Լրահոս
Օրվա լրահոսը

Թութունի դառը համը եւ Գրանդ տոբակոյի ախորժակը

Ապրիլ 16,1998 00:00
sigaret

Ծխախոտի տեղական հումքի վերամշակումը շարունակում է մնալ հայ-կանադական «Գրանդ տոբակո» համատեղ ձեռնարկության ուշադրության կենտրոնում։ Խնդիրը գայթակղիչ է, բայց դժվար իրականանալի։ Բանն այն է, որ դրան առնչվող բազմաթիվ հարցեր կարոտ են պարզաբանման եւ հստակեցման։ Դրանց էր ուղղված վերջերս ձեռնարկության ղեկավարության նախաձեռնությամբ այստեղ կազմակերպված հավաքը։

Հանրապետության լեռնային եւ նախալեռնային վայրերում, ՀՀ գյուղնախարարության ծխախոտի փորձակայանի տնօրեն Պետրոս Ներսիսյանի ասելով, տարեկան կարելի է աճեցնել 10 հազար տոննա ծխախոտի տերեւ։ Ճիշտ է, այն, իր որակով զիջում է ծխախոտի աշխարհահռչակ տեսակներին («Տրապիզոն», «Սամսուն», «Վերջինիա»), սակայն հայ գիտնականների մշակած միջոցառումների իրականացմամբ կարելի է բարձրացնել տեղական մշակաբույսի համային հատկությունները՝ այդպիսով ապահովելով ներքին ու արտաքին շուկայի պահանջները։

Միջոցառումներում ներառված են հումքի գնման, գների կարգավորման, չորանոցների վերականգնման, տեխնոլոգիաների ճիշտ կիրառման, ծխախոտի հիբրիդների օգտագործման եւ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման հարցերը։

– Երկու-երեք տարում,- նշեց ՀՀ գյուղնախարարության վարչության պետի տեղակալ Վ. Նազարյանը,- կարելի է 3 հազար հեկտար տարածքի վրա վերականգնել հայկական ավանդական ծխախոտի մշակումը՝ լավագույնս հետեւելով ագրոտեխնիկական կանոններին։

Ծխախոտագործությունը եկամտաբեր լինելուց զատ՝ դաշտային կրծողների վերացման լավագույն ուղի է։ Ծխախոտի արդյունաբերական վերամշակման շուրջ արտահայտվեց ձեռնարկության տնօրեն Հրանտ Վարդանյանը։ Նա իր մտահոգությունը հայտնեց Իրանից ներմուծվող ծխախոտի հումքի որակի վերաբերյալ։ Այն, Հ. Վարդանյանի խոսքերով, պարունակում է խեժեր եւ հերբիցիդներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար եւ բացասաբար են անդրադառնում ձեռնարկության վարկին։ Ուստի տեղական ծխախոտի օգտագործումը ներկայումս օրախնդիր հարց է «Գրանդ տոբակոյի» համար։ Տեղական հումքի օգտագործման անհրաժեշտությունը թելադրված է նաեւ այլ դրդապատճառներով։ Մասնավորապես հայ-կանադական մասնագետների համատեղ նախագծով, ներքին շուկայի 85% գրավումով նախատեսված է թողարկվող սիգարետների թիվը 1 միլիարդից հասցնել 5-ի։ Դա թույլ կտա հանրապետության սպառողների պահանջները բավարարելու հետ մեկտեղ արտադրվող ծխախոտի գերակշռող մասն արտահանել Ռուսաստան։ Այդ նպատակով ձեռնարկությունը հանրապետության գյուղացիական տնտեսություններից տարեկան կգնի 4-5 հազար տոննա ծխախոտի հումք։ Արտադրության ընդլայնմամբ, տնօրենի ասելով, հնարավորություն կընձեռվի նաեւ ստեղծելու նոր աշխատատեղեր։ Գյուղական վայրերում աշխատանքով կապահովվեն 7 հազար, իսկ ձեռնարկությունում՝ 500 մարդ։

