Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները խառնում են խաղաքարտերը

Ապրիլ 11,1998 00:00
Andranik Margaryan

Հետընտրական փուլի հանդարտությունը, ինչպիսին ենթադրվում էր՝ վստահ եմ, որ այն զարգացումները չի ունենալու, ինչպիսին շատերը կարծում էին։ Ըստ իս՝ այս առումով է նաեւ հետաքրքիր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ստորեւ ներկայացվելիք խոսքը։

Կառավարության հանրապետական պատկերացումները

Ինչպիսի՞ն պիտի լինի ձեւավորվելիք կառավարության կազմն ու բովանդակությունը։ Անդրանիկ Մարգարյանը նախ ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը լինելով անկուսակցական գործիչ, ինչպես աջ, այնպես էլ ձախ ու ազգայնական ուժերի, Հայաստանում գործող կուսակցական գրեթե ամբողջ սպեկտրի զորակցությանն արժանացավ, ինչը ցույց է տալիս, որ թեկնածուի առաջադրումը նվազագույնը գոնե ազգային միասնականության էր միտված։ Ուստի, բնական է, որ կառավարություն կազմելիս Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մեկ կուսակցության վրա հենվի, այլ՝ տարբեր քաղաքական կազմակերպություններում գտնվող, տարբեր գաղափարական հենքի վրա կանգնած մարդկանց՝ հիմքում ունենալով արհեստավարժության սկզբունքը։ Ցանկալի կլիներ, որ միասնականության ապահովման համար կառավարությունում ընդգրկվեին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Իսկ թե Ռոբերտ Քոչարյանը դա ինչպե՞ս կանի՝ իր սահմանադրական իրավունքն է։

Այդուհանդերձ, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ կառավարության կազմավորման տրամաբանության մեջ պետք է հաշվի առնվեն նաեւ քաղաքական զարգացումների հեռանկարները, որոնցից ամենակարեւորը ներքին կայունությանը հետամուտ լինելն ու ազգային համաձայնության կայացումն է։ Այդ հիմքի վրա կարելի է քայլեր կատարել քաղաքացիական հասարակություն ստեղծելու ուղղությամբ, ինչը չի կարող տեղի ունենալ առանց կայուն ներքին համաձայնության եւ փոխադարձ կշտամբանքների ու թունավորումների մթնոլորտում։ Հակառակ դեպքում՝ անիմաստ է խոսել Հայաստանի եւ Արցախի անվտանգության, ԼՂՀ խնդրի հայանպաստ լուծման հնարավորության մասին։

ՀՀ եւ Արցախի անվտանգության ճանապարհն այսօր անցնում է տնտեսական առաջընթացի եւ դրանից ածանցյալ սոցիալական վիճակի բարելավման միջով։ Թե ովքեր պետք է հեռանան Անդրանիկ Մարգարյանն այնուհետեւ ավելացրեց. «Ես հնարավոր եմ համարում, որ այսօր գործող նախարարների մեծ մասը չլինեն կառավարությունում՝ ոչ թե այն բանի համար, որ աշխատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունում վարկաբեկվել են, այլ, որ վարկաբեկվել են իրենց անգործությամբ եւ ոչ պրոֆեսիոնալ լինելով»։

Դեռեւս 97-ի դեկտեմբերին, բյուջեի քննարկումների ժամանակ, Անդրանիկ Մարգարյանի տպավորությամբ, նախարարների մեծ մասը չէր պատկերացնում անելիքը։ Նրանց պատասխանները հարցերին՝ գիտահանրամատչելի, թերթային հոդվածի դրույթներով էին տրվում, չէին երեւում քայլերի հաջորդականության հեռանկարները։ Այդ մարդիկ պետք է հեռանան։ Նրանք են՝ առողջապահության, մշակույթի, կրթության ոլորտները տնօրինողները։ Հատկապես վերջին բնագավառում առկա բացերը հետագայում արտահայտվում են բանակում, ինչը դպրոցում բացակայող կրթական ծրագրի դրսեւորումն է։ Անդրանիկ Մարգարյանը բարձր էր գնահատում ուժայինների աշխատանքը։ Եթե բանակում կա որոշակի լարվածություն, ապա դա հասարակության հիվանդության արտացոլումն է։

