Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ. կարդալը վտանգավոր է ձեր առողջությանը

Ապրիլ 16,1998 00:00
aroxjapahutyun

«Առավոտն» ինձ համար դեղին մամուլ է, չորրորդ իշխանությունը մեղավորներ է փնտրում այնտեղ, որտեղ նրանք բոլորովին չկան։ Եվ ցավալին էլ այն է, որ գտնու՜մ է»։

ԳԱԳԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ ՀՀ առողջապահության նախարար, «ՀՀ», 15 ապրիլի

Պրն Ստամբոլցյանն «Առավոտի» մի խումբ աշխատակիցների կարծիքով դալտոնիկ է. նա դեղին գույն է փնտրում այնտեղ, որտեղ այն բոլորովին չկա։ Եվ ցավալին այն է, որ գտնու՜մ է։ «Առավոտի» մեկ այլ խումբ աշխատակիցների կարծիքով էլ միանգամայն նորմալ տեսողություն ունի պրն Ստամբոլցյանը։ Նա դալտոնիկ չէ, եւ «Առավոտն» իրոք դեղին է։ Երեք ելք է նշմարվում պրն Ստամբոլցյանի համար.

ա) պրն Ստամբոլցյանը կսկսի ինքն իրեն բուժել դալտոնիզմից,

բ) մի չինացու դեղնախտից բուժել փորձող բժշկի օրինակով պրն Ստամբոլցյանը ձեռնամուխ կլինի «Առավոտը» դեղնախտից բուժելու ազգանվեր գործին,

գ) պրն Ստամբոլցյանը կկարդա միայն վարդագույն եւ կապույտ մամուլ, որտեղ համատարած անմեղություն է։

ՄՈՒՇԵՂԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ

«Հանցագործ ու դավաճան փնտրելու անհրաժեշտություն չի լինի եւ ոչ էլ մանավանդ՝ եռանդ։ Ամենքը աչքներիս առջեւ են։ Եվ ամենքս օրենքի առջեւ ենք»։

ՄՈՒՇԵՂ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, «Երկիր», 15 ապրիլի

Ենթադրվում է, որ այժմ արդեն «անհրաժեշտություն» կլինի եւ «մանավանդ եռանդ»՝ օրինապահ ու հայրենասեր փնտրելու։ Նրանք, ի տարբերություն հանցագործի ու դավաճանի, համեստաբար աչքից հեռու են մնում։ Ինչ վերաբերում է մարդկանց եւ օրենքների՝ միմյանց նկատմամբ աշխարհագրական դիրքին, ապա Մուշեղ Միքայելյանը, հուսով ենք, իր ասածից անհրաժեշտ հետեւություն կանի եւ վաղվանից «Երկիրի» ճակատին կգրի. «Նահանջի ճանապարհ չկա. մեր հետեւում օրենքն է»։

ՌՈՒՍ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ

«Նույնիսկ պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կրակում է»։

ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Առավոտ», 15 ապրիլի

Գեղամ Ղարիբջանյանը, շարունակելով ռուս դասականներին խմբագրելու շնորհակալ եւ հայրենանվեր գործը, ԱԺ հաջորդ եռօրյայում կարտասանի հետեւյալ միտքը. «Բոլոր հանրապետականները նման էին իրար, յուրաքանչյուր երկրապահ երկրապահ է յուրովի»։ Մեջբերված այս արտահայտությունները Չեխովի եւ Տոլստոյի երկերի հետագա հրատարակություններում կփոխարինեն այդ գրողների համանման մտքերին։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930