Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշ սպասումների մեջ

Ապրիլ 15,1998 00:00
Vazgen Safaryan

Վերջին օրերին մամուլում տեղեկատվություն է երեւացել, որ Կարեն Դեմիրճյանը ոչ թե կուսակցություն, այլ կուսակցական միավորում է ստեղծելու, որին մաս են կազմելու Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը, Վազգեն Սաֆարյանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորների կուսակցությունը եւ Էդուարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Խնդրո առարկայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով մեր թղթակիցը զրուցեց ԱԺ պատգամավոր Վազգեն Սաֆարյանի հետ։

Նա նախ ճշտեց, որ իրենց կուսակցությունը կոչվում է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս։ Սակայն նշյալ հարցով դեռեւս որեւէ որոշում իրենք չեն ընդունել։ Իսկ այդպիսի որոշում կարող է կայացնել միայն իրենց կոմկուսի կենտրոնական գործադիր մարմինը։ Վազգեն Սաֆարյանը մանրամասնեց նաեւ խնդրո առարկայի շուրջ իրենց որոշում ընդունած չլինելու հանգամանքները։ Չի եղել նման վճիռ, որովհետեւ չի նախորդել նաեւ նման հրավեր։Բացի այդ, ըստ Վազգեն Սաֆարյանի, ստեղծվելիք քաղաքացիական ֆորումը կամ կուսակցությունների միությունը պետք է կանոնադրություն ունենա, որի կառուցվածքի հիմքում էլ , ըստ առաջադիմական ու միացյալ կոմունիստների, պետք է ընկած լինի կոնֆեդերատիվության սկզբունքը։ Այդ պայմաններում Հայաստանի առաջադեմ եւ միացյալ կոմունիստները կարող են եւ քննարկել ստեղծվելիք կուսակցական միությանը մաս կազմելու հարցը եւ ընդունել համապատասխան որոշում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում խնդիրը վերջնականորեն պարզել չհաջողվեց, քանի որ կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Եգորյանը բացակայում է հանրապետությունից։ Նա այս օրերին Սոֆիայում է, ուր փոխնախագահի կարգավիճակով մասնակցում է Սեւծովյան համագործակցության տիրույթներում ստեղծված պետաիրավական հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։

Կուսակցության անդամ, նույնպես ԱԺ պատգամավոր Այդին Մորիկյանը Էդ. Եգորյանի բացակայությամբ որոշակի պարզաբանումներ, այնուամենայնիվ, տվեց, ասելով՝ իրենց համար էլ շատ հետաքրքիր է, թե ինչ աղբյուրներ են այդ տեղեկատվությունը հասցրել մամուլ։ «Մենք նման խնդիր չենք քննարկել, ուստի եւ բնական է, որ առայժմ նման որոշում չէր էլ կարող կայացվել»։ Ապագայի մեջ Այդին Մորիկյանը չբացառեց որեւէ զարգացում, ասելով, թե ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Իսկ տվյալ պահին, նման որեւէ համաձայնություն գոյություն չունի։

Այնուամենայնիվ, «Առավոտին» այլ աղբյուրներից հաջողվեց պարզել, որ վերջին ժամանակներում բավականին հաճախադեպ են Էդուարդ Եգորյանի եւ Կարեն Դեմիրճյանի շփումները։ Դա կունենա՞, արդյոք, որեւէ արդյունք՝ առայժմ դժվար է ասել։ Տեղեկացնենք նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը խոստացավ այս հարցի շուրջ «Առավոտին» մանրամասն պարզաբանումներ տալ ապրիլի վերջին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930