Արտադրողները քաջ գիտակցում են, որ իրենց հաջողությունն սկսվում է աճեցումից։ Ուստի նախագծում մեծ տեղ է հատկացված երկրագործների աջակցությանը, միայն անցած տարի նրանց հատկացվել է 123 հազար դոլար կանխավճար։ Միջոցներ են տրամադրվել նաեւ ծխախոտի ցանքատարածքների եւ չորանոցների վերականգնմանը։ Նույնպիսի նպատակով առաջիկա երկու տարում եւս կծախսվի չորս միլիոն դոլար՝ Աշտարակի, Կոտայքի, Տավուշի ենթաշրջաններում։

– Այնուհանդերձ, հարցերի հարցը արտադրանքի որակի ապահովումն է,- ասաց տնօրենը՝ հայտնելով, որ դրա համար կօգտագործվեն ֆինանսական համապատասխան միջոցներ։

– Պրն Վարդանյան, ժամանակն է, խոսենք հումքի գնման գների մասին,- տեղից ասաց Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի երկրագործ, գյուղատնտես Գագիկ Շողունցը։

– Սահմանել ենք ծխախոտի հումքի գնման երկու սակագներ՝ «Ա» (լավ), «Բ» (անբավարար) կարգերի համար,- պատասխանեց տնօրենը։

– «Ա» կարգի ծխախոտի մեկ կիլոգրամը կգնենք մեկ դոլարով, իսկ «Բ»-ն՝ 80 ցենտով։

– Ջրի գին է,- տեղերից արձագանքեցին ծխախոտագործները,- չենք կարող համաձայնել։

Փորձեցի իմանալ ծխախոտագործների կարծիքները։

Գագիկ Շողունց

– Նախկինում տեղական ծխախոտի մեկ կիլոգրամ հումքը գնվել է վեց ռուբլով, ընդ որում, այն ժամանակ ծխախոտի մեկ տուփը վաճառվում էր 40 կոպեկով։ Այժմ նույնքան հումքի մեկ կիլոգրամը մտադիր են գնել ընդամենը 500 դրամով, երբ ծխախոտի մեկ տուփը վաճառվում է 70-100 դրամով։

Վարդգես Ավետիսյան – երկրագործ, գյուղատնտես, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղ

– Տեղեկացնեմ, որ մեկ կիլոգրամ ծխախոտից ստացվում է 45 տուփ։ Ապա այն բազմապատկենք շուկայական գնով, կստացվի շոշափելի գումար, որը գրպանում է գործարանատերը։ Գնման գների հետ համաձայն չէին նաեւ մասնագետները։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ձեռնարկության նման դիրքորոշումը։

Մասնագետների եւ ծխախոտագործների պատասխանը մեկն է. «Գյուղում չկա աշխատանք, ձեռնարկության ղեկավարությունը, օգտվելով այս հանգամանքից՝ փորձում է չնչին գնով կամ, ինչպես գյուղացիներն են ասում, ձրի գնել ծխախոտը»։

Ծխախոտագործներին նաեւ չշփոթեցրեց բերքի աճեցման ինքնարժեքի հրապարակումը։ Պրն Վ. Նազարյանի խոսքերով, 1 կգ ծխախոտի բերքի աճեցման համար նախատեսվում է 400 դրամ։

– Հաշվարկը ի՞նչ նորմաների հիման վրա եք արել,- հետաքրքրվեցին ներկաները՝ նշելով, որ դա նույնքան չնչին գումար է, ինչպես գնման գինը։

Մասնագետը լռեց։ Սակայն Հ. Վարդանյանը հայտնեց, որ, եթե ծխախոտագործները չհամաձայնեն իր առաջարկած գներին (միջազգային), ապա իրենք հումքը կներմուծեն։ Դա բավական էր, որ հուսաբեկ եւ հոգնած գյուղացիները լքեին դահլիճը։ Նրանք անկեղծորեն համագործակցելու ակնկալիքով, իրենց հոգսերն ու անելիքները թողած, եկել են «Գրանդ տոբակո»։ Նույնպիսի ակնկալիքով են նրանց սպասել ձեռնարկությունում։ Սակայն պարզվեց, որ բանակցելու համար անպատրաստ են երկուստեք։ Արդյունքում չառաջարկվեց փոխզիջման տարբերակ, եւ ծխախոտի տեղական հումքի վերամշակումը մնաց առկախ։

ՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930