Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը, բանուգործ թողած, մեր ապագան է գուշակում

Ապրիլ 11,1998 00:00
charxchyan

Հայաստանյան իրադարձությունների զարգացումը Արեւմուտքի քաղաքական շրջանակների եւ դիտորդների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ մինչ այս պահը։ Եւ եթե նախնական շրջանում դիտարկումների հիմնական նյութը իրադարձություններին ծնունդ տվող դրդապատճառներն էին, ապա այժմ մեծ տեղ է հատկացվում, այսպես կոչված, քաղաքական կանխատեսումներին. ո՞ւր է քայլելու Հայաստանը, ի՞նչ ուղի կնախընտրի նորընտիր նախագահը, եւ ինչպիսի՞ն կարող է լինել հանգուցալուծումը։ Այս կարգի վերլուծությունների շարքում ինքնատիպ է բրիտանացի քաղաքագետ-վերլուծաբանների հրապարակումը, որը տեղ է գտել «Էկոնոմիստ» հանդեսի հավելվածում։ Նրանց դիտարկումներում կան մի շարք առանձնահատուկ ենթադրություններ, որոնք, կարծում ենք, կհետաքրքրի նաեւ հայ ընթերցողին։

Վերջին երկու ամիսների Հայաստանի ներքաղաքական խմորումները վերլուծելով, բրիտանացի դիտորդները եկել են այն համոզման, որ Քոչարյանի առաջին քայլերից մեկն է լինելու հին խորհրդարանի լուծարումը եւ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը։ Նրանք հայտնում են, թե ի սկզբանե պարզ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ներքին քաղաքականության ոլորտում լուրջ տեղաշարժեր չէին կատարվելու, եւ համաձայն ելակետի՝ Քոչարյանը պետք է շարունակի կենսագործել այն տնտեսական քաղաքականությունը, որն արդեն իսկ տարվում էր նրա կառավարության կողմից։ Սրա հետ մեկտեղ, քաղաքագետները կարծում են, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշման կարծրացումը կերկարաձգի այս տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման ժամկետները։ Թեեւ ներդրումների առումով վերլուծաբանները որոշակի հեռանկարներ են կանխանշում։ Բանն այն է, որ Քոչարյանի հաղթանակը կարող է բարերար ազդակ հանդիսանալ հատկապես սփյուռքահայ մեծահարուստների ներդրումների համար։ Հետաքրքրական է, որ նման լավատեսության համար հիմք է ծառայում այն հանգամանքը, թե Քոչարյանին աջակցող Դաշնակցություն կուսակցությունը մեծ ազդեցություն ունի Սփյուռքում եւ կարող է հրապուրել արտասահմանի հարուստ հայերին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համար։

Բրիտանացիները կարծում են նաեւ, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը վերահսկելու համար չափազանց կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն վերանայի իր դիրքորոշումը եւ հանդես բերի ավելի մեծ ճկունություն։ Մասնավորապես նրանք առաջարկում են ամուր միջազգային երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար։ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը լուրջ խոտորումների չի ենթարկվել, բայց դիտարկելով այն տրամադրությունները, որոնք առկա են իշխանություններին մոտ կանգնած շրջանակներում, կարելի է նկատել ինչպես որոշակի տագնապ ու վերապահում, այնպես էլ՝ հետզհետե ձեւավորվող միտումներ մոտեցումները իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Վաշինգթոնի քաղաքական շրջանակներն արդեն իսկ արձանագրում են, որ ԱՄՆ-ը շուրջ 1 միլիարդ դոլար է հատկացրել՝ կովկասյան պետություններին օգնելու համար, եւ կարեւորելու գլխավոր պատճառը հանդիսանում են տարածաշրջանում նավթի հարուստ պաշարները։ Սակայն դրանք կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ այստեղ հաստատվի ներքաղաքական կայունություն։ Ըստ այդմ, այսօր Կովկասի խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքը դիտվում է Ղարաբաղյան հակամարտությունը։ «Այս եւ նմանօրինակ հակամարտությունները Կովկասում դժվարացրել են անցումը դեպի ժողովրդավարություն։ Սա է բռնությանը վերջ դնելու վճռական պատճառներից մեկը։ Միայն դրանից հետո է, որ կարող է ստեղծվել քաղաքական ու տնտեսական զարգացման հավանականություն»,- ասվում է Վաշինգթոնի պաշտոնական տեսակետում։

«Լոս Անջելես թայմզ» թերթի մեկնաբանության համաձայն՝ Արեւմուտքը կշարունակի այսուհետ եւս ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով զիջումներ անել բոլոր այն նվաճումներում, որոնք ծանր գնով ձեռք են բերվել պատերազմի շնորհիվ։ Թերթն այս առթիվ տեղ է հատկացրել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքին, որը մասնավորապես ասել է. «Եթե ամբողջ աշխարհը մեր դեմ ելնի, մենք, իհարկե, կպարտվենք։ Եթե ամերիկյան եւ ռուսական նավթային լոբբիները միավորվեն Ղարաբաղի դեմ, մենք չափազանց ծանր վիճակի կմատնվենք։ Սակայն նավթային լոբբիները պարտավոր են լավ կշռադատել, թե ինչպես են աջակցելու Ադրբեջանին։ Եթե նրանք շարունակեն կուրորեն օգնել Ադրբեջանին, դա ի վերջո կհակասի իրենց իսկ շահերին, որովհետեւ այս կերպ անխուսափելիորեն կապակայունանա տարածաշրջանի իրավիճակը»։ Թե որքանով կարդարանան օտարների կանխատեսումները, ցույց կտա ժամանակը։ Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի ենթադրություններին, ապա այստեղ պատասխանը մեկն է. մեր տառապանքը փորձ ունի։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930