Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը դարձյալ երջանկացնում է Հայրիկյանին եւ ոչ միայն նրան

Ապրիլ 16,1998 00:00
Sadoyan

-ԱԺՄ-ականներն ընտրություններից հետո գերազանցապես նախընտրում են լռել։ «Իրավունքն» անգամ գրել է, թե կուսակցությունը վերածվում է «պատրանքներով սնվող, նեղացածի կեցվածքով անհեռանկար կառույցի»։

– Չեմ հասկանում, թե ինչպես ենք մենք լռում, եթե, ասենք, ես ու Դավիթ Վարդանյանը հարցազրույցներ տվեցինք «Ա1+»-ի «Հետգրություն» ծրագրին, ահա այժմ էլ՝ «Առավոտին»։ Ես նույնիսկ «Իրավունքին» էի պատրաստ հարցազրույց տալ։ Քանի որ «Իրավունքը» եւ ՍԻՄ-ը որոշակի համաձայնողական կուրս են վերցրել, նրանց թղթակցին ասել էի, որ միայն այն պայմանով հարցազրույց կտամ, եթե բացահայտ ասվի ճշմարտությունը, թե ինչ էր պահանջում ՍԻՄ-ն ԱԺՄ-ից նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, եւ ինչ պատասխան ստացան։ Ի պատասխան անորոշ բաներ հնչեցին ծրագրերի եւ կաբինետում մասնակցության մասին։ «Առավոտում» արդեն տպագրվել է, թե նրանք ինչ էին պահանջում։ Այս կամ այն գաղափարախոսական հոսանքին իրենց մասնակցությունն առեւտրով որոշող կազմակերպության վերաբերյալ իսկապես պիտի սկզբունքը հստակեցվի։

– Միայն ա՞յժմ էին ձեր դաշնակիցները պաշտոններ պահանջում, թե՞ 1996-ին էլ։

– Այն ժամանակ ՍԻՄ-ն էլ էր կողմ այն ձեւակերպմանը, թե խոսքը ոչ թե ապագայում կոալիցիոն կառավարության, այլ միայն այնպիսի դաշինք ձեւավորելու մասին է, որը պիտի երկրի քաղաքական ուղղությունը փոխի։ Դրանից հետո ինչու նրանք իրենց մոտեցումները փոխեցին։ Քաղաքական երկարատեւ դժվարությունները երեւի որոշ կազմակերպությունների հուսահատեցնում են։ Եվ նրանք սկսում են հրաժարվել իրենց գաղափարական սկզբունքներից՝ գերադասելով մեկ քայլանի հաջողությունները։

– Ձեր եւ Դավիթ Վարդանյանի համանման այս հայտարարություններից տպավորություն ես ստանում, որ ԱԺՄ-ն սկզբունքային է համարում միայն իր կողքին գտնվողներին, իսկ մնացածներին՝ պաշտոնամոլ եւ պատեհապաշտ։

– Դե, եթե մեզ հետ լինելու համար են պայման դնում՝ բնական է, որ նույնն արել են նաեւ ուրիշի հետ լինելու համար։ Եվ եթե անցել են այդ թիմ՝ ուրեմն, նրանց պահանջները կամ բավարարել են, կամ էլ նրանց խաբել են, թե պաշտոններ են տալու։

– Իսկ արտգործնախարարի եւ 8 փոխնախարարի պաշտոնների վերաբերյալ ՍԻՄ-ի պահանջը միա՞կն է, թե՞ հնարավոր է, որ այս օրերին այլ նմանատիպ պատմություններ էլ ջրի երես հանեք։

– Համենայնդեպս, ինձ վրա ամենադառը տպավորությունն այդ մեկն է թողել։ Ուրեմն, մեր երկար տարիների գաղափարական համախոհներն ընկճվել են այս կյանքի դժվարություններից եւ պատրաստ են իրենց հավակնությունների բավարարման համար դիրքորոշումներն արմատապես փոխել։

– Առաջին փուլից առաջ Շավարշ Քոչարյանը հեռուստատեսությամբ, իսկ Դուք՝ հանրահավաքներում (այդ մասին համապատասխան հրապարակումներ են եղել) մարդկանց կոչ էիք անում գնալ ու վերցնել այն ամենն, ինչ իրենց կառաջարկեն, եւ հետո քվեարկել այնպես՝ ինչպես ուզում են։ Չե՞ք կարծում, որ կրկնակի անբարոյականություն է մարդկանց նախ ընտրակաշառք վերցնելուն դրդելը, իսկ հետո էլ՝ խաբեության։ 

– Համոզված եմ, որ թերթերում աղավաղվել են այդ մասին իմ ասածները։ Ասել էի, որ եթե որեւէ մեկը սխալմամբ արդեն կաշառք է վերցրել, ապա լավ կլինի, որ գոնե հետին թվով իր մեղքը քավի եւ հաշվի առնելով ընտրությունների գաղտնիությունը՝ այնպես քվեարկի, ինչպես խիղճն է թելադրում, այլ ոչ թե իրեն ընտրակաշառք տվողները։

