Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց աշխարհի առաջին վարկերը» շարքից

Ապրիլ 14,1998 00:00
gumar

Բավական լուրջ ժամանակի կորուստից հետո հանրապետության տնտեսական վարկերը նորից պատշաճ ուշադրության են արժանանում։ Հաղթահարվել է այն մտայնությունը, թե օտարերկրյա վարկերը ներքաղաքական ինչ-ինչ գործընթացների (ժողովրդավարացում, սեփականաշնորհում եւ այլն) համար տրվող պարգեւատրություն-փոխհատուցում են։ Մինչեւ հիմա էլ ամենաաղմկահարույց ու նույն չափով էլ առեղծվածային է գնահատվում «չինական վարկը»։ Այս վարկի մասին որոշակի տեղեկություններ, այնուամենայնիվ, հրապարակվել են։

Անցյալ տարի ձերբակալվեց իրագործողներից մեկը՝ ՀՀ թեթեւ արդյունաբերության նախկին նախարարը։ ՀՀ դատախազությունը հաղորդեց, որ քննության ընթացքում պետբյուջե են վերադարձվում առաջին հարյուր հազար դոլար կորուստները։ Հետո բյուջե վերադարձվող գումարը գերազանցեց մեկ միլիոն դոլարի ցուցանիշը։ Հենց այդ պահից արդեն պարզ էր, որ ոչինչ պարզ չէ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կնքվել է 30 մլն յուանի վարկային պայմանագիր։ Այսինքն, հենց կնքման պահին վարկի դոլարային համարժեքը մոտ 5 մլն 200 հազար դոլար էր։Ընդունենք, որ առանձնահատուկ շնորհք է պետք 5 միլիոնանոց վարկից մեկ միլիոնից ավելը կորցնելու, կամ տակովն անելու համար։ Ու նորից ապացուցվեց, որ Հայաստանը հարուստ է ոսկեձեռիկ շնորհալիներով։

Ինչի՞ց է սկսվում Չինաստանը պատմական իմաստով, հայերիս համար Չինաստանը սկսվում է մետաքսի մեծ ճանապարհից։ Իսկ մեծ ճանապարհները մեծ արկածների ու ռոմանտիկ պատմությունների օրրան են։ XX դարում Չինաստանը սկսվեց ոչ պակաս ռոմանտիկ պայմաններում, 1992 թվականին։ Այդ տարի երկրում հացի պակաս կար։ Հացի խանութների առաջ հերթեր էին։ Հաց գնելու հույսով բնակչությունը պարբերաբար պաշարում էին հացի գործարանները։ Հաց տեղափոխող մեքենաներին ուղեկցում էին ոստիկանական զինված ջոկատներ։ Բնականաբար, այս պայմաններում հայրենի չինովնիկների մի հատվածը օրնիբուն մտածում էր որտեղից եւ ինչպես հաց ճարել ու ներմուծել Հայաստան։ Որպես փրկության ելք հայտնվեց միջազգային համաձայնագիրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Ըստ համաձայնագրի չինական կողմը պարտավորվում էր 30 հազար 21 տոննա հացահատիկ տրամադրել, նաեւ՝ յուղ եւ մթերային այլ ապրանքներ։ Հայաստանը որպես փոխհատուցում առաքելու էր մետաղի թափոն (ռելսեր, պղնձի եւ ալյումինի թափոններ, ամրան, պղնձի կոնցենտրատ)։ Հայկական կողմից պայմանագիրն իրագործելու էր «Դավիթ» առեւտրային տունը, չինական կողմից՝ չինական մի ֆիրմայի՝ Շանդունի մասնաճյուղի «Լիդա» կազմակերպությունը։ Պայմանագրի համաձայն, մայրցամաքի մի ծայրից մյուսը ծանր-ծանր մետաղներ էին առաքվելու, իսկ հակառակ ուղղությամբ՝ հաց ու յուղ։

