Սույն նորօրյա շեքսպիրյան հարցադրման հեղինակը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է, որին համլետյան ոգին պարուրեց երեկ՝ «Զենքի մասին» օրենքի ներկայացման ընթացքում։ Եթե այնուամենայնիվ, ինչպես Արմեն Եղիազարյանն էր այդ օրենքի վերաբերյալ հարցերին պատասխանելիս ասում, «հայերն ունենային ամերիկացիների պես ատրճանակով ֆռֆռալու ավանդույթ»՝ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր հենց իր իսկ եւ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի բախումը՝ ամենաանմեղ, անշառ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի առնչությամբ։
Պրն Հակոբյանը հասցրեց անգամ պատգամավոր Խաչիկ Սաֆարյանի հոգու նուրբ լարերին կպչել, եւ վերջինս հակահարված տվեց, թե «այո՛, ես ուսուցիչ եմ, եւ այդ հանգամանքը պատիվ է բերում ոչ միայն ինձ՝ այլ աշխարհի բոլոր ուսուցիչներին»։ Իսկ այս օրենքի եւ խորհրդային տարիների կրկնակի հաշվապահության միջեւ ոչ ի նպաստ վերջինիս Արմեն Եղիազարյանի համեմատություն կատարելու համար արդեն Լեոնիդ Հակոբյանը բառային փամփուշտներ չխնայեց՝ էլ գող, էլ ավազակ, էլ թալանչի… «Կեցցե այն կառավարությունը, որ Ձեզ աշխատանքից ազատեց, պրն Հարոյան»,- Լեոնիդ Հակոբյանի այս մի կոչն ուղղված էր ոսկերչական իրերի գործարանի նախկին տնօրենին (կարո՞ղ է, Մայիսի 1-ին կոմունիստներն իրենց երթի կարգախոսներից դարձնեն այս մեկն էլ)։
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ հրավիրված ճեպազրույցում Արմեն Եղիազարյանն էլ ի պատասխան «Առավոտի» հարցի, ասաց. «Չեմ ուզում նրա մակարդակին իջնել, որ վիճարկեմ Լեոնիդ Հակոբյանի ասած ցնդաբանությունները։ Կարող եմ ասել, որ ամեն խորհրդարանին մի հատ տենց «կլոուն» պետք է։ Հիմա մենք ունենք»։ Բա որ օրվա հերոս պատգամավորները զինված լինեին եւ չբավարարվեին միայն խոսքային համազարկերո՞վ։ Ի դեպ, «Զենքի մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ կետով արգելվում է «ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի, պիկետների եւ զանգվածային կամ հրապարակային այլ միջոցառումների ժամանակ քաղաքացիների կողմից զենք կրելը»։
Սա առիթ դարձավ, որ Վիկտոր Դալլաքյանը օրինագիծը ներկայացնող ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հայկ Հարությունյանին հարցնի, թե «թաղման կամ հարսանիքի արարողություններն էլ են զանգվածային միջոցառումներ՝ ի՞նչ մեխանիզմներով եք վերահսկելու, որ այնտեղ զենք չկրեն»… Ընդհանրապես այս օրենքի քննարկումը պատճառ դարձավ նաեւ, որ պատգամավորները հանդես գան հանրահայտ ասույթների սեփական մեկնաբանությամբ։ Այսպես, Գեղամ Ղարիբջանյանը հայտարարեց. «Նույնիսկ պատից կախված հրացանը տարին մեկ անգամ կրակում է»։ Ըստ ամենայնի, սա «նույնիսկ փչացած ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամն է ցույց տալիս», եւ «եթե պիեսի սկզբում պատից հրացան է կախված, այն պիեսի ընթացքում անպայման պիտի կրակի» ասույթների յուրօրինակ խառնուրդն էր։
Կարդացեք նաև
Ամերիկյան բառ ու բանի եւ Ինտերնետի մեծ հանրագիտակ Արմեն Եղիազարյանը (իր ճեպազրույցի ընթացքում ստեպ-ստեպ անգլերենի էր անցնում՝ «it is a good question» եւ այլն), «Զենքի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց, թե «հաղթում է նա՝ ով զենքն ավելի արագ է հանում»։ Երեւի նկատի ուներ ամերիկյան «ծիծաղում է նա՝ ով առաջինն է կրակում» ասացվածքը։ Վազգեն Սաֆարյանի մի հարցին պատասխանելով էլ պրն Եղիազարյանն ասաց. «Պիստալետի վրա ոչ ոք մաֆիա չի անում։ Այդ մասին Ձեր հարցը հրատապ կլինի, երբ տանկերի արտադրության խնդիրը քննարկենք»… Այս ռազմականացված խոսքուզրույցով ընկած՝ ԱԺ-ն կարծես չնկատեց, որ ձախողում է դատաիրավական բարեփոխումներն ապահովող օրենքների ընդունման ժամանակացույցը։ Ապրիլի 13-15-ի եռօրյայում նախատեսված ինը այդպիսի օրինագծերից եւ ոչ մեկը՝ դատախազության, փաստաբանության, դատավորի կարգավիճակի մասին օրենքները, քրեա եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերն այդպես էլ քննարկման բախտին չարժանացան։
Ի դեպ, «Զենքի մասին» օրենքի քննարկումն էլ կիսատ մնաց։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ.Գ. Երեկ Էռնեստ Սողոմոնյանը պատգամավորների եւ մամուլի ներկայացուցիչների մի քանի տասնյակ ստորագրություններ հավաքեց իր իսկ կազմած այն «Հորդորի» տակ, թե «հաշվի առնելով «Առավոտ» օրաթերթի համառ դիմադրությունը… հարցադուլից դուրս գալու գործընթացի» նկատմամբ, «հորդորում ենք, որ մեր ընկերը վերադառնա պատգամավորական ակտիվ գործունեության»։ «Չեմ դիմանում էլ՝ առողջությանս համար լռելը վնասակար է»,- բացատրում էր պրն Սողոմոնյանն իր գործընկերներին։ Նա նորից սկսեց հարցեր տալ օրվա վերջում, եւ վերոնկարագրյալ պատկերը լիովին ամբողջացավ։