Տարօրինակ մարդիկ են արտաշատցիները։ Փոխանակ հետեւեին Բիլ Քլինթոնի, Ելցինի, Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի, Լյուքսեմբուրգի մեծ դուքսի (տե՛ս «ՀՀ», «Հայոց աշխարհ», «Ազգ» թերթերը), ինչպես նաեւ Ալվարդ Բարխուդարյանի (տե՛ս «Առավոտի» երեկվա համարը, էջ 4) եւ այլոց օրինակին ու շնորհավորեին Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրեթե հակառակն արեցին… «Առավոտի» թղթակցին սկսեցին բողոքել ՀՀ նախագահից։ Շնորհավորելու բարոյական ավելի մեծ իրավունք ունեին, ի դեպ, արտաշատցիները, քանի որ, ի տարբերություն, ասենք, Քլինթոնի եւ Լյուքսեմբուրգի մեծ դուքսի՝ իրենք մասնակցել են ընտրություններին եւ քվեարկել հենց Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ինչո՞ւ էին, ուրեմն, բողոքում։
Պարզվում է՝ մարտի 12-ին, նախընտրական արշավի օրերին, ելույթ ունենալով Արտաշատում՝ տակավին վարչապետ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ «մեծ գումարներ են ծախսվելու ջրամատակարարման եւ ոռոգման խնդիրների վրա»։ Ասել է, որ «չի եղել մի ոլորտ, չի եղել մի խնդիր, որ իմ փամփուշտը չկրակի»։ Ասել է նաեւ՝ «չկա իմ ծրագրի մեջ որեւէ նախադասություն, որը հիմնավորված չլինի արդեն իսկ իրականացվող ծրագրերով»։ Եվ ուրիշ լավ-լավ բաներ է ասել, որոնցից արտաշատցիները մի զարմանալի եզրակացություն են արել։ Մասնավորապես, նրանց թվացել է, թե «արդեն իսկ իրականացվող ծրագրերով» վաղը եւեթ ոռոգման ջուր է տրվելու իրենց։ «Արդեն իսկ»՝ ասենք, առվույտի դաշտերը ջրելու… Չէ՞ որ նախորդ տարիներին ջուր չլինելու պատճառով շատ են տուժել եւ ապրել են, իրենց խոստովանությամբ՝ իշխանություններին հայհոյելով…
-Ընտրեցինք Ռոբերտ Քոչարյանին, հույսով, որ ջրի հարցը լուծված է, անասնակեր կունենանք, կտանենք կտանք պետությանը՝ հողի վարձ, հետո խիղճներս հանգիստ այգի կմշակենք, բերք ու բարիք կստանանք, մեր հոգսը կհոգանք… Արդեն ուշ է։ Անասնակերը փչացավ։ Հողի ջերմաստիճանը քանի օր է՝ +20 է։ Հենց հիմա էլ ջուրը տան՝ չի փրկի։ Էս տարի էլ խաբվեցինք։
Արտաշատցիները կարծում են, թե գարնան այս եռուն օրերին շնորհավորանքներ ընդունելու փոխարեն Ռոբերտ Քոչարյանը պիտի հողի ջերմաստիճանին նայեր ու անգրաֆիկ՝ թեւերը քշտած օրուգիշեր ոռոգման ջուր տար իրենց 1 խմ-ը 5 դրամ 95 լումայից 2 դրամ 60 լումա դարձրած սակագնով։ Չեն հասկանում, չեն ուզում հասկանալ արտաշատցիները, որ մեր երկրում դրական փոփոխություններ կան, եւ այսուհետեւ ոչ թե նախագահը պիտի կատարի վարչապետի ասածները, այլ հակառակը, վարչապետը պիտի կատարի նախագահի հանձնարարությունը…
Կարդացեք նաև
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