«Քոչարյանական հնգամյակին ընդառաջ» վերնագրով առաջնորդող է հրապարակել Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթը։
«Ազգ», 9 ապրիլի
«Յառաջի» առաջիկա համարներում տպագրվելիք առաջնորդողները, հավանաբար, լույս կտեսնեն հետեւյալ վերնագրերով. «Բարձրացնենք կովերի կաթնատվությունը», «Հերոսական աշխատանքով նշանավորենք Մեծ Հոկտեմբերը», «Քոչարյանը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը», «Հնգամյակը՝ 4 տարում» (չնայած երկու տարվա փորձ նույնպես ունենք) եւ այլն։
Պ.Ա.Հ. ՄԵԾԱՏԱՌ, պահ ՓՈՔՐԱՏԱՌ
Կարդացեք նաև
«Կարող եմ միայն մի բան ասել, որ մինչեւ այս պահը իմ բոլոր ընկալումներն ու վերլուծականներն ավարտվում էին ի նպաստ Ռ. Քոչարյանի»։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «Հայոց աշխարհ», 9 ապրիլի
Ակնհայտ է, որ «այս պահը» ամենեւին էլ այն պատմական Պ.Ա.Հ.-ը չէ, երբ Հայրիկյանի բոլոր ընկալումներն ավարտվում էին ի նպաստ իրեն։
ԱՅՍՊԻՍԻ ՍԵՐ
«Եթե Արշակ Սադոյանն իմ մասին լավ արտահայտվեր, ես ձեզ բոլորիդ կոչ կանեի սարսափել։ Երբ Արշակ Սադոյանն իմ մասին վատ է արտահայտվում՝ ես երջանիկ եմ»։
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԻՄ նախագահ, «Առավոտ», 9 ապրիլի
Արշակ Սադոյանը, որքան էլ ասելն անհարմար է, Հայրիկյանին օրուգիշեր հայհոյում է՝ այդպիսով երջանկացնելով վերջինիս։
ԴԻՏՈՐԴ-ԴԻՏՈՐԴ ՄԱՆ ԱՐԻ, ԳԻՇԵՐՆԵՐԸ ՏՈՒՆ ԱՐԻ
«Այս ընտրություններում Հայաստանի ընտրողներին տրվեց դիտորդի կարգավիճակ»։
«ԱՅԺՄ», թիվ 11,
«Ապրիլմեկյան ի միջի այլոց»
Հայաստանի ընտրողները բուռն ցանկություն են հայտնել՝ պարզելու, թե իրենց ԱՊՀ երկրների՞ դիտորդի կարգավիճակ էր տրվել, թե՞ ԵԱՀԿ։ Բացի այդ։ Ո՞ւմ ձայներն են, ի վերջո, կեղծվել ընտրություններում։
ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հիմա գարուն է, բնական է՝ այս պահին ավելի կարեւոր է, որ ակտիվ աշխատի հատկապես գյուղատնտեսության նախարարությունը»։
ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՀՇ փոխնախագահ, «Հայոց աշխարհ», 9 ապրիլի
Իսկ ամռանը, ենթադրվում է, պետք է ակտիվ աշխատի զբոսաշրջիկության նախարարությունը, աշնանը՝ ճտերը հաշվելիս, ֆինանսների նախարարությունը, ձմռանը՝ էներգետիկայի նախարարությունը։ Մնացած նախարարությունները թերեւս կարելի է լուծարել։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