Նույնը դրսեւորվում է նաեւ ոստիկանությունում։ Բայց, զրուցակցիս մատուցմամբ՝ այս երկու ոլորտներում էլ կա դրական շարժերի միտում։ Նույնը նաեւ մաքսային, հարկային եւ գյուղատնտեսության բնագավառներում։

Հանրապետականներն ընտրություններում

Նախընտրական փուլում ՀՀԿ-ն գործեց «Արդարություն եւ միասնություն» միավորումից դուրս։ Ընտրական հանձնաժողովներում ներկայացված կուսակցություններից ՀՀԿ-ն միակն էր, որ պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին՝ 1000-ից ավելի անդամ ունենալով տեղամասային եւ համայնքային հանձնաժողովներում։ Ա. Մարգարյանի հաջորդ հայտարարությունը որոշակիորեն տարօրինակ էր. «Գործնական առումով ՀՅԴ-ի եւ ՀՀՇ-ի հետ այդ օրը մենք անթերի ենք պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին»։ Հանրապետականների ձեռամբ ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի կողք-կողքի դրվելը, կարծում եմ, դեռ քննարկումների կարժանանա։ Այնուհետեւ զրուցակիցս շարունակեց՝ իհարկե, դա չի գովազդվել, եւ առավելապես ներկայացվել են այն կուսակցությունների գործողությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանի շտաբի համար որոշակի խնդիրներ էին լուծում արտասահմանում եւ այստեղ։ Օրինակ՝ ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի գործողությունները ցուցադրվում էին անընդհատ՝ հասկանալի պատճառներով, որպեսզի ժողովրդին ի ցույց դրվի միասնականությունը։ Դա դրական է։ «Բայց մեկ այլ կուսակցության դերն անտեսելը շտաբի թերությունն եմ համարում։ «Արդարություն եւ միասնություն» քաղաքական միավորման աշխատանքը համարում եմ ոչ բավարար, քանի որ մեկ-երկու հանդիպումից եւ հայտարարությունից բացի, կուսակցությունների այդ բլոկը գործնականում որեւէ օգնություն ցույց չտվեց։ Դա դեկլարատիվ միություն էր։ Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ «Երկրապահը» գործեցին առանձին՝ իրենց կառույցներն օգտագործելով։

Առանձին հանդիպումներ ընտրողների հետ ունեցել է նաեւ Հանրապետական կուսակցությունը։ Վերջինս ստանձնել էր Երեւանի Աջափնյակ թաղամասի՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարությունը, լուրջ ներդրում է ունեցել Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն համայնքների, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք եւ Արմավիր մարզերում արձանագրված ընտրական հաջողության մեջ։ Բայց, չգիտես ինչու, նախընտրական շտաբը ցույց էր տալիս միայն այն հանդիպումները, որտեղ ներկա էին միայն ՀՅԴ անդամներ, եւ կամ՝ «Արդարություն ու միասնություն» միավորման կուսակցությունների 1-2 ներկայացուցիչներ։ Դա նեղկուսակցական մոտեցում է։ Կա ասացվածք՝ «Եզը վար է անում արտում, բայց նրա պոզերին նստած ճանճերը, որոնք շատ-շատ են լինում, կարծում են, թե իրենք են վար անում»։

– Եզը ո՞վ է, դո՞ւք եք։

– Ո՛չ, եզը մենք չենք։ Եզը Ռոբերտ Քոչարյանն էր եւ նրա շտաբում աշխատող մարդիկ, բայց այդ պոզին նստած մեծ ճանճերից էինք մենք։ Կամ՝ եզը քշողներից մեկը, թեկուզ՝ հոտաղին ջուր բերողներից մեկը։ Մի խոսքով՝ չէինք ուզենա լինել այն կուսակցությունների շարքում, որոնց միասնական աշխատանքը դեկլարատիվ առումով կա, իրականում՝ ոչ։

Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ իր խոսքից այն տպավորությունը չստեղծվի, թե կուսակցությունները մեղադրվում են ընտրարշավի ընթացքում իրենց գովազդելու կամ կուսակցական քարոզ անելու մեջ։ Թեպետ, իրոք, եղան կուսակցություններ, որոնք այս արտահերթ նախագահական ընտրություններն օգտագործեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ իրենց մարտավարության շրջանակներում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930