Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ընտրակաշա՞ռք

Ապրիլ 10,1998 00:00

Կաշառքն, ինչպես հայտնի է, ընդհանրապես առավել դժվար ապացուցելի հանցագործություններից մեկն է։ Գործնականում դա կարող է ապացուցվել միայն այն դեպքում, եթե կաշառք տվողը (կամ վերցնողը) ինքը նախապես հայտնի իրավապահ մարմիններին։ Մնացած դեպքերում կաշառք տվողն, օրինակ, կարող է հայտարարել, որ պարզապես նվեր է տվել ինչ-որ մեկին, քանի որ իրեն դուր է եկել նրա քայլվածքը (կամ կոճակների գույնը)։ Իսկ դա օրենքով չի արգելվում։

Ընտրակաշառք տալը նույնպես դժվար ապացուցելի է։ Օրինակ, երբ որեւէ մեկն ընտրությունների նախօրեին երկու կգ բրինձ է ստանում կամ մեկ լիտր ձեթ, դա ոչ մի կերպ չի կարելի կաշառք համարել. դա ընդամենը բարեգործություն է, եւ եթե ստացողը որոշում է լավության դիմաց լավություն անել, դա արդեն նրա գործն է։ Ասում են (մեղա, մեղա), թե որոշ թաղամասերում բնակիչներին նույնիսկ էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ են բաժանել։ Ճիշտն ասած, անձամբ ես նման անվճար կտրոն ստացած ոչ մեկին չեմ հանդիպել, հետեւաբար չեմ հավատում նողկալի այդ հերյուրանքներին։

Ավելին՝ վստահ եմ, որ եթե նույնիսկ որոշ անպատասխանատու «արջեր» փորձեին նման կտրոններ բաժանել մարդկանց, նրանք կհրաժարվեին՝ Հրանտ Խաչատրյանի պես մաքուր ձեռքերով ընտրությունների գնալու համար։ Եվ այսպես, ընտրությունների առաջին փուլի նախօրեին (մարտի 15-ին) գնացի էլեկտրացանց՝ հոսանքի վարձը վճարելու։ Պարզվեց, որ իմ փոխարեն ինչ-որ մեկն արդեն վճարել եւ ստորագրել է (ինչպես տեսնում եք, ուրիշի փոխարեն ստորագրում են ոչ միայն ընտրացուցակներում)։ Ես, իհարկե, չհամակերպվեցի եւ փորձեցի վճարել, բայց ինձ թույլ չտվեցին, եւ ասացին, որ մի քանի օր անց (այսինքն՝ ընտրություններից հետո) կզանգեն։ Մի քանի օր անց չզանգեցին (ընտրությունները տեղափոխվել էին երկրորդ փուլ)։

«Թյուրիմացությունը» պարզելու համար 15 օրը չէր բավականացրել։ Միայն երկրորդ փուլից մի քանի օր անց տեղեկացա, որ, այնուամենայնիվ, պետք է վճարեմ ե՛ւ նախորդ ամսվա համար, ե՛ւ այս։ Հետո տեղեկացա, որ նման «թյուրիմացություններ» շատերի հետ է կատարվել։ Խորհրդային տարիների հայտնի անեկդոտում զինվորը «լեւի» գնացած ընկերոջը հարցնում է. «Հը, լա՞վ կնիկ էր»։ «Լավ, պինդ կնիկ էր,- պատասխանում է,- հետո ռուբլիանոցս մի կերպ հետ խլեցի»։ Հետաքրքիր է, քանի՞ անգամ կարելի է նույն ռուբլիանոցով «լեւի գնալ»։

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930