Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համաձայնությունը եւ Սփյուռքը

Ապրիլ 11,1998 00:00
Agasi Enoqyan

Նախընտրական շրջանում Հայաստանում շրջանառության մեջ էր ազգային համաձայնության դետալը, որը թեկնածուների նշանակալի մասը տաշտշում-հարմարեցնում էր իր ծրագիր-մեխանիզմներին: Սա ինչ-որ առումով յուրօրինակ քայլ էր, քանի որ նախկին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ հարցին առանձնապես ուշադրություն չէր նվիրվում, եւ պոպուլիստական պատճառներով 90-ականների սկզբին քննարկվող այդ խնդիրը կրկին հառնեց հայ քաղաքականության մեջ: Ազգային համաձայնության ու միասնության խնդիրը երկու հատույթ ունի՝ նկատի է առնվում թե՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի համախմբումը, թե՛ տարբեր քաղաքական կողմնորոշումների համադրումը: Հարցի ջատագովներից է նաեւ նորընտիր նախագահը: Այս ուղղությամբ նա արդեն արել է առաջին քայլերը. կառավարության մեջ եղած ղարաբաղցի պաշտոնյաներից բացի, ներգրավել է նաեւ Սփյուռքի մի ներկայացուցիչ, ամենայն հավանականությամբ, շուտով մեկ ուրիշին կհանձնվի արտգործնախարարի պորտֆելը:

Պաշտոնների նման բաշխումը նշանակալիորեն հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմվող առաջին կառավարությունները, որտեղ նույնպես պաշտոններ էին հանձնվում տարբեր երկրների ներկայացուցիչ հայերին, դրանով փորձելով սիմվոլիզացնել ռեժիմի համահայկական բնույթը: Հետագայում պարզվեց, որ տարվող խիստ որոշակի քաղաքականության պայմաններում օտարերկրյա մասնագետներն ինքնին չէին ապահովում այդ սիմվոլը, եւ նրանք կամ դուրս դրվեցին կառավարությունից, կամ ձուլվեցին ռեժիմին: Եթե Քոչարյանը ձեւավորի իր քաղաքական շրջապատը արդեն հայտարարված արհեստավարժության սկզբունքով, ապա սփյուռքահայ պաշտոնյաներին կմնա նույն սիմվոլիկ դերը՝ փոքրի շատե հայտնի մասնագետներն արդեն փորձարկվել են Հայաստանում, եւ բացի այն, որ նրանք լեռներ շուռ չտվեցին իրենց պատրաստվածությամբ, ունեին նաեւ հայաստանյան իրողություններին հարմարվելու խնդիրը, ինչը մինչեւ վերջ էլ մնաց չհաղթահարված:

Սփյուռքի եւ Հայաստանի համագործակցության համար մշտապես ենթադրվել է նույն ցանկը. Արցախի հարց, Հայ Դատ, Հայաստանի տնտեսական հզորացմանն աջակցություն: Արցախի խնդրի լուծման գործում սփյուռքահայերն արդեն իսկ բերել են իրենց զորակցությունը թե՛ լոբբիստական գործունեությամբ, թե՛ ֆինանսական ու նյութական միջոցներով, թե՛ կռիվներին հայրենասեր քաջահմուտ մարտիկների մասնակցությամբ: Որեւէ նորույթ այս ասպարեզում սպասելն անիմաստ է, ավելին՝ դավաճանություն է, քանի որ դա կնշանակեր ինչ-որ ռեսուրսների առկայություն, որոնք օրհասական պահերին թաքցվել են, չեն գործադրվել: Որպես նոր հնարավորությունների աղբյուր կարող են նշվել ՀՅԴ կարողությունները. քանի որ կուսակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կասեցված էր, ապա այժմ՝ վերաբացումից հետո, այն կարող է տրամադրել իր հնարավորությունները: Սակայն Դաշնակցությունը կասեցված էր Հայաստանում, եւ ոչ Ղարաբաղում, ուրեմն՝ նա այս խնդրով ուներ գործունեության բոլոր օրինական (այնքանով, որքանով ընդունում ենք Ղարաբաղի անկախությունը) ուղիները: Հայ Դատի հետապնդման բնագավառում եւս համագործակցության նոր եզրերը տարտամ են երեւում: Արդեն անցել են Թուրքիայի նկատմամբ ահաբեկչությունների միջոցով որեւէ ակնկալիքի ժամանակները, իսկ այս բնագավառում Սփյուռքի եւ Հայաստանի քաղաքակիրթ համագործակցության դուռը նույնպես երբեւէ չի փակվել: Ընդհանրապես, կողմ լինելով արտասահմանի հայերի քաղաքական հնարավորություններն օգտագործելուն, Հայաստանը միշտ որոշակի զգուշավորություն է պահպանել, եւ բնական է, եթե այժմ էլ պահպանի:

