Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընդդիմություն ունի նոր նախագահը հանձին ՀՀՇ-ի

Ապրիլ 10,1998 00:00
vano

Տարօրինակ մի պատահականությամբ կամ օրինաչափությամբ՝ այժմ ասպարեզում մնացած ընդդիմադիրները ՀՀՇ-ամերձ կամ ՀՀՇ-ից սերված են։ ԱԺՄ-ն, «Ժողովրդավարական Հայրենիքը», «Նոր ուղին», «Ազգային առաջադիմությունը» տարբեր տարիներին ՀՀՇ-ից անջատված խմբեր են։ Կարելի է նաեւ ընդդիմադիր համարել ՌԱ(ԼԴ)Կ-ին եւ ՔԴՄ-ին, որոնք նախկինում մաս էին կազմում «Հանրապետություն» միավորմանը։ Մայր կազմակերպության՝ ՀՀՇ-ի առաջնորդ Վանո Սիրադեղյանն այդպես էլ չի ցանկանում հաշտվել «ընդդիմադիր» որակման հետ։

«Իրոք դժվար է այդքան իրար հետ աշխատելուց հետո ընդդիմադիր լինել քո նախկին ընկերներին»,- Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունից հետո կայացած զրույցում կրկնեց նա,- դրա համար էլ՝ ասենք, Մանուկյան Վազգենի ընդդիմությունը չէի հասկանում»։ Հետո սկսեց այլեւայլ երկրներից օրինակներ բերել, որտեղ իշխանական համակարգը չի փոխվում՝ կուսակցություններն են իրար հաջորդում ու մեկ ընդդիմություն դառնում՝ մեկ իշխանություն։ Վստահ էր, որ մեզ մոտ էլ համակարգը չի փոխվի, եւ ՀՀՇ-ն կշարունակի բնական դաշնակից մնալ գործող իշխանությանը։

Այս ամենն աղոտ մի մեղադրանք էր հիշեցնում, որ «իշխանությունն իշխանություն ձեւավորեց», եւ Վանո Սիրադեղյանին հարցրի, թե ինչ կարծիքի է այս գնահատականի մասին. «Մեր ընտրական օրենքը միայն այդ տարբերակն է թույլատրում։ Հանձնաժողովների ձեւավորում, քվեարկության բողոքարկում, կտրոնային համակարգ՝ այս ամենը թույլ չի տա, որ այլ ուժ վերցնի իշխանությունը։ Այդպես է, արատավոր օրենք է»։ Այն իրողությունը, որ այնուամենայնիվ այժմ ընդդիմադիր դաշտում միայն ՀՀՇ-ի ճյուղավորումներն են, Վանո Սիրադեղյանը մասնավորապես այսպես էր բացատրում, թե մյուս կողմում այժմ Դաշնակցությունն է, որը մերժելի է իր «հայդատականությունը պետական քաղաքականության հիմքում դնելու վտանգավոր ջանքով։ Թեեւ վստահ եմ, որ եթե նրանք իշխանության գան՝ ստիպված կլինեն այդ գաղափարից հրաժարվել»։ Հետեւողականորեն մերժելի համարվեց նաեւ երկքաղաքացիության գաղափարը, որը Ռոբերտ Քոչարյանը հռչակեց որպես ուղենիշ՝ ժողովրդին նախագահական իր առաջին դիմումով։