– Երկրորդ փուլից առաջ ԱԺՄ-ն խոստացավ, թե վերահսկելու է ընտրությունների ընթացքը։ Ենթադրելի էր, թե հանդես եք գալու արդեն իբրեւ Դեմիրճյանի վստահված անձինք, սակայն կարծես մի կողմ քաշվեցիք։

– Ինձ հասած տեղեկություններով, որոշ անհատներ ընդգրկվել էին ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի վստահված անձանց ցուցակներում։ Դա շատ քիչ է եղել։ Որպես կանոն, ԱԺՄ-ի անդամները նման քայլի չեն դիմել։ Սակայն ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի զգալի մասը, հենց հանձնաժողովներում ԱԺՄ ներկայացուցիչներն են արել։ Այսինքն, ԱԺՄ-ն փորձել է իր հնարավորությունների շրջանում հետեւել ընտրությունների ընթացքին, բայց մենք չէինք կարող մարդկանց ստիպել զոհաբերությունների գնալ, որովհետեւ ճնշումներն իսկապես ահավոր էին։ Հանձնաժողովներում ԱԺՄ անդամները կամ համակիրներն երբեմն ուղղակի թողել-հեռացել են։

– Հրապարակվել է ԱԺՄ-ում տարածված համոզմունքը, թե Քոչարյանի ձայներն իրականում 5-15%-ն են. «Մնացյալ մի քանի տասնյակ տոկոսներն արդյունք են աներեւակայելի, գրեթե հեքիաթային վարպետությամբ իրականացված կեղծիքների, իսկ Քոչարյանի ընտրազանգվածը բաղկացած է թմրամոլներից, քրեականներից եւ միլպետներից»։ Իրոք այդպե՞ս եք կարծում։

-ԱԺՄ-ն երբեք այդպիսի գնահատական չի տվել, որ Քոչարյանի ընտրազանգվածը միայն այդ մարդկանցից է կազմված։ Իմ ամենահամեստ հաշվարկներով, մոտ 530 հազար ընտրողների են ցուցակներում ավելորդ ընդգրկել, ձայները հաշվել, բայց նրանք իրականում ընտրություններին չեն մասնակցել։ Եթե նրանց անունը դնենք թմրամոլներ եւ միլպետներ՝ դա այլ հարց է։

-Երեւի թե Վազգեն Մանուկյանի գնահատականները 1996-ի իր դաշնակիցների բերած ձայների վերաբերյալ փոքր դեր չխաղացին, որ այս ընտրություններում ԱԺՄ-ն գրեթե մենակ մնար։ Բայց նույնը շարունակում եք եւ, ասենք, «Ա1+»-ին տված հարցազրույցում Պարույր Հայրիկյանին Դուք համեմատել էիք ծիածանագույն դրոշի հետ, որը որոշակի կողմնորոշում ունեցող տղամարդկանց դրոշի գույնն է։

-Ճիշտն ասած, երբ ասացի ծիածանագույնի մասին՝ ես ցանկանում էի մեր Եռագույնը պաշտպանել, քանզի Հայրիկյանին այդպես էին անվանել։ Ես չեմ ուզում որեւէ ձեւով «կպնել» այդ փոքրամասնությանը։ Ինձ համար դա ընդունելի փոքրամասնություն չի։ Եվ ես բոլորովին էլ դա ի նկատի չունեի։ Ե՛վ 1996-ի սեպտեմբերի 26-ի նրա ելույթում, ե՛ւ այլ ելույթներում ես տեսնում էի սահուն անցում մի գույնից մյուսին՝ ինչպես ծիածանի մեջ է։

-Եվս մեկ անգամ եք փորձում երջանկացնել Հայրիկյանին, քանզի նա արդեն ասել է, որ երբ իր մասին վատ եք արտահայտվում՝ իրեն երջանիկ է զգում։

-Ես չէի ուզում նրան անդրադառնալ՝ ինձ ուղղակի «Հետգրության» ժամանակ հեռուստադիտողներն այդպիսի հարց ուղղեցին։ Իմ կարծիքով, Պարույր Հայրիկյանն արդեն «մարված քարտ» է եւ քաղաքական կյանքում այլեւս մեծ ազդեցություն չի կարող ունենալ։

-Իսկ ի՞նչ կասեք Վազգեն Մանուկյանի մասին. նա է՞լ այլեւս «մարված քարտ» չէ՝ 1996-ի համեմատ այժմ իր ստացած ձայների բավական տխուր տոկոսով։ Կարծում եք, որ 5 տարի հետո էլ Վազգեն Մանուկյանը կկարողանա՞ նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդ մնալ։

-Եթե նկատի ունենանք հավելագրումների եւ կեղծիքների այն զգալի քանակը, որ այս ընտրություններում կատարվեցին, բնականաբար՝ ոչ Վազգեն Մանուկյանի օգտին, ապա պարզ կդառնա, որ նրա տոկոսն այդքան էլ քիչ չէր։ Համենայնդեպս, մեր այսօրվա սկզբունքային պահվածքը, մեր հետեւողականությունը, անկախ ստեղծված իրավիճակից՝ ի տարբերություն անձնականն ազգային շահերից վեր դասողների եւ գունափոխվողների՝ ժողովրդի լայն խավերի սպասումներն առաջիկայում կուղղի դեպի ԱԺՄ։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930