Սփյուռքահայերի համար Հայաստանը եղել եւ մնում է որպես ազգային ինքնագիտակցության պատճառ, մինչդեռ մեզ համար դրանից բացի, այն նաեւ ապրելու վայր է. եթե առաջին դեպքում իմիջային նկատառումներով եւ քնարական զեղումներով չեն բացառվում արկածախնդիր ձեռնարկները, ապա մենք գիտենք, որ ապրելու ենք այս երկրում եւ ճգնաժամային իրադրությունների դեպքում, ի տարբերություն Սփյուռքի մեր եղբայրների, որոնք միշտ պահեստում ունեն իրենց կառավարության օգնության հնարավորությունը, մեր ետեւից դիվանագիտական առաքելություններ չեն գա: Իրավիճակը համանման է նաեւ տնտեսական համագործակցության բնագավառում: Բիզնեսն ունի իր օրենքները, որոնց մեջ լիրիկան քիչ է, եւ զարմանալի թող չթվա, եթե ամերիկա- կամ ֆրանսահայը պատրաստ է ներդրումներ անել, ասենք, Զաիրում կամ Ինդոնեզիայում, բայց ոչ՝ Հայաստանում. ներդրման շահագրգռությունը կախված է տնտեսական եւ քաղաքական ռիսկից, իսկ այդ երկուսն էլ Հայաստանում դեռեւս շատ բարձր են: Սփյուռքահայերի կողմից կատարված ներդրումները, բացի բարձր տնտեսական շահույթից (համեմատական բարձր ռիսկին), ուղեկցվել են նաեւ ամենաբարձր պետական երաշխիքներով, անգամ՝ կառավարական հատուկ որոշումներով: Այս շարքում բացառություն է Քըրք Գրիգորյանի խոստացած 100 մլն. դոլարը, սակայն այդ քայլի անկախությունը ԱՄՆ քաղաքականությունից դեռեւս ակնհայտ չէ, բացի այդ, չմոռանանք, որ այս գումարը դեռեւս չի ստացվել:

Սփյուռք-Հայաստան համագործակցության շարքում առկա է միայն երկու նոր գործոն. երկքաղաքացիության օրենքի ընդունման մասին խոստումները եւ ՀՅ Դաշնակցության վերաբացումը: Դաշնակցության եւ մյուս կուսակցությունների հետ նոր նախագահի համագործակցության ասպարեզները առանձին քննարկման նյութ է, որ շուտով կներկայացնենք, սակայն այստեղ եւս նշենք, որ առաջացած նոր հնարավորություններն ավելի շատ բարոյական բնույթի են, քան քաղաքական կամ տնտեսական: Նույնը վերաբերում է նաեւ երկքաղաքացիությանը. ակնհայտ է, որ այն կունենա որոշակի քաղաքական սահմանափակումներ, հիմնված թեկուզ հենց վերը նշված զգուշավորության պատճառաբանության վրա, իսկ տնտեսական ներդնողի համար այժմ ավելի ձեռնտու է օտարերկրացի լինել, քան՝ հայաստանցի: Այս համառոտ քննարկմամբ երեւում է, որ Սփյուռքի հետ ազգային միասնություն ասվածը ավելի շատ քարոզչական հնարք է, կամ միամիտ ու բարի ցանկություն, քան կոնկրետ ասպարեզներ եւ միջոցներ ունեցող շռնդալի համագործակցության ասպարեզ:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930