Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանը «դավաճանեց» հեղափոխությանը

Ապրիլ 09,1998 00:00
Agasi Enoqyan

Հանապազօրյա հացի փնտրտուքն այժմ բթացնում է ժամանակի ընթացքի դիսկրետությունը, եւ Պարույր Հայրիկjանի Ղ.Լ.Կ.-ն էր, որ մեզ կրկին հիշեցրեց պահի կարեւորությունը: Վերջին ընտրություններն իսկապես կարող էին շրջադարձային պահ դառնալ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, սակայն վերջին տասնամյակի գերիշխող մեթոդաբանությունը՝ ճարպկամտությունը, այժմ էլ թույլ չտվեց քանդել արդեն խեղդող արատավոր օղակը:

Իսկ մեզ պե՞տք է հեղափոխություն

Արդեն երկար ժամանակ է, ինչ Շարժման մեջ ենք: Այս ընթացքում ստացվեց մեր անկախությունը, Ղարաբաղի ինքնորոշումը, Եռագույնը, սեփականաշնորհումը, կլանային տնտեսությունը, անօրինական ընտրություններ եւ այլն: Հեղափոխությունը ցանկացած ազգի ազգաստեղծման անխուսափելի փուլն է, որը մարդկանց այս համույթի ձեւով է վերասահմանում բնական իրավունքները (մարդն ի ծնե ազատ է, նա լավագույնս իրականացնում է իր ազատությունը հավասարների խմբում՝ ազգում, որի քաղաքական կազմակերպման լավագույն ձեւը ազգային պետությունն է): Այնուհետեւ ազգերի մի մասը՝ որոնք դեռ չեն կորցրել ինքնակազմակերպման ունակությունը, վեր են ածվում քաղաքացիների քաղաքակրթության, իսկ մյուսները շարունակում են իրենց հեղափոխությունը, որը ներմուծելով նոր սահմանումները, արդեն գնում է դրանց բացարձականացման, իր տակ ճզմելով իր ցողունը՝ աստվածատուր բնական իրավունքները:

Մեր նման փոքրիկ երկրի համար հեղափոխությունը շատ ձգվեց: Մասիսի թունավորումների բլեֆը դարձավ Համբարձում Գալստյանի սպանություն ու Բուդոյի ջիպի գնդակոծում՝ ամեն մեկը մի-մի նոր հեղաշրջման շեփորականչ: Փոքրիկ խաբեությունները գնալով դարձան ոչ լրիվ օրինական նախագահ ու խորհրդարան, եւ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի ամեն մեծ ու փոքր ավատատեր իր կալվածքի՝ «ժողովրդի» կոչված պետության իր հատվածի նկատմամբ, բացարձակ իշխանություն ունի: Թաղի ու պետության հեղինակությունները ստեղծում են մի նոր պուգաչովշչինա: Այլեւս ամեն մեկը ցանկացած օրենք մեկնաբանում է ըստ իր կամքի (դասական ֆեոդում գոնե գիտեին Պատվիրանների անխախտելիությունը):

Այս սողացող հեղափոխականությանը օրենսդրությամբ չես հաղթի: Անհրաժեշտ էր ցնցում՝ վեհանձն ղեկավար, ժողովրդական ընդվզում եւ այլն, որը տնտեսական, քրեական եւ քաղաքացիական հարաբերությունների կարգավորման հիմքը կդարձներ օրենքը:

Դեմիրճյանի համագործակցությունը ՀՀՇ-ի հետ

Ակնհայտ է, որ նոր նախագահի օրինականության նկատմամբ կասկածները ձեռնտու են մի շարք ուժերի, առաջին հերթին՝ նախկին նախագահին, որին, երբ իրագործվեն մի շարք կնճռոտ հարցեր, դեռ ազգովին պետք է խնդրենք վերադառնալ: Կարելի է նկատել դավադրությունների մի շարք, որը ծառայում է այս նպատակին՝ սկսած Սահմանադրությամբ փոխնախագահի պաշտոնի վերացումից ու 10-ամյա ցենզի ընդունումից մինչեւ տեղական ընտրական հանձնաժողովների կազմման սկզբունքները եւ Ժիրայր Լիպարիտյանի մեկնումը:

Դեմիրճյանի դերն այս «դավադրության» մեջ պարզ էր. հայտնվում է ժողովրդականություն վայելող նախագահի մի թեկնածու, որն անպատճառ ավելի շատ ձայներ կհավաքի, քան Քոչարյանի ցանկացած հակառակորդ: Միաժամանակ, գործող ընտրակարգը անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում, որ իշխանության մոտ գտնվող ուժը ամենաշատ քվեներ ստանա: Հայաստանում վաղուց արդեն քաղաքական գործիչների մի ստվար զանգված այդպիսին են համարվում լոկ այն պատճառով, որ տիրապետում են քվեների հետ մանիպուլյացիաներին: Այս համակարգում պայքարելու հնարավորություն կարող են ունենալ միայն խիստ սահմանափակ թվով մարդիկ՝ մշտապես հավատարմագրված նախագահության թեկնածուները, օր.՝ Վ.Մանուկյանը, Պ.Հայրիկյանը:

Դեմիրճյանի պարտությունը համակարգի սահմաններում անխուսափելի էր, եւ նա ընտրությունների անօրինականության վերաբերյալ մի քանի հայտարարություններից հետո (որոնք ավելի խորացրին իշխող ուժի անօրինականության մասին պատկերը), ըստ «դավադիր պայմանավորվածության», հեռացավ ընտրապայքարից: Սակայն առավել տրամաբանական է այս ամենի բացատրությունը փնտրել ոչ թե նախնական պայմանավորվածություններով ու կոնսպիրոլոգիայի ճահճուտներում խրվելով, ինչը տանում է դեպի մասոնականության համաշխարհային հաղթանակի կանխավարկած, այլ այն անխուսափելի օրենքներով, որոնք պարտադրում են իրավիճակները: Դեմիրճյանի առաջադրումը բնական էր, քանի որ երկար ժամանակ ակտիվ քաղաքական կյանքից հեռացած ադմինիստրատորը, տեսնելով, որ նորերը ոչ մի թարմ գաղափարական, քաղաքական ու տնտեսական այլընտրանք չեն առաջադրում (բացի կոմպյուտերից, անգլերենից ու բասկետբոլից) մի տասը տարի առաջ շրջանառության մեջ եղածներին, պետք է հավակներ իր տեղի վերականգնմանը, մանավանդ, որ տասը տարի առաջ նա շատ լավ էր տիրապետում եղած մեխանիզմներին: Բնական էր նաեւ նրա պարտությունը, քանի որ տրիումվիրատը հրաժարական էր պահանջել, անօրինաբար առաջադրվել էր, դաշնակներ էր բաց թողել ոչ նրա համար, որ իշխանությունը զիջի ուրիշին:

Արատավոր ընտրակարգի անընդհատ ընթացքը կասեցնելու համար մնում էր ժողովրդական զանգվածներին դիմելու՝ անցած ընտրությունների ժամանակ անփառունակ ավարտ ունեցած փորձը, որը Դեմիրճյանը հաստատապես չէր ձեռնարկի: Պնդումներ կան, որ նա չէր դիմի այս գործելաձեւին իր շրջապատի, ֆինանսավորողների, խորհրդատուների եւ այլոց պահանջով, որոնք, ի տարբերություն ընտրությունների մյուս լիդերների, ունեին կորցնելու բան (բացի շղթաներից): Սակայն առավել հավանական է, որ Դեմիրճյանը չդիմեց զանգվածներին, քանի որ իր մտածելակերպն ու քաղաքական իմիջը հեղափոխական չէին: Իսկ 1998-ի ընտրությունները նշանակալիորեն կրկնում էին 1996-ի առանձնահատկությունները՝ որքան էլ Ռ. Քոչարյանի թիմը փորձեր ձերբազատվել նախորդող իրողություններից, պայքար էր գնում իշխող իշխանության եւ դժգոհների միջեւ: Այս երկբեւեռ մտածելակերպում երկրորդ փուլից հետո իրենն առաջ տանելու շանս ուներ դժգոհներին (իսկ անուրախ իրականութույնը հաստատում է, որ սրանք հաստատապես գերակշռում են գոհերին) համախմբող այն երկրորդ թեկնածուն, որը չէր սահմանափակվի սահմանադրական եղանակներով, այլ դժգոհներին կոչ կաներ մինչեւ վերջ պաշտպանել իրենց թեկնածուին:

Արդեն 1996-ին փորձարկված այդ գործելակերպը 98-ին հաջողության նշանակալի պոտենցիալ ուներ, քանի որ նոր ռեժիմի հիմնական խաղաթուղթը նացիոնալ-սոցիալիզմն էր ու նա, թերեւս, չէր հանդգնի գնալ համազգային ընդվզման դեմ: Խոսակցություններն այն մասին, թե պրն. Դեմիրճյանը նոր քաղաքական ուժ կգլխավորի, անպտուղ են թվում, որովհետեւ նրան անծանոթ են խաղի իրական կանոնները եւ ներկա հարմարվողականության դեպքում այդ ուժը կվերածվի Հայրիկյանի կուսակցության նման մի բանի:

Ի դեպ, սա նույնպես կարող է մտնել Տեր-Պետրոսյանի սցենարի մեջ:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930