Իր կյանքում առնվազն մեկ անգամ աշխարհի քարտեզը պատահաբար տեսած մեկը դժվար թե այս պայմանագիրը տնտեսական իմաստով նպատակահարմար գնահատի։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 1993 թ. հունիսի 4-ին (պայմանագրի կնքումից յոթ ամիս անց) հրաժարվում է հացահատիկ ներկրելու մտադրությունից։ Չինական կողմին ներկայացված փաստաթղթում այդ հրաժարումի ոչ մի բացատրություն-հիմնավորում չկա։ Կարելի է ենթադրել, թե էկոնոմիկայի նախարարությունում որոշում ընդունելու իրավունք ունեցող պաշտոնյաներից մեկը պատահաբար մեր մոլորակի քարտեզ կամ գլոբուս էր տեսել։ Հուրախություն հայոց ազգի, նա գլոբուս տեսած միակ պաշտոնյան չէր։ Այդպիսի մեկը, առնվազն մեկը կար նաեւ ՀՀ արդյունաբերության նախարարությունում։ Կարապ, խեցգետին եւ գայլաձուկ նախարարությունները։ Եվ այսպես, էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է նախնական պայմանավորվածությունից։ Հրաժարվում է, եւ 1993-ի հունիսի 18-ին խորհրդակցություն հրավիրում։ Մասնակցում էին երեք նախարարություններ։ Քննարկվում էր, թե 30 մլն յուանի ինչ կարելի է ներմուծել Չինաստանից։ Արդյունաբերության նախարարությունը հրաժարվում է վարկից։ Առեւտրի նախարարությունը առաջարկում է ներկրել պարենային եւ ոչ պարենային ապրանքներ։ Թեթեւ արդյունաբերության նախարարությունը ոգեւորությամբ առաջարկում է ներկրել կտորեղեն եւ մանվածք։

Սույն առաջարկով, փաստորեն, վարկը «վերաձեւակերպվում» է որպես արտադրական ու սկսվում է վարկային բուն պատմությունը։ Նախ, արտգործնախարարությունը համապատասխան գրությամբ նախազգուշացնում է, որ ՉԺՀ-ի հետ պայմանագիրը գերադասելի է կնքել կայուն տարադրամով։ Զգուշացումը հաշվի չառնելով, մեր չինովնիկները պայմանագիրը կնքում են չինական դրամական միավորով։ Պայմանագրի կատարման ընթացքում յուանը հաշվարկվել է դոլարային տարբեր փոխարժեքներով։ 1993 թ. մեկ դոլարը 5,7723 յուան էր։ 1994-ին մեկ դոլարը 8,7217 յուան էր։ Արդյունքում, ապրանքային արժեքների ձեռքբերման հնարավորության կորուստը գնահատվում է 1 մլն 62,5 հազար դոլար։ Այդ գումարի չափով ապրանք պակաս է ներմուծվել։ Զավեշտական մեկ փաստ. Չինաստան մեկնում է կառավարական հանձնաժողովը։ Պաշտոնյաները տեղում ընտրում են ներմուծվելիք կտորեղենի տեսականին։ Այդ նույն ընթացքում հայ արդյունաբերողները հնարավորություն չեն ստացել ծանոթանալու չինական ստանդարտներին։ Հետո, երբ չինական կտորեղենը Հայաստանում էր, ձեռնարկությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին հրաժարվել նախարարության կողմից պարտադրվող վատորակ կտորեղենից։ Դրանք Հայաստան էին հասցվել բեռնատար մեքենաներով։ Ճանապարհածախսը լրջորեն բարձրացրել էր հումքի ինքնարժեքը։ Ուղեբեռների տեղափոխման արժեքը հաշվարկել էր շվեյցարական MM տրանսպորտային ընկերությունը։

Չինաստանից-Հայաստան 1 տոննա բեռի փոխադրման արժեքը 1200 դոլար է։ Ուղեբեռները ապահովագրվել են բեռի արժեքի 0,8 տոկոսի չափով։ Վարկային պարտավորությունների ընթացքում փաստաթղթային շիլաշփոթ է։ Շատ բնօրինակներ չկան։ Ներկայացվող պատճեններն անընթեռնելի են։ Համենայնդեպս, այս կարծիքին են հանգել Ազգային ժողովի Վերստուգիչ պալատի մասնագետները։ Նրանք նաեւ նշում են, որ «արձանագրվել են գոյություն չունեցող ապրանքանյութական արժեքների հաշվապահական ձեւակերպման հավելագրման փաստեր»։ Նույն ապրանքը մեկ փաստաթղթում գնահատված է մոտ 1 մլն 390 հազար դոլար, մեկ այլ փաստաթղթում՝ 1 մլն 604 հազար դոլար։ ԱԺ Վերստուգիչ պալատի եզրակացությամբ՝ չինական կոչվող վարկը եւ տոկոսները առկա ռեսուրսներով հնարավոր չէ մարել։ Այս վարկի մասին այսքանը։ Փաստաթղթային այս քաոսն այսօր ըմբոշխնում են դատախազության քննիչները։ Եվ նրանց արհեստավարժությունից է կախված, թե այս վարկապատումը կշարունակվի՞ դատախազության տեղեկագրերում եւ «02 ոստիկանական լրատուի» մեջ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930