Տո, ԵԱՀԿ-ի էլ․․․
«Հարգելի պրն նախագահ (Ռոբերտ Քոչարյան- Վ. Դ.), մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ եզրակացությունը, որ վերջին ընտրությունները եւս մեկ քայլ էին դեպի հայկական գործող ժողովրդավարություն եւ կոչ ենք անում Ձեզ ամենայն լրջությամբ վերաբերվել ընտրական հետագա բարեփոխումների վերաբերյալ նրանց առաջարկություններին»։
ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆԻ՝ ՀՀ նախագահին հղված ուղերձից, «Ազգ», 11 ապրիլի
Չար լեզուներն ասում են, թե հանրահայտ Արշալույս գյուղում նախապատրաստվում է մի նոր խնջույք, որտեղ, ի պատասխան Բիլ Քլինթոնի շնորհավորանքի, բառացիորեն կկրկնվի Վանո Սիրադեղյանի հանրահայտ «ուղերձը» Բիլ Քլինթոնին՝ բոլորովին այլ մարդու շուրթերից։
Կարդացեք նաև
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ 3 ՎԱՅՐԿՅԱՆ
«Ապրիլի 10-ին Հայոց համազգային շարժման վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ»։
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ», «Ազգ», 11 ապրիլի
Այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է վերաբերվում ՀՀՇ շնորհավորանքին, Ռոբերտ Քոչարյանն, ասում են, պատասխանել է. «Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու»։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԸ
«Սահմանադրությամբ նույնիսկ հայտարարություն անելու իրավունք չունենք։ Այսօր մեզ (ԱԺ-ին- Վ. Դ.) դիմում են տարբեր երկրների պառլամենտներ, որոնք հայտարարություններ են ընդունում նույնիսկ հայկական հարցերի շուրջ։ Եվ այդ պարագայում Ազգային ժողովը անկարող է անգամ արձագանքել։ Պատկերացրեք, թե ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվել»։
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ նախագահ, «Ազգ», 11 ապրիլի
Դժվար, շատ դժվար վիճակում է մեր ԱԺ-ն։ Նույնիսկ հայտարարություն անելու իրավունք չունի։ Ի տարբերություն, ասենք, Արշակ Սադոյանի։ Փոխարենը՝ օրենքներ, օրինագծեր։Մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու։ Հուսանք, որ ՀՀ նորընտիր նախագահը ԱԺ-ին կլիազորի հայտարարություններ անել օրեցօր աճող հայկական հարցերի վերաբերյալ կամ գոնե արձագանքել դրանց մասին ուրիշների հայտարարություններին։ Թե չէ՝ էս ի՞նչի նման է։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