոյին։ Փաստեր կան, որոնք քրեական գործի մեջ, ցավոք սրտի, ուժ չեն ներկայացնում, բայց կան ձայնագրություններ, կան առանձնազրույցներ։
Կարդացեք նաև
Վահան Հովհաննիսյանի հետ մեր զրույցի ժամանակ ինքը չի ժխտել. ոչ չէ է ասել, ոչ՝ հա։ Վերջապես կա մեկի ուղղակի ցուցմունքը արդեն, եւ բոլոր փաստերը համընկնում էին։ Վերջապես կան մի խումբ մարդիկ՝ ամենաբարձր քաղաքական գործիչներից այսօր, դրսում, որոնք միանշանակ համոզված են, որ դա այդպես է։ Ցավոք սրտի, առաջին փուլում դատախազությունը, առաջին քննիչները, որոնք այս գործին ձեռնամուխ եղան էդ թոհուբոհի մեջ, միտումնավոր թե էնպես, մեծ անփութություններ թույլ տվին։ Պատկերացրեք, սպանության մեջ կասկածվողի տունը, մեքենան խուզարկվել են դեպքից ընդամենը 1 ամիս հետո, երբ որ ես ձեռնամուխ եղա այդ գործին։ Իրավաբանորեն չստացվեց դա ապացուցել, բայց ես ձեզ ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ, պատվովս եմ երդվում (Համբարձումը իմ ընկերն է)։ Համբարձումին սպանողները ձերբակալված էին։ Ցավոք, չկարողացան ապացուցել, բայց դա դեռեւս կորած չէ, կարծում եմ՝ դա դեռ կապացուցվի, դա դեռ դուրս է գալու։ Իսկ ինչ վերաբերում է կառույցներին, Դաշնակցության դեմ իբր թե մեր, նախագահի պայքարին, դա պայքար չէր Դաշնակցության դեմ, դա պայքար էր ընդհանրապես զինված խմբավորումների, քաղաքական տեռորիզմի թայֆայականության, զինված հեղաշրջումների դեմ։ Ես սա համարում եմ մեր իշխանությունների, հատկապես Տեր-Պետրոսյանի ամենամեծ ձեռքբերումը։
Հայաստանը մեկընդմիշտ այլեւս ձերբազատվեց քաղաքական հեղաշրջումներից, զենքի ուժով իշխանություն գրավելու վտանգից, քաղաքական խոշոր սպանություններից։ Եվ այլեւս ոչ մի կուսակցություն Հայաստանում, դա լինի Դաշնակցություն, ՀՀՇ, Ռամկավար եւ այլ, չի համարձակվի եւ չի կարող ունենալ ռազմական կառույց իր մեջ։ Դա ամենամեծ, ամենակայուն ձեռքբերումներից մեկն էր։ Եվ մենք խուսափեցինք երկրորդ անգամ քաղաքացիական խոշոր պատերազմից։ Իսկապես կային այդ խմբավորումները, իսկապես նաեւ բանակ էին մտել (բանակի կառույցներից ես տասնյակ, հարյուրավոր մարդիկ եմ հանել), իսկապես դա պրոպագանդիստական աշխատանք էր կատարում, եւ իսկապես պատրաստվում էր լուրջ աշխատանք այդ ուղղությամբ։ Վերծանված է ըստ տեսաժապավենի։
Պատրաստեց Հ. ՉԱՐԽՉՅԱՆԸ
Հ․Գ․Այս նյութը մեր տրամադրության տակ էր մի քանի շաբաթ, սակայն այն չէինք հրապարակում, հաշվի առնելով պրն Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին խոսակցությունները։ Այդպիսով, թերթը զերծ մնաց պալատական խարդավանքներին կամա թե ակամա մասնակցությունից։ Այսօր, երբ պարզ է, որ Վազգեն Սարգսյանը, բարեբախտաբար, մնալու է իր պաշտոնին, հիշեցնում ենք ընթերցողին մեկուկես տարի առաջ նրա ասածները, ենթադրելով, որ. ա) այն ժամանակ նա կարող էր սխալվել, բ) նրան կարող էին գիտակցաբար թյուրիմացության մեջ գցել, գ) նա այսօր էլ է նույն կարծիքին։ Բոլոր դեպքերում պատասխանը նախարարինն է։