Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդները զեկուցեցին՝ նորից «երկու»

Ապրիլ 16,1998 00:00
eahk

Բազմիցս արձանագրվել է, որ ա) ԵԱՀԿ եւ մնացած արեւմտյան դիտորդներին հայաստանյան ժողովրդավարությունը հետաքրքրում է այնքանով, որքանով այդ ժողովրդավարության մասին գնահատականներն ու դատողությունները համապատասխանում են իրենց երկրների ռազմավարական շահերին, բ) մեր ընտրությունների «թափանցիկությանը» հետեւող այդ դիտորդները սովորություն ունեն Երեւանում մի բան հայտարարել, իսկ Եվրոպայում բոլորովին այլ բան զեկուցել, գ) ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իրենք Հայաստանի մասին, միեւնույն է, լավ բան չեն զեկուցի:

Այդ համատեքստում, անշուշտ, պետք է մոտենալ ԵԱՀԿ եւ ԺՀՄԻԳ-ի ապրիլի 9-ին հրապարակված զեկույցին, որն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին (փաստաթղթի երկու բաժինները տպագրված են մեր թերթի երեկվա համարում): Ճի՞շտ է, այնուամենայնիվ, դիտորդների եզրակացությունն այն մասին, թե մեր ընտրությունները չեն համապատասխանում զարգացած, քաղաքակիրթ երկրներում ընդունված ստանդարտներին: Համոզված եմ, որ ճիշտ է: Իշխանությունները դա կարող են բացատրել իսկապես գոյություն ունեցող օբյեկտիվ պատճառներով:

Ընդդիմությունը (եթե այդպիսին Հայաստանում կա), ընդհակառակը, շեշտը կդնի սուբյեկտիվ պատճառների վրա, որոնք նույնպես բազմաթիվ են: Առաջիններն արդարացիորեն կնշեն, որ մեր ժողովրդավարությունը չափազանց երիտասարդ է, որ մենք դեռեւս չունենք ավանդույթներ եւ այլն: Երկրորդները նույնքան արդարացիորեն կառարկեն, որ բոլոր դեպքերում չի կարելի ընտրությունների կազմակերպումը հանձնարարել քրեական հեղինակություններին եւ քրեականացված տեղական իշխանավորներին:

Ավելի կարեւոր է, սակայն, այն հարցը, թե կա՞, արդյոք, մեզանում անկեղծ ձգտում՝ համապատասխանել եվրոպական ստանդարտներին: Գուցե մենք հոգու խորքում թքա՞ծ ունենք այդ ստանդարտների վրա եւ պարզապես ձեւե՞ր ենք թափում՝ ինչ-ինչ արտաքին քաղաքական դիվիդենտներ կամ վարկեր կորզելու համար: Այդ դեպքում իշխանությունները պետք է ժողովրդին ինչ-որ ձեւով «իշմար անեն», թե բանի տեղ մի դրեք՝ այդ ամենը խաղ է: Կասկած չկա, որ ԵԱՀԿ զեկույցն արված է միայն մեկ նպատակով՝ թուլացնել մեր երկիրը, նրա արտաքին վարկը եւ հավելյալ խաղաքարտեր ստանալ՝ ղարաբաղյան բանակցություններում մեզ վրա հարկ եղած պահին ճնշելու նպատակով: Բայց մենք ԵԱՀԿ-ի համար չէ, որ պետք է դառնանք ժողովրդավարական, քաղաքակիրթ երկիր: Պարզապես, զարգացման որեւէ այլ հեռանկար իրականում չկա: Երբ ձեր դպրոցական երեխան բողոքում է այս կամ այն ուսուցչի, իր կարծիքով, սխալ գնահատականից, միակ ճիշտ պատասխանը պետք է լինի. «Սովորիր այնպես, որ նույնիսկ քո հանդեպ ատելությամբ լցված ուսուցիչը չկարողանա քեզ ցածր գնահատական նշանակել»: Եթե, կրկնում եմ, սովորելու անկեղծ ցանկություն կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930