Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր եւ միություն անհաջող մի կատակի առիթով

Ապրիլ 14,1998 00:00
Alvard Barxudaryan

Խոստովանեմ, որ Մայր աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվող Զատկի պատարագին առաջին անգամ էի ներկա, սովորաբար ավելի համեստ եկեղեցի եմ նախընտրում այդ օրը։ Ուստի եւ, բնական էր զարմանքս մեր քաղաքական արդեն կայացած եւ կայանալու իր ժամին (ու հերթին) սպասող էլիտայի առատությունը եկեղեցու բակում։ «Երեւի ինաուգուրացիայի օրը նույն հարգարժան դեմքերն էին Օպերայի եւ թատրոնի մեծ դահլիճում»,- մտածեցի։

Հասկանալի էր այդ օրն աննախադեպ աճած հայ քրիստոնյաների թիվը՝ հայկական քաղաքական շրջանակներում։ Եկեղեցու ներսում, սբ. խորանի առջեւ իրենց պատվավոր եւ արժանի տեղն էին զբաղեցրել նորընտիր նախագահը, հայոց նորընտիր եւ նորանշանակ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Մոմեր էին վառվում, խնկաբույրը տարածվում էր Մայր տաճարի պատերից դուրս, ուր էլ ավելի մեծ բազմություն կար քրիստոնյաների, քան ներսում։ Այստեղ էր նաեւ պաշտոնյա մեր գործընկերուհի Հասմիկ Պետրոսյանը, որը այս նշանավոր ժամանակահատվածում կարծես «մաշվել» էր՝ ինչպես կասեին ղարաբաղցիները, նիհարել էր։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- ասացի, ողջագուրվեցի Հասմիկի հետ եւ ուրախ լուրը փոխանցեցի նրա կողքին կանգնած ղարաբաղցի վաղեմի բարեկամիս։ Ու թեեւ նա էլ, կարծում եմ, ակտիվ մասնակցություն ուներ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու մեջ (կամ, կարող է եւ չուներ, չգիտեմ), բայց պահպանել էր ամուր կազմվածքը, որը ուներ դեռ 1992 թ., երբ առաջին անգամ տեսա նրան Ղարաբաղում։ Հազարավոր ղարաբաղցիների պես նա էլ կռված տղա, հայրենիքին ու պետությանը ազնվորեն նվիրված, որի մասին, ցավոք, այդպես էլ երբեւէ չգրեցի։ Թեեւ ասեմ՝ արժանի էր։

«Վերջերս սկսել ես մեր դեմ գրել, լավ չես անում»,- ասաց վաղեմի բարեկամս։ «Մեր դեմ»-ը թեեւ չմանրամասնեց, սակայն հասկացա, որ «Առավոտի» հրապարակումներս նկատի ուներ։ «Գիտե՞ս, չէ՞, քեզ ենք ներում»։ Նման «հաճոյախոսություններ» վերջերս հաճախ եմ լսում։ «Է՜հ,- ասացի,-Ռ վՈ ֆՑՏՎ րտՈրՌոՏ»։ Մտածեցի, որ սա է թերեւս յուրատեսակ գնահատականը Ղարաբաղում նվաստիս լրագրողական «բեղմնավոր աշխատանքի»։ Հասկանալի էր բարեկամիս կատակելու տրամադրությունը, ի վերջո, չեմ կասկածում, որ գիտակցում է ազատ մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար Հայաստանում։ Բայց, չգիտես ինչու, բորբոքվեցի։ «Լեւոն Տեր- Պետրոսյանը,- դարձյալ դիմեցի բարեկամիս,- դիմանում էր, Ռոբերտ Քոչարյանն էլ իմունիտետ ձեռք կբերի։ Պատերազմ տեսած նախագահ է, լավ էլ դիմանում է լրագրողներին»։ Մի քիչ էլ խոսեցինք մամուլի ազատությունից, այս մասին ղարաբաղցի բարեկամիս պատկերացումների, իմ «հերոսական» անցյալից ու այսօրվա «տարօրինակ, մեկուսացած» պահվածքից։ Կարճատեւ այս զրույցի ավարտին պաթոսով մի ֆրազ արտասանեցի։ Եթե չեմ սխալվում, նման մի բան. «Ով-ով, բայց ես, կարծում եմ, այս տարիների ընթացքում ազատ գրելու իրավունք ձեռք եմ բերել»։ Բնականաբար, հերոսական գոյամարտի դժնդակ օրերը նկատի ունեի, երբ մահն անտեսելով, միայնակ նետվում էի Ղարաբաղ, օր առաջ ղարաբաղյան պատերազմի (իսկ հետո նաեւ՝ խաղաղության) մասին ճշմարտությունը Հայաստան հասցնելու համար։ Այս վերջին պաթետիկ ֆրազն, անշուշտ, չասացի, որովհետեւ երբեք այդ ոճով ոչ գրել եմ, ոչ էլ երբեւէ խոսել Ղարաբաղի մասին։

Սիրով բաժանվեցի Սբ. Էջմիածնի բակում հանդիպած բարեկամներիցս, դարձյալ մաղթելով նրանց սեր, համբերություն, պայծառ ապագա՝ ի բարօրություն մեր ժողովրդի։ Անցած տարիներին Ղարաբաղի մասին պաթոսով խոսող, բայց երբեք ռազմաճակատում չեղած հայաստանցիներից շատերը զանազան դիվիդենտներ ձեռք բերեցին՝ նյութական եւ պաշտոնական։ Իմ միակ ձեռքբերումը հրապարակումներն են ու գրիչս՝ իմ ազատ կամքի արտահայտչամիջոցը։ Եվ կարծում եմ, կենսագրությանս գոնե «ղարաբաղյան հատվածով» այդ իրավունքը վաստակել եմ։ Անկախ նրանից, թե իմ որոշ հրապարակումներ կարող են եւ դուր չգալ մեր նորընտիր նախագահին (որին, օգտվելով առիթից սրտանց շնորհավորում եմ), կամ նրա մերձավորներին, որոնց հիշում եմ «նոստալժիով» երբ դեռ ԼՂՀ-ում էին ծառայում: Աստված տա, Հայաստանը նրանց չփոխի:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930