Քաղաքական ուժերի դասավորության սկզբունքը ժամանակակից Հայաստանում Այնպես ստացվեց, որ քաղաքական ուժերի այսօրվա դասավորության մեջ ՀՀՇ-ն եւ դրանից սերված բոլոր կազմակերպությունները /ԱԺՄ-ն, ԱԱ-ն, ԱՊ-ն, «Ազատությունը», «Մտավորական Հայաստանը», «Ժողովրդավարական Հայրենիքը» եւ մնացածները/ հայտնվեցին ընդդիմության շարքերում: Խորիմաստ վերլուծաբանը նման դեպքերում ձեռքերը կշփի եւ կանի իր հեռու գնացող հետեւությունները. «Ահա տեսեք՝ ազատական գաղափարախոսություն դավանող ուժերը մի ճամբարում են հայտնվել եւ շուտով միասնական ճակատ են կազմելու»: Այդպես կարող է մտածել կամ Հայաստանում չապրած մարդը, կամ էլ՝ չափից դուրս ակադեմիական գիտնականը:
Մինչդեռ, վերջին իրադարձությունները ապացուցեցին, որ նախկին ընդդիմությունը /ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, ԻՄ-ը, Դեմկուսը եւ մնացածները/ առանձնապես ոչ մի սկզբունք էլ չունեն, բավական է նրանց «մատիկով անել», եւ նրանք վազելով կգան «կերակրատաշտի մոտ», եւ, հետեւաբար, իրենց ուզածը միմիայն իշխանությունն է: Այժմ հասարակությանը ոչ ոք չի համոզի, որ ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի եւ ուրիշների ուզածն այլ բան է, եւ նրանք պարզապես չեն նեղացել՝ նշված տաշտից հեռու մնալով: Ուստի թույլ տվեք կասկած հայտնել ինչպես այս, այնպես էլ նախորդ ընդդիմության սկզբունքայնության վերաբերյալ:
Կոմունիստները նույնպես կարծես թե մոռացել են, որ միայն սոցիալիզմը կարող է փրկել Հայաստանը՝ մի կողմ թողնելով լիբերալիզմի եւ ազատ շուկայի իրենց անխնա քննադատությունը: Նրանք էլ, հետեւելով, հավանաբար, փոխզիջումների լենինյան սկզբունքին, վերջնականապես դուրս եկան ընդդիմության շարքերից եւ աջակցություն հայտնեցին երկիրը կապիտալիստական ուղիով տանող Հայաստանի նոր ղեկավարությանը: Ի դեպ, նման մարտավարությունը նոր չէ. հիշենք, որ նախկին Գերագույն խորհրդում կոմունիստների խմբակցությունը նույնպես մեծագույն խանդավառությամբ քվեարկում էր ամենաազատական օրենքների օգտին: Դժվար է ակնկալել, որ հենց վաղվանից կվերանա սոցիալական անարդարությունը եւ կթեթեւանա ժողովրդական զանգվածների ծանր վիճակը: Սակայն իրեն այդ զանգվածների պաշտպան հռչակող Հայկոմկուսը որոշել է այլեւս չխոսել «նախկինում բարգավաճող, իսկ այժմ թալանված մեր խեղճ Հայրենիքի» մասին եւ լծվել պետական շինարարության, այլ կերպ ասած՝ պաշտոնների եւ ազդեցության ոլորտների բաժանման ազգանվեր գործին:
Ընդհանրապես, Հայաստանում իշխանություն-ընդդիմություն բաժանումը տեղի է ունենում ոչ թե լիբերալիզմին, սոցիալիզմին կամ ազգայնականությանը հավատարիմ լինելու շնորհիվ: Գաղափարական տարաձայնությունները չափից դուրս անշոշափելի եւ «եթերային» են երկու ոտքով հայրենի հողի վրա կանգնած մեր քաղաքական վերնախավի համար: Բաժանման սկզբունքը շատ ավելի պարզ է. կտաս ինձ պաշտոն, տոնավաճառ կամ «բուդկա», «տանիք» կկանգնես «օբյեկտիս»՝ կլինեմ իշխանության կողքին: Չես տա, կդառնամ «թալանչիներին» եւ «ժողովրդի արյունը ծծող հակաժողովրդական վարչախումբը» խարազանող ընդդիմություն: Առ այսօր, համենայնդեպս, այդպես է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