Վանո Սիրադեղյանն այս անգամ ավանդական հակափաստարկներին հավելեց եւս մեկը. «Բացի ամեն ինչից՝ երկքաղաքացիության գաղափարը խիստ վտանգավոր է նաեւ այն իմաստով, որ Հայաստանից գաղթած 200 հազար ադրբեջանցիները մեր քաղաքացիությունը կընդունեն։ Թուրքիան եւ էլի ուրիշ պետություններ անընդհատ կշահարկեն այդ թեման։ Ինձ թվում է, գոնե այս մասով վտանգը շատ շուտով նոր իշխանությունը կզգա, որ այդպիսի կատակներ չի կարելի անել։ Ինձ նաեւ թվում է, որ երկքաղաքացիության այդ գաղափարն, այնուամենայնիվ, ավելի շատ «դեկլարատիվ» բնույթ կկրի։ Համենայնդեպս, մեր ունեցած հնարավորություններով սկզբունքորեն կաշխատենք, որ այդ գաղափարը չիրագործվի»։ ՀՀՇ վարչության նախագահը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ դեմ է «կոալիցիոն» կառավարության գաղափարին։ Այնուամենայնիվ, եթե այժմ որեւէ ՀՀՇ-ականի արհեստավարժությունը նկատի առնելով՝ նրան պաշտոնի առաջարկ արվի, ի՞նչ դիրքորոշում կունենա կուսակցությունը։ «Պետք է աշխատել, եթե առաջարկեն։ Ես մասնավորապես այսպես եմ ասել մերոնց, որ համաձայնեն, առանց մտածելու, թե ՀՀՇ-ի հետ դա ինչպես կկապվի»,- ի պատասխան ասաց Վանո Սիրադեղյանը, սակայն նաեւ մի շարք առավել ընդհանրական դատողություններ էլ արեց։

«Արհեստավարժության հռչակված սկզբունքից միշտ էլ հիմնականում միջակություններն են օգտվում, որոնք ոչ մի բանի համար հետո պատասխան չեն տալիս։ Տեսեք, որ անցած տարիների նախարարներից գրեթե ոչ մեկը պաշտոնաթողությունից հետո Հայաստանում չի ապրում։ Եվ ոչ ոք նրանց չի ճանաչում՝ ովքե՞ր էին, եկան ի՞նչ արեցին ու հերթով հեռացան։ Էկոնոմիկայի, առողջապահության, առեւտրի նախարարներ են եղել, որոնց անուններն այժմ չեք էլ հիշի։ Բայց եթե քաղաքական գործիչներ լինեին՝ կերեւար, որ այսինչն այս կուսակցությունից եկավ այս բնագավառը կործանեց-գնաց»։ Այստեղ խոսակցությունն էլի ծավալվեց, հիշեցինք, թե քանի կուսակցական նախարար է եղել եւ նրանցից քանիսի պատասխանատվության հարցն է արծարծվել։

Վանո Սիրադեղյանը պնդում էր, որ ՀՀՇ անդամ նախարարները միայն ինքն ու Վազգեն Սարգսյանն են եղել եւ կարգին են աշխատել. «5-6 նախարարի բերեցին ՀՀՇ վարչության անդամ ընտրել տվեցին, բայց նրանք ՀՀՇ-ից չէին»։ Ի դեպ, մեր այն հարցին, թե ինչ կպատասխանի իրեն որեւէ պաշտոնի ենթադրական առաջարկի դեպքում, Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Քննարկելու, մտածելու հարց է՝ նայած ինչ։ Խնդիր չեմ տեսնում։ Չնայած կոալիցիոն կառավարությունն, այնուամենայնիվ, չեմ ընդունում»։ Այնուամենայնիվ, ո՞ւմ էր պաշտպանում ՀՀՇ-ն հարցին էլ Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Բացառվում էր Դեմիրճյանին պաշտպանելը։ Կազմակերպությունը գոնե երկրորդ փուլում հիմնականում Քոչարյանի համար աշխատեց եւ քվեարկեց նրա օգտին՝ որպես ավելի հասկանալի մի մարդու»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ.Գ. Հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե այս նոր հանգամանքներում ինչպես են իրենց դերը պատկերացնում այլ ընդդիմադիրներ եւս՝ ո՞ր հարցերում են անհաշտ ընդդիմություն լինելու, կհամաձայնե՞ն արդյոք պաշտոնի հետ միասին նաեւ պատասխանատվություն ստանձնել եւ այլն։ Սակայն այլ փորձերն առայժմ անհաջող էին։ Դեմիրճյանի շտաբը դադարեցրել է իր գործունեությունը, իսկ ԱԺՄ-ում առայժմ (ըստ այլ թղթակիցների վկայության) գերազանցապես նախընտրում են լռել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930