Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ոլորտը՝ հարվածային ճակատ

Ապրիլ 16,1998 00:00
Sergey Badalyan

Ժողովրդի մեջ լուրեր են պտտվում, թե քանի որ կոմունիստական կուսակցությունը նախագահական ընտրություններում հավաքել է բավականին թվով ձայներ, ուրեմն կոմունիստներին հարկավոր է տալ աշխատելու հարվածային ճակատ, եւ այդ ճակատն իբրեւ թե սոցիալական ապահովության նախարարությունն է։ Այս լուրերի հերքումը կամ հաստատումը լսելու ակնկալիքով դիմեցինք լսել կուսակցության առաջնորդներին։

Ի դեպ, մենք առիթ ենք ունեցել քննարկել ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի սոցիալական ոլորտին վերաբերող հատվածները, եւ կարող ենք պնդել, որ շատ քիչ ընդհանուր եզրեր կան ՀՀ նախագահի թեկնածու Սերգեյ Բադալյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրերի այդ մասերում։ Ինչն ի դեպ չի ժխտում նաեւ Սերգեյ Բադալյանը «ՀՀ» օրաթերթին տված հարցազրույցում, ասելով. «Տարբերությունները շոշափելի են, ինչը թույլ չէր տալիս, որ մենք կուրորեն գնայինք աջակցման»։Տարօրինակ է, շուկայական հարաբերությունների անցնող, կոմունիստականից բոլորովին տարբեր հասարակարգ կառուցող պետության մեջ ինչպե՞ս կարող է ցանկացած պետության համար Աքիլլեսյան գարշապար համարվող սոցիալական ոլորտը հանձնվել տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ ունեցող կուսակցության։

Հարցն ուղղեցինք ԱԺ պատգամավոր, ՀԿԿ անդամ Գագիկ Թադեւոսյանին։ Վերջինս սիրով պատասխանեց, ասելով՝ երեկվա դրությամբ (15 ապրիլի, ժամը 14.30) կուսակցությանն այդպիսի առաջարկ չի արվել։ Նա մասնավորապես ասաց նաեւ, որ ինքը գաղտնիք չի ուզում պահել, եւ երեկ իրենց ֆրակցիան, ելնելով «Առավոտ» օրաթերթի հրապարակումից (ի դեպ, ասվեց նաեւ, որ թերթը հետաքրքիր է, ընթերցվող) հետո համարյա խիստ դիմել են Սերգեյ Բադալյանին. «Կարող ա՞, Սերգեյ, ինչ-որ հանդիպում ես ունեցել, ինչ-որ առաջարկ են արել»։ Նա (Ս. Բադալյանը) վիրավորվել է, թե «Եթե բյուրոյի անդամներին կամ ֆրակցիայի անդամներին չպիտի ասեմ, ո՞ւմ պիտի ասեմ»։ Այնուհետեւ պարոն Բադալյանը պաշտոնապես հայտարարեց. «Մեզ կառավարության որեւէ պորտֆել վերցնելու կոնկրետ առաջարկություն չի արվել։ Այնուհետեւ իմացանք, որ եթե լինի առաջարկ, պետք է այն քննարկի կուսակցության կոլեկտիվ մարմինը՝ պլենումը։ Եթե մտնել՝ նրա համար, որ քո ծրագրային դրույթները կատարվում են, դա ուրիշ հարց է, մտնել ուղղակի իշխանական լծակ ունենալու համար՝ դա ուրիշ հարց է։ Կոմունիստների համար դա երբեք ինքնանպատակ չի եղել»։

Հետաքրքիր է, ինչո՞ւ է շահարկվում հենց սոցիալական ոլորտը։ Եթե հարվածային աշխատանքի սպասելիք կա, ապա հանրապետությունում առավել ավերված ճակատներ կան, ինչպես ասենք մշակույթը, առողջապահությունն ու արդյունաբերությունը։ Եթե վերջինս՝ արդյունաբերությունը պահվում է շատ ձայներ հավաքած մեկ այլ թեկնածուի համար, դա էլ այլ խնդիր է։ Ինչեւէ, այսօր կամ վաղը կհրապարակվի կառավարության նորացված կազմը, եւ շատ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930